close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը չի երկնչելու մտնել պատերազմի մեջ

Թեմա

4 Ապրիլի 2016, 19:50
 Հայաստանը չի երկնչելու մտնել պատերազմի մեջ

ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպումը և նրանց հղված ուղերձները ոչ միայն գնահատականներ են պարունակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին ապրիլի 1-ից ստեղծված իրադրության վերաբերյալ, այլև բացահայտում են հիմնահարցի կարգավորման առումով հայկական կողմի դիրքորոշումների էական փոփոխությունները։

Առաջին կարևոր ուղերձը միջազգային հանրությանն ուղղված` նկատելիորեն կոշտ մեղադրանքն էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և բանակցային գործընթացից փաստացի միակողմանի հրաժարվելու իրողության հանդեպ մինչև այսօր անտարբերություն ցուցաբերելու համար։ Ելնելով նրանից, որ պաշտոնական Բաքուն արդեն խոստովանել է, որ ինքն է նախահարձակ եղել, նախագահը պահանջեց դրա համար բացատրություններ պահանջել Բաքվից։ Բայց լոկալ պատերազմի ընթացքի պարագայում դա արդեն գրեթե եղանակ չի ստեղծում, բոլորը հստակ գիտեն, որ այս արկածախնդիր քայլի նախաձեռնողը Ադրբեջանն է։ Երկրորդ՝ հետագա ցանկացած գործընթաց կառուցվելու է ոչ թե 1994թ․ հրադադարի, այլ 2016թ․ ապրիլի 1-ին վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքներով։

Ռազմական գործողությունների հանդեպ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների փաստացի կրավորական մոտեցումը և կրակը դադարեցնելու՝ երկու կողմերին ուղղված նրանց հերթապահ հայտարարությունները ցույց են տալիս, որ մեծ հաշվով ոչ թե իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու, այլ ռազմական գործողությունների արդյունքում կողմերից որևէ մեկի տակտիկական պարտությունը բանակցությունների նոր մեկնարկ դարձնելու նպատակ ունեն։ Այսինքն` առաջնորդվում են այն սկզբունքով, որ ստատուս քվոյի որոշակի փոփոխությունը` անկախ նրանից՝ կողմերից որի օգտին կլինի, դարձնել բանակցությունները վերսկսելու նոր մեկնակետ։   

Երկրորդ ուղերձն այն էր, որ եթե միջազգային հանրությունը որևէ քայլ չձեռնարկի Ալիևին ուշքի բերելու համար, ապա Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը և անմիջականորեն մտնելու է պատերազմի մեջ ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դա ոչ միայն նշանակում է դուրս գալ բանակցություններից և սկսել լայնածավալ պատերազմ ԼՂ-ի համար, այլև նախադրյալներ ստեղծել դրանում տարածաշրջանային երկրների ներքաշման համար, այսինքն` պատերազմին առնվազն տարածաշրջանային մասշտաբներ հաղորդել։ Ընդ որում՝ նախագահը հասկացրեց, որ սա արդեն գործողության մեջ գտնվող քաղաքականություն է, քանի որ արդեն ԱԳՆ-ին հրահանգել է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր մշակել, իսկ նման պայմանագրի ստորագրումը փաստացի ԼՂՀ-ն ճանաչելու իրավական քայլ է։ 

Երրորդ՝ Սերժ Սարգսյանը հասկանալի դարձրեց, որ, անկախ վերասանձազերծված պատերազմի ելքից, սա արդեն նոր ստատուս քվո է, և հիմնահարցի լուծումը պետք է նոր էջից սկսվի, որտեղ Ադրբեջանը պետք է ոչ թե Հայաստանի հետ բանակցություններ վարի, այլ Ստեփանակերտի։ Այսինքն` արդեն հիմա, կտրուկ փոխելով կուրսը, Հայաստանը դնում է կարգավորման հետագա հնարավոր բանակցություններում թե' ԼՂՀ-ի պարտադիր ներգրավման և թե' ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պահանջը։

Պարզ է, սակայն, որ միայն այդ մասին հայտարարությունը բավարար լինել չի կարող։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ հատկապես Բաքուն դրան կհամաձայնեն միայն հարկադրաբար՝ հայկական բանակի այնպիսի առաջխաղացման, ռազմաճակատում ուժերի այնպիսի նոր դասավորություն սահմանելու պայմաններում, երբ Բաքուն ստիպված կլինի կա'մ հայկական կողմին խնդրել կանգ առնել, կա'մ, որպես միջանկյալ լուծում, սկսել բանակցությունները։ Մինչև այդ հարցը ռազմաճակատում հայկական բանակը չլուծի, թե' բանակցություններում ԼՂՀ-ի ներգրավման և թե' առաջնահերթորեն ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման ուղղությամբ որևէ տեղաշարժ սպասել չի կարելի։

Չորրորդ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են ռազմական գործողությունների դադարեցմանը, 1994թ. զինադադարի ռեժիմին վերադառնալուն և բոլոր զորամիավորումների՝ մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները վերադառնալուն։ Առաջին հայացքից թվում է, թե սա նահանջողական ուղերձ է և հակադրվում է նոր ստատուս քվո հաստատելու` նրա վերոնշյալ ուղերձի էությանը։ Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ նախագահն այս առաջարկն անում է հայկական զինված ուժերի առաջխաղացման պայմաններում:

Թե' 1994թ․ զինադադարի պայմանագրին վերադառնալու պատրաստակամության դրսևորումը և թե' հակառակորդի ձեռքում դեռևս ԼՂՀ մոտ 200 քմ  տարածք լինելու մասին տեղեկացումը, թերևս, պետք է դիտարկել միայն հիբրիդային պատերազմի դիվանագիտական գործիքի համատեքստում՝ որպես միջազգային հանրությանը հայկական կողմի խաղաղասիրությունը, կրակի դադարեցման կողմնակիցը լինելու հանգամանքը ներկայացնելու միջոց։ Այլ կերպ ասած՝ սա կարող է դիվանագիտական-քարոզչական քայլ լինել՝ չեզոքացնելու համար նախօրեին Բաքվից արված այն անհիմն և կեղծ հայտարարության էֆեկտը, թե Ադրբեջանը միակողմանի դադարեցնում է ռազմական գործողությունները և ամրապնդվում իր «ազատագրած» նոր տարածքներում։

Նախկին հրադադարի պայմաններին և բնագծերին վերադառնալը գուցե երկարատև ու ռեսուրսատար մասշտաբային պատերազմից խուսափելու հեռահար նպատակ է հետապնդում։ Թերևս դրանով էր պայմանավորված նախագահի կողմից արված՝ զինադադարի հետաքննության մեխանիզմների շտապ ներդրման,  ԼՂ հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների, շփման գոտում դաշտային օգնականների քանակի զգալի ավելացման առաջարկները: Եթե այդպես է, ապա չի կարելի բացառել, որ հայկական կողմի տակտիկական նպատակներից մեկը, գուցե՝ նվազագույնը, որով կարող է բավարարվել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, այդ մեխանիզմների ներդրման ռազմաքաղաքական պայմանների ստեղծումը և Ադրբեջանին այս հարցում կառուցողականության դաշտ բերելն է։ Համենայն դեպս, հիմա դիվանագիտությունը թելադրվում է արցախյան ռազմաճակատից և այլ տարբերակ հայկական երկու պետությունները չունեն, քան թելադրողի կարգավիճակով հանդես գալը։ Հակառակը կլինի վերջի սկիզբը։ 

   Գևորգ Դարբինյան

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica