close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ստիպում է ավարտին հասցնել 1994թ. կիսատ թողածը

Քաղաքական

3 Ապրիլի 2016, 16:15
 Ադրբեջանն ստիպում է ավարտին հասցնել 1994թ. կիսատ թողածը

Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած լայնածավալ հարձակումը ԼՂՀ –ի հետ սահմանի ամբողջ երկայնքով ԼՂ բանակցային գործընթացի ձախողման ուղղակի հետևանքն է: Դեռևս առիթ կլինի վերլուծելու, թե որոնք էին Բաքվի այս  քայլի արտաքին ու ներքին դրդապատճառները: Սակայն երբ սահմանին փաստացի պատերազմ է տեղի ունենում, այդ ամենը դառնում է երրորդական: Առաջնայինը փաստացի պատերազմը հաղթելն է՝ թե ռազմաճակատում, թե թիկունքում՝ հոգեբանական-բարոյական, տեղեկատվական-քարոզչական բոլոր հարթություններում: Սա հասարակության համար իսկապես մարտահրավեր է, որն ուղղակի պարտաադրված ենք հաղթահարել՝ ապրելով պատերազմական վիճակի կանոններով:    

Հետաքրքրական է, որ չնայած ադրբեջանական զինուժը փաստացի հարձակման է անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, սակայն դիրքային կորուստ արձանագրվել էր Թալիշի ուղղությամբ: Նշենք, որ այսօր առավոտյան ԼՂՀ Պն-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Սա նշանակում է, որ թշնամու մաքսիմալ պլանը ձախողվել է հենց առաջնագծում. չնայած տված հսկայական կորուստներին` Ադրբեջանի ձեռնարկած այսպես կոչված «Բլից քիրգ»-ը չի ստացվել՝ անկախ նրանից այն զուտ բնագիծն առաջ տանելու մարտավարակա՞ն նշանակություն ուներ, թե՞ ԼՂ հարցը մեկ հարվածով լուծելու:

Ամեն դեպքում դժվար է հավատալ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ն ամբողջապես գրավելու, այսինքն լայնածավալ պատերազմը վերսկսելու նպատակ ուներ կամ ունի: Դրա համար այն պետք է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացներ իր գրեթե բոլոր հարվածային ուժերը, մարտադաշտ նետեր մեծ թվով մոտոհրաձգային ուժեր և սկսեր համապետական մոբիլիզացիա: Մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե իբր իրենք, անսալով միջազգային հանրության կոչերին, միակողմանի դադարեցնում են կրակը, վկայում է, որ իրական նպատակը եղել է դիրքային առավելություն ձեռք բերելը և նոր էջից, հայկական կողմի համար ավելի աննպաստ պայմաններով բանակցություններ սկսելու նախադրյալների ստեղծումը: Այս քայլով Բաքուն ուզում է մի կողմից փակել այսպես կոչված փարիզյան գործընթացի էջը, մյուս կողմից գործնականորեն ցույց տալ, որ ՄԽ եռանախագահության ֆորմատի գոյությունն այլևս անիմաստ է և այդ ֆորմատն ի զորու չէ վերահսկելու ոչ իրավիճակը և ոչ էլ Ադրբեջանին:

Այս առումով ԼՂ հիմնահարցում ստեղծվել է բացարձակապես նոր իրադրություն: Այլևս չկա հակառակորդին հրադադար պարտադրելու խնդիր. փաստացի կա նոր ստատուս քվո հաստատելու հրամայական, և այդ նոր ստատուս քվոն կհաստատի կամ Ադրբեջանը՝ գրավելով հենակետեր և խորանալով հայկական տարածքներում, կամ՝ հայկական զինված ուժերը՝ նոր տարածքային կորուստներ պատճառելով թշնամուն:  Ներկայիս բնագծի պահպանմամբ բավարարվելը, ինչը, կրակը դադարեցնելու մասին հայտարարությամբ, փաստացի առաջարկում է Բաքուն,  կնշանակի երկարաձգել սողացող պատերազմը՝ առանց իրավիճակում որևէ փոփոխություն, որևէ բեկում մտցնելու, կնշանակի տեղ թողնել Ալիևին՝ շարունակելու բանացկային գործընթացը տորպեդահարելու, փաստացի մերժելու իր ներկայիս քաղաքականությունը և նախադրյալներ ստեղծել հետագայում ցանկացած պահի նոր ապրիլի 2-3-ի կրկնության համար: Բայց  ամենակարևորը՝ դա կնշանակի մեծ հաշվով ոչինչ չտվող դարձնել այս երկու օրերին թափված հայ զինվորների արյունը: Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների՝ հրադադարի նոր պայմանների շուրջ, որից հետո բանակցությունների առարկա պետք է դառնա ԼՂՀ-ի անկախության ճանաչման պրոցեսը: Դա պահանջում է ԼՂ-ի անվտանգությունը, հայ զինվորների անգին կյանքը, տևական խաղաղություն հաստատելու հրամայականը:

Նախօրեին հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կատարելու է Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առումով իր պարտականությունը, և որ պետք է ավելին արվի, քան այն, ինչ արվել է ապրիլի 2-ին: Սա նշանակում է, որ հայկական կողմը, թերևս, որոշել է թշնամուն հակահարված տալուց, ելման դիրքերը վերադառնալուց հետո լուծել բնագիծն առաջ մղելու հարցը: Սակայն դատելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ Երևանը ևս հակված չէ Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիան լայնածավալ պատերազմի վերսկսման նախաձեռնություն դիտարկել: Համենայնդեպս Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը որոշի հարցը լուծել պատերազմի միջոցով, ապա Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը և ռազմական դաշինք կնքելով նրա հետ, անմիջականորեն կմտնի պատերազմի մեջ: Այս պահի դրությամբ կարծես թե ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց ՀՀ իշխանությունները չեն նախաձեռնում, թեև նախագահը հրահանգեց ռազմական փոխօգնության իրավական նոր բազա ձևավորել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

Իրավիճակը, սակայն, այնպիսին է, որ ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ: Դա կնշանակի ԼՂ հիմնահարցի կարգավորման բոլորովին նոր շրջափուլի մեկնարկ, որի իմաստն անցած 24 տարվա բանակցային գործընթացի վրա խաչ քաշելն է և 1994թ. կիսատ թողածն իր տրամաբանական ավարտին հասցնելը: Հայկական բանակն ունի այդ մարտական ոգին, իսկ հայայստանյան և առավելևս արցախյան հասարակությունը, դատելով այս երկու օրերի հավասարակշիռ վարքագծից, իր բանակի կողքին է, ամբողջությամբ վստահում է նրան, իր զավակներին և հոգեբանորեն պատրաստ է դրան:

Գևորգ Դարբինյան                

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica