close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենաշատը վախենում եմ հոգնած պրոֆեսիոնալիզմից. Սոնա Հովհաննիսյան

Հարցազրույց

31 Մարտի 2016, 17:25
 Ամենաշատը վախենում եմ հոգնած պրոֆեսիոնալիզմից. Սոնա Հովհաննիսյան

Yerkir.am-ի զրուցակիցն է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

 

Պետական կարգավիճակ ունենալը շատ բան փոխեց

2017-ին մենք կնշենք մեր հիմնադրման 25-ամյակը, չնայած այն հանգամանքին, որ «Հովերը» պետական կարգավիճակ ստացավ 2009-ին: Մինչ այդ` 18 տարի մենք աշխատել ենք ոչ թե ընդմիջումներով, կանգառներով, այսինքն` նախագիծ եղել է, արել ենք, չէ` չենք արել, ո՛չ, մենք «на совесть» ենք աշխատել` ամեն օր: Հիմա երգչախմբեր կան, չէ՞, որ մի քանի ամիս որևէ պրոյեկտի վրա աշխատում են, հետո` ընդհատում, բայց որոշ ժամանակ անց ասում, թե տասնքանի տարվա կյանք ունեն. մեր դեպքում` 18-ն իսկապես զբաղված 18 տարիներ էին: Պետք է ասեմ, որ պետական կարգավիճակ ստանալը շատ բան փոխեց, քանի որ մինչ այդ հնարավորություն չունեի աշխատել այն կարգի պրոֆեսիոնալ և կարող ուժերի հետ, որոնց հետ հիմա աշխատում եմ: Բացի այդ` հիմա աշխատանքի տեմպն է արագացել, ավելի հագեցած է դարձել, այսինքն` այն, ինչ դանդաղ ու դժվարությամբ էր արվում, հիմա ավելի հեշտ ու արագ` 100 անգամ ավելի արդյունավետ է արվում:

Կյանքն ընտրություն է

Եթե  մեր մեջ կա հասկացողություն, ոչինչ չի խանգարի ստանալ այն արդյունքը, որն ուզում ենք, պարզապես պետք է խնդիրը հստակ դրվի, թե ինչի ենք ուզում հասնել: Ստեղծագործական որոնումներն են բարդ, ընտրության հարցն է դժվար… Կյանքն ընտրություն է: Ես հանդիսատեսին դահլիճ բերելու մտահոգություն չունեմ, մենք ունենք մեր ունկնդիրը, բայց ունկնդրին չհիասթափեցնելու հարց կա. ամեն անգամ պետք է ինքնանորոգվել և այնպիսի ծրագրերով ներկայանալ, որ ունկնդիրը սպասում ունենա: Մեզ միայն հիմա ստեղծագործական խնդիրներն են հուզում: Կարևոր է, օրինակ, այն, թե ինչպես պետք է ներկայանանք դրսում, ինչպես ներկայացնենք ժամանակակից հայ կոմպոզիտորներին:

Լավ մասնագետը միշտ էլ աշխատանք կունենա

Խմբերգային երաժշտությունը հրաշալի զարգանում է Հայաստանում: Ես հետևում եմ ընթացքին և գիտեմ գրեթե բոլոր երգչախմբերին: Կարող եմ ասել, որ ոչ պրոֆեսիոնալ երգչախմբերի քանակն է ավելացել, երգչախմբերի մակարդակն է բարձրացել, հետաքրքրություն կա, Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ունենք, մարզերը նույնպես ակտիվ են. խմբերգային երաժշտությունն օրեցօր զարգանում է: Հայաստանում, առհասարակ, սերնդափոխության խնդիր կա: Գիտեմ, որ նվագախմբերում մեծ խնդիր կա` փողային գործիքների հետ կապված, բայց պետք է ասեմ նաև, որ լավ մասնագետը միշտ էլ աշխատանք կունենա: «Հովեր»-ն էլ ունի կադրերի խնդիր. իմ երգիչները բարձրակարգ երգիչներ են, և նրանց փոխարինելը, եթե անգամ կյանքի բերումով է լինում, ինձ փաստի առաջ է կանգնեցնում, քանի որ խմբերգային փորձառություն ունեցող նման կարգի երգիչներ չունենք, իսկ միջին մակարդակ լիուլի կա:

Կոմիտասին անդրադառնալը` ներքին պահանջ

Բոլորս էլ շատ ենք սիրում Կոմիտասին, բոլորս մտածում ենք` այ, մենք ենք ամենաճիշտը մեկնաբանում, ես եմ կարողանում այսինչ գործը ճիշտ հնչեցնել: Դա մեծ սիրուց է գալիս, ներքին պահանջից: Ես տեսնում եմ բոլոր խմբավարների սերը, ցանկությունն ու նվիրումը` բացահայտել, մեկնաբանել Կոմիտասին այլ կերպ, մի ուրիշ գույնի տակ, ուրիշ նոտա ընդգծելով: Սա անվերջանալի գործընթաց է, ընտրության, նախասիրության հարց: Իմ կոլեգաները նույնքան սիրում են Կոմիտասին, որքան մենք: Բայց, մյուս կողմից, եթե արվում է, անընդհատ ներկայացվում է, ուրեմն դրա կարիքը կա, կյանքն է թելադրում, և եթե այն մեզ դրել է այս հունի մեջ, որ մենք անընդհատ ներկայացնում ենք Կոմիտասին, ուրեմն պահանջարկը կա:

Գուցե մեղադրում են, որ ես իմ հին երգիչներին կարող եմ հեշտությամբ ճանապարհել

Ես ամենաշատը վախենում եմ հոգնած պրոֆեսիոնալիզմից: Երբ մարդն արդեն ունի որոշակի փորձառություն և պրոֆեսիոնալ ունակություններ, սկսում է մի տեսակ մաշվել, թոշնել և հոգնել, այդ դեպքում ես ընտրում եմ ավելի թարմ և ոչ այնքան ռաֆինացված կադրերին: Գուցե ինձ մեղադրում են, որ ես իմ հին երգիչներին կարող եմ հեշտությամբ ճանապարհել, բայց ես դա անձնական դրդապատճառներից ելնելով չեմ անում: Կարծում եմ, որ զարգացումն ապահովում է միայն արթուն, սթափ և ակտիվ, չմաշված վերաբերմունքը: Եթե մարդն արդեն պրոֆեսիոնալ այնպիսի մակարդակի է, որտեղից սկսվում է հոգնությունը, ինձ համար դա ահազանգ է, որ` վերջ, պետք է մի բան անել:

Անընդհատ սպասում եմ

Ես անընդհատ սպասում եմ… Սպասում եմ նոր մտահղացման, տաղանդավոր մարդու առաջարկի... Դա իմ շարժիչ ուժն է, այդ դեպքում ես սկսում եմ խելքս թռցնել: Այդ գաղափարներն ինձ համար ամենաարժեքավորն են, ես շատ եմ լի այդ սպասումներով` մեր հեղինակներից: Գուցե արվեստում երիտասարդության, թարմ լինելու գաղտնիքն այդտեղ է: «Հովեր»-ի դեպքում ոգևորության պահերն այնքան շատ են լինում, որ հուսահատվելու ժամանակ չի մնում:

Եթե նույնիսկ մի երգիչ գնացել է, մեկ ուրիշը վերադարձել է

Կուզեի, որ հնարավորինս ապահովված լինեինք վաղվա օրով, ամեն տարի մեծ սթրեսների չենթարկվեինք մեր ֆինանսավորման հարցում: Այն, ինչին արժանի է երգիչը, պետք է ստանա: Երգչախմբում այնպիսի շրջան եկավ, որ շատերը ճանպրուկները կապել էին և պետք է մեկնեին, բայց, փառք Աստծո, մեր միակ և անկրկնելի հովանավորի օգնությամբ այսօր ունենք ստաբիլ վիճակ, և եթե նույնիսկ մեկը գնացել է, մեկ ուրիշը վերադարձել է: Մենք տեսնում ենք, որ դեռևս կարողանում ենք հավասարակշռությունը պահել, որպեսզի կարող ուժերը մնան Հայաստանում, արվում է ամեն ինչ, որպեսզի կայուն վիճակ ունենանք:

Տանը նստած` փնթփնթում են միայն, ինչը հեշտ գործ է

Հայաստանում երաժշտական մակարդակն ակնհայտ բարձրացել է: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ջանքերով այնպիսի որակ ունի այսօր մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ, փառք Աստծո, հանգիստ կարող ենք հպարտանալ նրանցով: Այսօր մենք ունենք 3 կամերային երգչախումբ, կամերային նվագախումբ, երիտասարդական նվագախումբ, ջազ-բենդ: Շատերը նաև ասում են` ինչո՞ւ են այդքան գումար տալիս, ինչ-որ հայտնի մեկին հրավիրում, ասեմ`  դա հանդիսատեսին է փոխում, իսկ դա ամենաթանկն է, այլապես էլ ինչի՞ն արժի միջոց տրամադրել: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե մշակութային կյանք Հայաստանում գոյություն չունի, ես նրանց չեմ էլ տեսնում դահլիճներում. տանը նստած` փնթփնթում են միայն, ինչը հեշտ գործ է:

Մեր բոլոր փորձերը նոր տողից ինքներս մեզ նայելու փորձ են

Մեր հաջողության գրավականը մի շարք բաների համալիր է, մեր գործունեությունը սթափ է, մեր բոլոր փորձերը սթափության, նոր տողից ինքներս մեզ նայելու փորձ են. ինքներս մեզնով չգոհանալու դեպքում է, որ կարող է ինչ-որ նվաճում ու հաջողություն գրանցես: Ես դրանց մասին իրականում չեմ էլ մտածում, հաջողությունը հետևանք է, նպատակ չի կարող լինել, այն կա'մ գալիս է, կա'մ չի գալիս, պետք չի ֆիքսվել դրա վրա: Ճանապարհ է` տանում է, մենք անընդհատ հայտնագործություններ ենք անում, որովհետև մարդու մտքի և երևակայության քարտեզները դեռևս գծագրված չեն, և այն, ինչ մենք բացահայտում ենք, մեր վարձքն է, մնացածը… Մանր բաների վրա չպետք է սևեռվել, պետք է ուղղակի պրոցեսի հաճույքը վայելել:

Պարտավորված եմ ամեն օր փոքր հեղափոխություններ անել

Եթե մի բան այն չէ երգչախմբի ներսում, ես չեմ կարող շրջվել ու ասել` հանդիսատե'ս ջան, գիտե՞ք` մենք ներսում խնդիրներ ունենք կամ չհասցրինք լավ պարապել, ժամանակ չունեինք, այսօր մի քիչ լավ ելույթ չենք ունենա: Այդ մինիմումն ապահովելու համար ես պարտավորված եմ ամեն օր փոքր հեղափոխություններ անել` այսօր պետք է ավելի լավ լինի, քան երեկ: Այդ միլի դոզաները պետք են, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխադարձ հարգանք կա, կա հարգանք դեպի գործը: Ժամանակներն անցել են, երբ ղեկավարին գերունակություններ էին վերագրում, ժամանակը գնում է, իրենն է թելադրում, ժամանակն իր անկեղծության աստիճանն ունի: Մեր ժամանակի ընթացքը, զարկերակն ըմբռնելու համար պետք է հասկանանք, որ մեր ժամանակն անկեղծության այլ մակարդակ ունի, և պետք է այնպես անկեղծանալ, որպեսզի դա լինի հետաքրքիր, այլ ոչ թե ցինիկորեն:

 

Կարինե Հարությունյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica