close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր տղերքը

Հարթակ

9 Ապրիլի 2016, 12:25
 Մեր տղերքը

Ավտոբուսը, որով գալիս եմ աշխատանքի, Կենտրոնական զինվորական հոսպիտալի կողքով է անցնում: Հոսպիտալի մոտ ավտոբուսը կանգառ չունի, բայց այս անգամ կանգնեց. հոսպիտալի պահակակետի տղաները կանգնեցրին այն ու մի կնոջ ուղեկցեցին մինչև ավտոբուս:

Կինը քնատ էր, բայց` ոչ տխուր, ուրախ էլ չէր: Պահակակետի աշխատակիցների աչքերում առկա հարգանքը կնոջ հանդեպ միանգամից հուշում էր` կինը զինվորի հարազատ է: Յուրաքանչյուրս իր կողքինին էր նայում. ոչ ոք չէր հանդգնում առաջինը կնոջն ինչ-որ բան հարցնել: Բախտներս բերեց` կնոջը զանգ եկավ: Անգամ վարորդը ռադիոն անջատեց, ու բոլորս, ականջ դարձած, լսում էինք կնոջը, ով ասում էր, որ բժիշկները հավաստիացնում են` տղան շուտ ոտքի կկանգնի:

Էլի բախտներս բերեց. տղամարդկանցից մեկը, ով արդեն պետք է իջներ, կնոջը հարցրեց.

-Կներեք, զինվոր ունե՞ք հոսպիտալում:

-Ըհը, հա:

-Կիջնեք, ստացած է Ձեր տեղը: Կիջնեք, խնդրում եմ, ես ձեր տղու ցավը տանեմ, ձեր ցավն էլ տանեմ ու իմացեք, որ… ,- հուզմունքից խոսքը կիսատ թողեց տղամարդը /ձայնն արդեն դողում էր/ ու արագ իջավ ավտոբուսից:

Կինը մի պահ չհասկացավ` ինչ էր կատարվել, հետո ուզում էր տղամարդուն շնորհակալություն հայտնել, բայց տղամարդն արդեն իջել էր:

Սկսվեց հարցերի տարափը.

-Ո՞վ է Ձեր տղան, ի՞նչ վնասվածք ունի, որտե՞ղ է ծառայում: Շա՞տ վիրավորներ կան հիվանդանոցում, ո՞նց են իրենց զգում, ինչի՞ կարիք ունեն…

Կինը պատմեց, որ տղան` Տիգրան Հարությունյանը, Մատաղիսում է վիրավորվել` ոտքն է վնասվել, բայց բժիշկներն ասում են` արդեն լավ է իրեն զգում, ամեն ինչ նախատեսվածի պես է առաջ գնում:

-Հավատում եմ բժիշկներին, վստահ եմ` ինձ մխիթարելու համար չեն ասում,- ասաց կինը:

Կնոջը հարցրի, թե ո՞ր հարկում է տղան պառկած, ասաց` 5-րդ: Հիշողությունս լարեցի. ախր հենց 5-րդ հարկում եմ եղել, ուզում էի հիշել տղային:

-Լրագրո՞ղ ես,- հարցրեց կինը:

Սկսվեց հարցերի տարափ` ուղղված ինձ.

- Տղաս շուտ ոտքի կկանգնի, չէ՞: Հեռուստացույցով վիրավորների ու զոհերի ճի՞շտ տվյալներ են հաղորդում: Դու Ղարաբաղ էլ գնացած կլինես, վիճակը ո՞նց է այնտեղ, Ստեփանակերտում հո խուճապ չկա՞: Զինվորներն ինչի՞ կարիք ունեն: Կարո՞ղ ենք վիրավորներին տեսության գնալ ու մի քիչ քաղցր տանել: Ե՞րբ է վերջանալու էս ամենը, մենք ոնց որ պետքն է պատասխան տալի՞ս ենք հակառակորդին…

Հարցերին չէի հասցնում նորմալ պատասխանել, բայց հարցը տվողների դեմքի արտահայտությունից հասկանում էի` գոհ էին մնում. պատասխաններս հուսադրող էին, ու հավատում էին կամ ուզում էին հավատալ լսածին:

Միայն կողքիս կինն էր լուռ այդ ընթացքում, միայն վերջում հարցրեց.

-Տղաս «Եղնիկներ» է ծառայում, էդ կողմերից ի՞նչ լուր կա: 7 օր է` տղայիցս լուր չունենք:

Ու սկսեց լացել: Շատերը սկսեցին լացել, մի տղամարդ իջավ` ջուր բերեց, վարորդն աջ քաշել` կանգնել էր: Կինը հանգստացավ, գիտի` «Եղնիկներ»-ում համեմատաբար խաղաղ է, իսկ դիրքերում կապ չկա.

-Գիտեմ, որ ողջ ու առողջ է, մի քանի օրից կիջնի զորամաս… Գիտեմ, որ դիրքերում կապ չկա, դրա համար էլ չի զանգում… Գիտեմ, որ լավ է լինելու, բայց ուզում եմ դուք էլ կողքից ասեք, որ այդպես է,- ասում էր կինը:

Բոլոր լացողները սկսեցին ծիծաղել, հետո` նախատել, թե` «տնաշե'ն, լեղաճաք արեցիր»:

***

-Հըն, հիմա կարո՞ղ եմ քշել,- հարցրեց վարորդը:

-Ըհը, բայց ուղիղ սահման,- ծիծաղով պատասխանեց կանանցից մեկը:

***

-Առողջություն Ձեր տղային,- իջնելիս ասացի վիրավոր զինծառայողի մորը:

Կինն ուզում էր շնորհակալություն հայտնել, բայց տղամարդկանցից մեկն առաջ ընկավ.

-Էլի առողջություն, բալե'ս, բայց նա մենակ նրա տղան չի, մեր տղան է` բոլորինս: 

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica