close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ 4+4+4-ը հավասար չէ 8+4-ի

Թեմա

1 Ապրիլի 2016, 17:27
 Երբ 4+4+4-ը հավասար չէ 8+4-ի

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, այսպես կոչված, 4+4+4 ձևաչափով` երկու օր առաջ անցկացված առաջին հանդիպումից հետո ասել է, թե, չնայած իրենք շարունակելու են հանդիպումների շարքը՝ հուսալով, որ իշխանությունները կգնան իրենց պահանջած զիջումներին, բայց ներկա պահին դրա նշանները չի տեսնում։ Նա այսպիսով հաստատել է, որ իրենց նպատակը իշխանությանը միակողմանի զիջումներ պարտադրելն է, այսինքն` իրենք ցանկանում են այդ հանդիպումներից ստանալ առավելագույն արդյունք։

ՀԱԿ-ն, իհարկե, կարող է նման խնդիր դնել իր առջև, դա քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ ցանկացած ուժ ինքն է որոշում թե' իր ռազմավարությունն ու մարտավարությունը, թե' նպատակները։ Առավել ևս` երբ կոնկրետ 4+4+4-ի պարագայում ՀԱԿ-ը հանդես է գալիս Ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխությունների 5 կետանոց օրակարգով, որը պաշտպանում են հասարակական որոշ կազմակերպություններ։ Բայց քաղաքականության առանցքային բաղադրիչներից ու, թերևս, ոչ երկրորդականներից են նաև իրատեսականությունն ու ողջախոհությունը։ Եվ այս առումով որքանո՞վ է մաքսիմալիզմով առաջնորդվելը նպաստում այդ խնդրի լուծմանը։ Որովհետև մաքսիմալիզմը, որպես բանակցությունների մեթոդաբանություն, կառուցողական չէ ցանկացած պարագայում։ Հետևաբար, առաջանում է ածանցյալ հարց` ո՞րն է այդ դեպքում ֆորմատից ՀԱԿ-ի, դրանում ընդգրկված ՀԿ-ների իրական ակնկալիքը։

Այս առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու` առայժմ անհասկանալի իրողությունների։ Նախ՝ որքանո՞վ  կարելի է 4+4+4-ը ներկայացնել իբրև խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության և իշխանության եռակող ձևաչափ։ Այդ ֆորմատում, ըստ էության, ամբողջական է միայն իշխանության հատվածը․ այն ներկայացնում են ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի պատվիրակները։ Խորհրդարանական խմբակցություններից քննարկումներին չի մասնակցում «Ժառանգությունը»։ Իսկ քանի դեռ անգամ մեկ խմբակցություն չի ընդունում այդ օրակարգով և այդ ձևաչափով քննարկումները, այն չի կարող համարվել խորհրդարանական։

Բայց կա շատ ավելի էական խնդիր` ո՞ւմ է ներկայացնում ՀԱԿ-ն ինքը։ 7 հոգանոց այդ խմբակցության անդամներից նվազագույնը 3-ը, ըստ էության, հանդես են գալիս բացարձակապես այլ դիրքերից, և Լևոն Զուրաբյանը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չի կարող նրանց անունից ինչ-որ քննարկումներ վարելու մանդատ ունենալ։ Զուրաբյանը, թերևս, պետք է խոստովաներ, որ ոչ թե ՀԱԿ խմբակցությունն է ներկայացնում, այլ միայն ՀԱԿ կուսակցությունը։

Մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ օրենսգրքի փոփոխությունների 5 առաջարկների տակ ստորագրած ՀԿ-ների՝ քննարկումներին մասնակցող 4 պատվիրակներն իրավունք ունեն հանդես գալու ամբողջ քաղաքացիական հասարակության անունից։ Նրանք առավելագույնը կարող են հանդես գալ իրենք իրենց և պահանջագիրն ստորագրած ՀԿ-ների անունից։ Թեև անգամ այդ դեպքում ՀԿ-ները շատ ավելի համակարգված ու կազմակերպված են հանդես գալիս, քան ընդդիմությունը։

Հետևաբար, սա մի ձևաչափ է, որը կարող է ներկայացնել բացառապես դրանում ներկայացված շրջանակները, այլ ոչ թե հանդես գալ հանրային բոլոր ինստիտուտների անունից։ Ավելին` սա ոչ թե եռակողմ, այլ իրականում երկկողմ ֆորմատ է` մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից` այդ պահանջների տակ ստորագրած հասարական-քաղաքական ուժերը։ Այս իրողությունը եռակողմ ֆորմատով ներկայացնելու նպատակը իշխանության նկատմամբ թվական գերակշռություն ունենալն է, նրա հանդեպ ճնշումների ճակատը դրանով մեծացնելը։ Ճշտումն էական է՝ այս ձևաչափի դերը չգերագնահատելու, նախագծի շուրջ հանրային քննարկումները դրանով ամբողջացած չհամարելու և այդ քննարկումների արդյունավետությունը միայն այս ձևաչափի արդյունավետությամբ չչափելու համար։

Երկրորդ` ի վերջո, ի՞նչ գործընթաց է սա` քննարկումնե՞ր կամ երկխոսությո՞ւն, պարզունակ խոսքուզրո՞ւյց, թե՞ քաղաքական բանակցություններ, հասկանալի չէ։ ՀԱԿ-ը, որպես նախաձեռնության հեղինակ, սկզբից հայտարարեց, թե իրենց նպատակը վերջնական որոշումներ կայացնելը չէ, այլ քննարկումների միջոցով ընդհանուր հայտարարի գալու եզրեր գտնելը։ Բայց այդ դեպքում ոչ թե պահանջները միակողմանի բավարարելու պահանջ պետք է ներկայացվեր, այլ` դիրքորոշումների մերձեցման, ինչը ենթադրում է ոչ թե միակողմանի զիջում, այլ փոխզիջում։ Սա նշանակում է, որ երբ մյուս կողմը գալիս էր այդ երկխոսությանը, պետք է պատրաստ լիներ նաև իր դիրքորոշումից որոշակի զիջումների։ Իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ականների և Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակների, արդեն որոշակիացրել է, թե որ կետերում ու որ չափով են գնում զիջումների։ Այդ զիջումները կարող են համարել երկրորդական, կարող են նաև չհամարել։ Բայց փաստ է, որ իշխանությունը ներկայացնում է զիջումների` իր համար ընդունելի առավելագույն չափաքանակը։ Իսկ արդյո՞ք, այսպես կոչված, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչները միմյանց հետ համաձայնեցրել են հնարավոր զիջումների սահմանները, ունե՞ն միասնական մոտեցում։ Եթե` այո, ապա ինչո՞ւ այդ ազդակները ո'չ իշխանությունն է ստանում, ո'չ էլ հասարակությունը։ Ի՞նչ են նրանք անելու, եթե, օրինակ, նույն կետի վերաբերյալ իշխանության առաջարկած այլընտրանքային լուծումների կապակցությամբ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կամ նրանցից որևէ մեկի և ՀԿ-ների պատվիրակների մոտեցումները միմյանցից տարբերվեն։ Ո՞ւմ են համարելու այդ դեպքում բովանդակային երկխոսության չկայացման կամ անարդյունավետության պատասխանատուն։

Հարցն այն չէ, որ այդ պահանջները հիմնական մասով համընկնում են հասարակական սպասումներին և իսկապես ուղղված են ընտրական համակարգի հանդեպ առկա անվստահության պատճառների վերացմանը։ Ոչ էլ այն, որ նախկին իշխանության հետ ձախողված երկխոսությունների փորձը ներկայիս գործընթացի հանդեպ հանրությանը լավատեսություն չի ներշնչում։ Հարցը կարծր դիրքավորումից հրաժարվելու պատրաստակամության ցուցադրմամբ իշխանությանը ևս զիջումների դրդելու կարողությունն է։ Ի վերջո, որքան կարծր է երկխոսող մի կողմի դիրքորոշումը, այնքան անզիջում է լինելու նաև մյուս կողմը։

Այնպիսի տպավորություն է, որ նպատակը ոչ թե ներկայացված պահանջների շուրջ փոխըմբռնման հասնելն է, այլ քննարկումների տապալման նախադրյալներ ստեղծելը՝ հետագայում դա քաղաքական նկատառումներով շահարկելու, նախընտրական արշավի հենք դարձնելու, իսկ ՀԿ-ների մասով իշխանության հանդեպ Արևմուտքի կանխակալ անվստահությունը հարուցելու նպատակով։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէր բացատրել երկխոսության առաջին ռաունդի մեկնարկին ԱԺ մուտք գործելու կանոններին չենթարկվելու` ՀԿ սեկտորի պատվիրակների դրսևորած՝ ավելի շատ պնդաճակատություն հիշեցնող կամակորությունը։

Գևորգ Դարբինյան        

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica