close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր զենքը հին է, ավելի հին, քան Ադրբեջանը

Թեմա

11 Ապրիլի 2016, 15:12
 Մեր զենքը հին է, ավելի հին, քան Ադրբեջանը

Կալաշնիկովը վերջերս մահացավ: Բայց նա այն մարդկանցից է, որոնք հավերժ կմնան պատմության մեջ եւ պատմություն կերտելիս: Բանն այն է, որ Միխայիլ Տիմոֆեեւիչը մարդկությանը տվել է մի բան, ինչը, փաստորեն, ամենաշատն է պետք գալիս նույն այդ մարդկությանը: Խոսքը, հասկանալի է, սիրո մասին չէ, տեխնիկական գիտությունների դոկտորը հազիվ թե սիրո նոր տեսություն հորիներ կամ ծաղիկների նոր տեսակ, խոսքը ԱԿ-ի կամ Կալաշնիկովի ավտոմատի մասին է:

Պետք է նշել, որ Կալաշնիկովի ավտոմատը բավական հին զենք է, դեռեւս 1948-ին այս զինատեսակը մտավ սովետական բանակի զինանոց: Բայց հասկանալի է, որ այսօրվա ԱԿ-ների և 1949-ի սովետական բանակի ավտոմատների միայն անունն է նույնը: Իսկ այօրվա ԱԿ-ները ԱԿ-74-երն են: ԱԿ-74-ի մասին բոլորս ենք լսել, շատերն անգամ գիտեն, թե դա ինչ է, ոմանք անգամ բռնել եւ գործածել են գոնե մեկ անգամ, բայց, արի եւ տես, որ քչերը գիտեն` եթե ԱԿ-ն Կալաշնիկովի ավտոմատն է, բա 74-ն ի՞նչ է: 74-ը, իսկ ավելի ճիշտ՝ 1974-ը այն թվականն է, երբ արտադրված ԱԿ-ները միջազգային ռազմարդյունաբերության մեջ այսօր էլ համարվում են ժամանակակից զենք: Այսինքն` եթե բանակդ ունի ԱԿ-74, ուրեմն ունի ժամանակակից զենք: Այլ հարց է, եթե բանակդ միայն ԱԿ-74 ունի, բանակդ որքանո՞վ է ժամանակակից:

Իմ կարծիքով` բանակի ժամանակակից լինելը միայն ժամանակակից զինանոցով չէ պայմանավորված: Օրինակ` Շվեդիան ո'չ Տոս-1 ունի, ո'չ իսրայելական անօդաչու թռչող սարքեր, ո'չ «Սմերչ», բայց շվեդական բանակը համարվում է ժամանակակից բանակ: Հետեւաբար` կա'մ հիշյալ զինատեսակներն ամենեւին էլ ժամանակակից չեն, կա'մ զինատեսակները չեն որոշում բանակի ժամանակակից լինելը: Այն, իմ կարծիքով, որոշում են ենթակառուցվածքները, առանձին ստորաբաժանումներում, ենթադրենք, հիգիենայի իրավիճակը եւ սանիտարական հարցերին կարեւորություն տալու մակարդակը. բաղնիք գնալու ոչ թե հնարավորությունը, այլ հաճախականությունը, զինվորական ճաշացանկում ներառված ուտելիքի բազմազանությունն ու օգտակարությունը, զինվորների հետ տարվող ոչ միայն ֆիզիկական, մարտավարական եւ կրակային պարապմունքները, այլեւ տեսական, ռազմագիտական դասընթացների անցկացումը: Եվ ամենակարեւորը` զինվորին կրթելը՝ բոլոր իմաստներով, նրան ոչ թե կրակող սուբյեկտ դարձնելն է, այլ կողմնորոշելը, թե ում վրա, երբ պետք է կրակել կամ արժե՞, արդյոք, կրակել: Այս ամենի առկայությունը /եւ ոչ միայն այս ամենի/, իմ կարծիքով, կոչվում է ժամանակակից բանակ, եւ երբ որեւէ բանակում այս ամենը կա, բայց զինանոցում 80-ականների զենք է, ապա, միեւնույն է, այդ բանակը ժամանակակից է:

Մերը, իհարկե, ժամանակակից չէ: Հայրենասեր է, ամենահայրենասերն է, ուժեղ է, ամենաուժեղն է, անվախ է, վախեցնող է, հաղթանակած է, աննահանջ է, ամենակայացածն է, բայց ժամանակակից չէ, հին է, ավելի հին, քան Ադրբեջանն է:

Իհարկե, պատերազմական ժամանակահատվածում, ակտիվ կամ պասիվ պատերազմող բանակում կարող են եւ անտեսվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են շաբաթը մի քանի անգամ բաղնիք գնալը կամ շաբաթը երեք անգամ /սեզոնին/ պոմիդոր ուտելը: Բանն այն է, որ երբ քեզ վրա կրակում են, կարեւոր չէ, թե վերջին անգամ երբ ես լողացել կամ պոմիդոր կերել, կարեւորը կրակել իմանալն է եւ զենք ունենալը, ու այս հարցը մեր բանակում լուծում են, լուծում են հիմնականում ԱԿ-74-երով: Ի դեպ, ԱԿ-74-ը 80-ականների զենք չէ, ավելի հին է, ավելի հին, քան Ադրբեջանը:

Իսկ չի՞ խանգարում մեզ մեր հնությունը, նկատի չունեմ բանակի հնությունը, ոչ էլ զենքի, նկատի ունեմ վերաբերմունքի, ընկալման: Մենք մինչեւ այսօր եւ այսօր էլ վստահ ենք, որ մեզ հաղթել չի կարելի, անգամ` ամենաժամանակակից զենքով, քանի որ մեր ազգային ոգին, մեր ռազմահայրենասիրությունը… Այս կերպ մտածելը մեզ չի՞ խանգարում: Չէ՞ որ սա վստահություն է տալիս, որ զենքը կապ չունի, կարեւորն դուխն է, դուխն էլ տեղն է: Ու քանի որ դուխ ունենք, զենքը կարող է եւ հինը մնալ: Բայց չէ՞ որ տղերքը բանակ են գնում` արդեն այդ Ոգին կրելով, այսինքն` բանակում չէ, որ նրանք դուխով են դառնում, նրանք արդեն դուխով են այնտեղ մեկնում: Ուրեմն ի՞նչ է տալիս մեր տղերքին մեր բանակը: Զե՞նք, 80-ականների՞, հի՞ն: Ու մեր զենքը հին է, ավելի հին, քան Ադրբեջանը, պարզապես բարդ է ասել, թե սա ո՞ւմ համար է ավելի վատ:

Իմ կարծիքով` քանի դեռ տվյալ զենքով կարելի է սպանել, տվյալ զենքը հին չէ: Մեր զենքը հին չէ: Մեր բանակն է հին, բանակին մեր վերաբերմունքն է հին, մենք ենք հին, քանի որ կարծում ենք, թե մեր տղերքին դուխ պետք է տանք, մինչդեռ այդ դուխը նրանք արդեն ունեն, ի ծնե ունեն, գենետիկորեն ունեն, բայց միայն դուխ ունեն, սա ամենակարեւորն է, բայց միայն սա եւ միայն սրանով բավարարվելը հին վերաբերմունք-ընկալում է, ավելի հին, քան Ադրբեջանը:

Հովիկ Աֆյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica