close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպասեք զինվորներին

Հարթակ

5 Ապրիլի 2016, 17:40
 Սպասեք զինվորներին

Կեսգիշերն անց է: Ստեփանակերտի հրապարակում` Մշակույթի պալատի դիմաց, հարյուրավոր կամավորներ են հավաքված: Բոլորը սպասում են. սպասում են, որ իրենց կհերթագրեն, հերթագրվածները սպասում են, որ իրենց անունը հնչի և տեղեկացնեն, որ ավտոբուս նստեն, ավտոբուսում նստածները սպասում են` ուղղությունը պարզ լինի, գնան հագուստ և զենք ստանալու ու… ուղիղ` ճակատ:

Հավաքվածները սպասումը փորձում են ինչ-որ կերպ լցնել, կռվում արդեն իսկ եղածները «խոխմա»-ներ են հիշում կռվի ամենաթեժ օրերից, ավելի երիտասարդներն էլ ծիծաղով պատմում են, թե կռվից եկածներն ամիսներ անց էլ դեռ ոնց էին կեսգիշերին տագնապով արթնանում, ու ձեռքն ինքնաբերաբար զենք էր սկսում փնտրել:

Հարյուրավոր կամավորներ են հավաքված, որոնց ընտանիքի անդամների մեծ մասը չգիտի էլ` տղան կամ ամուսինը ժամեր անց ճակատ է մեկնելու, իսկ ովքեր գիտեն, արտասովոր ոչինչ չեն տեսնում դրա մեջ, ավելին` կանայք իրենց բան ու գործին են անցել` սպասումով:

Հարյուրավոր տղամարդկանց մեջ մի քանի կանայք կան. կա'մ նրանք են, որոնք հղի են, ու ամուսինները չեն կարողացել համոզել, թե` «ամոթ է, տանը մնա, կնիկ արմատ ես, գալիս ես` ի՞նչ անես», կա'մ էլ` տարիքով շատ մեծ մայրերը, որոնց անգամ չեն էլ փորձել համոզել: Տղամարդիկ թարս-թարս են նայում ինձ` ո՛չ հղի եմ, ո՛չ ծեր, որևէ մեկին չեմ ճանապարհում, բայց այս ժամին հրապարակում նստած եմ:

Հարյուրավոր կամավորներ են հավաքված դեռ կեսօրից: Սպասումն անտանելի է դառնում, ուզում են ժամ առաջ շուտ տեղ հասնել, վստահ են` կարևոր ինչ-որ բան է կատարվում սահմանին, կարևոր ինչ-որ բանից ուշանում են ու գնացողների հետևից ծիծաղով բացականչում են.«Տարոսը մեզ»:

Արդեն քանի ժամ է` հրապարակում զրույցն ու ծիծաղը վերածվել են աղմուկի, որի միջից երբեմն-երբեմն տղերքից մեկի խռպոտ ծիծաղն է լսվում: Երկու տղամարդ, առանձին կանգնած, ծխում են: Ժամեր առաջ, երբ կամավորների առաջին ավտոբուսը մեկնեց, նրանք կանգնած ծխում էին, հետո խմբով կամավորներ եկան` արդեն իսկ զինվորական հագուստով, նրանք կանգնած ծխում էին, հետո չեմ հիշում` որերորդ ավտոբուսը դռդռաց-դռդռաց, բայց տեղից չշարժվեց` շարժիչը «խփել» էր: Դրսում հավաքվածներն ասացին. «Տղե'րք, նշան է, դուք այսօր մի' գնացեք սահման»: Բայց ավտոբուսում նստածները շտապեցին արձագանքել. «Նախանձից եք ասում, որ ձեզնից շուտ ենք գնում»: Այս ընթացքում էլ երկու տղամարդ, բոլորից առանձնացած, ծխում էին:

Հայր ու տղա են: Հայրը` Աղասին, Արցախյան ազատամարտին մասնակցած, ոտքը վնասած ու դրա հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, իսկ տղան` Տիգրանը, ամիսներ առաջ էր «Եղնիկներ»-ում ծառայությունն ավարտել ու տուն վերադարձել: Երկուսն էլ կամավոր են: Հայրը չէր ուզում, որ տղան մեկնի, բայց չէր ուզում այդ մասին բարձրաձայնել, չէր հանդգնում: Տղան էլ չէր ուզում, որ հայրը մեկնի, բայց նա էլ լուռ էր: Երկուսն էլ գիտեին իրար լռության պատճառը: Տղան հորից ծածուկ էր հրապարակ եկել, հայրը` տղայից, եկել` հրապարակում են իրար տեսել:

Մայրը տարիներ առաջ էր մահացել, տանն ուրիշ ոչ ոք չունեն: Աղասի հայրիկն ասաց` լույսը միացրած է թողել. «Մեկ է, մի քանի օրից հետ ենք վերադառնալու, համ էլ վստահ էի` տղաս արդեն այստեղ է, իսկ տանը միշտ պետք է սպասող լինի. գոնե լույսով տուն կմտնենք»:

Տիգրանին հարցնում եմ, թե սիրած աղջիկ ունի՞, բայց Աղասի հայրիկը միջամտում է. «Ուր է` ունենար, թամբալ է, թամբալ: Ամբողջ օրն էդ եմ ասում, բայց տեղից չի շարժվում: Հիմա տանը մարդ կլիներ»: Աղասի հայրիկը պատմում է, որ տղան մեդալով է վերադարձել ծառայությունից` մարտական ծառայությունը լավ կատարելու համար. «Հոր տղան է, է՜»:

- Ոնց տեսնում եմ` հորս հետ լավ լեզու ես գտնում, արի` իմ սիրած աղջիկը դարձի, հա'մ հորս նախատինքն ամեն օր չեմ լսի, հա'մ էլ ինձ համար այդպես ավելի հեշտ կլինի. երբ գիտես, որ մեկը սպասում է քեզ, այն էլ` աղջիկ, դուխդ տեղն է լինում, մի տեսակ առյուծ ես կտրում: Սիրածս աղջիկը եղիր, թեկուզ` ոչ իսկական, այսինքն` էն Իգդիրի նման թիթիզ բառ կար, է /նկատի ունի ֆիկտիվը/, թեկուզ այդպես, -ծիծաղով ասում է մինչ այդ անունն անգամ ինձ չասած Տիգրանը:

Ես ու Աղասի հայրիկն էլ ծիծաղից խեղդվում ենք, բայց Աղասի հայրիկն ավելացնում է.

-Ա'յ տղա, շատ էգոիստ դուրս եկար. ես շահում եմ, դու շահում ես, բա էս աղջկա քյարը ո՞րն է` սպասո՞ւմը:

-Է, Աղասի' հայրիկ, արդեն սկեսրայրություն եք անում` մեր հարաբերություններին խառնվում, Տիգրանը մի բան գիտի, որ ասում է,-արագ-արագ ասում եմ: Հայր ու տղա մի պահ վախեցած ինձ են նայում, հետո հասկանում` հումոր էր, շունչ են քաշում:

Տիգրանին խաղը դուր է եկել, հոր հոգու հետ է խաղում.

-Պա'պ, բայց լուրջ եմ ասում` ինչ վատ կլինի ո՞ր… Տես` մազերը իսկական են, հոնքերը` իսկական, քիթն ու մռութը` իսկական… Ասող-խոսող է, ինձնից մի գլուխ ցածր: Հավատացած եմ` իրար լավ կհասկանանք:

-Իրար լավ կհասկանաք, հա՞: Հիմա արագ-արագ մեր բարբառով խոսեմ, տեսնեմ մի բառ կհասկանա՞,- ասում է Աղասի հայրիկն ու ինչ-որ բան ասում, որից միայն նախադասության վերջին «հը՞»-ն եմ հասկանում:

-Չեղավ, Աղասի' հայրիկ, թե չէ` Դուք գիտեք` ինչ է նշանակում ինքնիկ, զգլխիչ, ազնվայր, սրտառուչ, սղաճ բառերը,- ասում եմ այդ պահին մտքիս եկած բառերն ու Աղասի հայրիկի զարմացած դեմքին նայում: Ծիծաղում է, հետո գրկում, համբուրում ու թե. «Բայց դու յամանն ես, հա՜: Հիմա ի՞նչ, համաձա՞յն ես»:

-Տեր եմ: Հնազանդ եմ: Համաձայն եմ, համաձայն: Ավելին` ճաշ կպատրաստեմ, տունը կարգի կբերեմ ու ձեզ կսպասեմ` մինչև վերադառնաք,- ասում եմ ու հանկարծ հասկանում, որ գնալու թեմայից երկուսն էլ կտրվել են. նորից սկսում են ծխել:

Նրանց անուններն են կարդում, տարբեր ավտոբուսներ պետք է նստեն: Հայրն է խնդրել` տարբեր զորամասեր ուղարկեն, ասում է. «Միասին իրար կխանգարեինք»: Իրար գրկում են, լուռ են:

-Բա հիմա քեզ հետ ի՞նչ անենք,- ասում է Աղասի հայրիկն ու նայում ինձ:

Պայուսակիս միջից նոթատետրս եմ հանում, գրում հեռախոսիս համարն ու տալիս Տիգրանին.

-Երբ հարմար լինի, զանգիր ու ասա` դու ու հայրիկը լավ եք, ամեն ինչ նորմալ է ձեզ հետ: Գալուց մեկ օր առաջ էլ կզանգես, որ համով մի բան սարքեմ, այսինքն` համովը չեմ խոստանում, բայց հաստատ տաք կլինի…

***

Տիգրանն այսօր զանգեց` ինքը Մատաղիսում է, հայրը` Թալիշում, երկուսն էլ լավ են, ու, առհասարակ, տղերքը լավ են… Կարևորը` նրանց սպասող կա:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica