close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Թուրքիայի մասնատման հիմքե՞րն է դնում

Թեմա

31 Մարտի 2016, 16:59
 ԱՄՆ-ը Թուրքիայի մասնատման հիմքե՞րն է դնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ջանքերը՝ Վաշինգտոնում սկսվող Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում առանձին հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, արդյունք չեն տվել։ Էրդողանի հետ հանդիպել է միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայաւցուցիչ Բարեթ Մակգերկի և պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի ուղեկցությամբ, այն էլ` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը։ Ավելին` ամերիկյան կողմն ընդգծված անհարգալից վերաբերմունք է դրսևորել Էրդողանի նկատմամբ. օդանավակայանում նրան դիմավորել են…  Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Քըլըչը:

Պաշտոնական Վաշինգտոնի նման վերաբերմունքը դեմարշ է Էրդողանի դեմ՝ նրա վարած ներքին ու տարածաշրջանային քաղաքականության պատճառով։ Էրդողանի վարչակարգը երկրում դիկտատուրա է հաստատում՝ վերացնելով խարխուլ ժողովրդավարության վերջին նշույլները, բռնի ճնշելով այլախոհությունը, «ազատվելով» Էրդողանի «ճշմարտացիությանը» կասկածող բոլոր շրջանակներից։

Էրդողանի նկատմամբ Վաշինգտոնի այս վերաբերմունքի մյուս պատճառը Իրաքի և Սիրիայի քրդական կազմակերպությունների դեմ ծավալած պատերազմն է, Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ՔԲԿ-ի դեմ հակաահաբեկչական գործողությունների անվան տակ խաղաղ քուրդ բնակչության նկատմամբ իրականացվող բռնություններն ու հալածանքները։

Անկարան, արհամարհելով Սիրիայում հաստատված հրադադարը, որին հաջողվել էր հասնել ռուս-ամերիկյան համաձայնության արդյունքում, շարունակում է հրետանային հարվածներ հասցնել ինչպես իրաքյան քրդերի, այնպես էլ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող, Ասադի և ԻՊ-ի դեմ հաջող պայքար մղող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD)-ի մարտիկների դիրքերին։ Ի հեճուկս ԱՄՆ-ի, Անկարան նաև տապալում է քրդերի ներգրավումը Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման` ժնևյան բազմակողմ բանակցություններում։

Բացի դրանից` թեև պաշտոնական Վաշինգտոնը հերքում էր ԻՊ-ին հովանավորելու, ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու և ահաբեկիչներ մատակարարելու հետ կապված` Թուրքիային ուղղվող մեղադրանքները, սակայն այդ ամենը հաստատող կոնկրետ փաստեր են ի հայտ գալիս՝ չափազանց անհարմար դրության մեջ դնելով Վաշինգտոնին։ Ըստ ամենայնի` այս ամենն արդեն անտանելի է դառնում Վաշինգտոնի համար, որին Էրդողանն անդադար կանգնեցնում է փաստի առաջ։ Վաշինգտոնը հասկանալի է դարձնում, որ այլևս չի պատրաստվում համակերպվել Անկարայի` նման անպատասխանատու պահվածքի հետ:

Սակայն ի՞նչ գործնական հետևանք է սա ենթադրում թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Երկու օր առաջ Պենտագոնի հատուկ ներկայացուցիչ Պետեր Կուկը հաստատեց, որ Թուրքիայի Մուղլայի, Իզմիրի և Ադանայի նահանգներից ամերիկացի զինվորականների ընտանիքներին՝ թվով 670 հոգու, էվակուացնելու որոշում է կայացվել։ Ուշագրավ է, որ այդ քայլը Պենտագոնը բացատրել է ոչ թե Թուրքիայում ահաբեկչական ռիսկի զգալի աճով, այլ «տարածաշրջանում անվտանգության հետ կապված ընդհանրական խնդիրներով»։ Այն, որ սա ահաբեկչության վտանգի հետ կապ չունի, հաստատում է նաև փաստը, որ տարհանումն առայժմ չի վերաբերում այդ ռիսկին ամենաշատը ենթակա Անկարայում և Ստամբուլում գտնվող` ԱՄՆ քաղաքացիներին։ Ըստ էության` ԱՄՆ-ն իր այս քայլով ոչ միայն իրական է համարում թուրք-քրդական ներքին պատերազմի ծավալման վտանգը, այլև ինքն է դրա համար նախադրյալներ ստեղծում։

Սա կարող է երկու բան նշանակել։ Առաջին՝  Վաշինգտոնը դրանով փորձում է, չեզոք դիրքավորում գրավելով, նպաստել Թուրքիայի՝ հաջորդ «Սիրիայի» վերածմանը և քրդական հարցի ակտուալացումը դարձնել իր վերահսկողությունից ակնհայտորեն դուրս եկող Էրդողանի վարչակարգին հեռացնելու հիմնական գործիքներից մեկը, որը հղի է թուրք-քրդական լայնածավալ ներքին քաղաքացիական պատերազմով։ Եթե Թուրքիայից «ձեռքերը լվանալու» ամերիկյան մոտեցման նպատակն իսկապես սա է, ապա կարելի է սկսված համարել նաև Թուրքիայի մասնատման գործընթացը։

Երկրորդ՝ հնարավոր է՝ ԱՄՆ-ն այսպիսով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Սիրիայի դաշնայնացման համատեքստում քրդական ինքնավարության ստեղծման նպատակով, ինչը հակասում է Անկարայի ռազմավարական շահերին։ Հյուսիսային Սիրիայի քրդերը Անկարայի ճնշմամբ Ժնևի բանակցություններին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո մարտի 16-ին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող հայերի, ասորիների, արաբների, թուրքմանների` ավելի քան 200 պատվիրակների մասնակցությամբ անցկացված «Ժողովրդավար դաշնային համակարգ Ռոժավայի համար» համաժողովից հետո հայտարարեցին այդ տարածքներում դաշնային միավոր հիմնելու նախաձեռնության մասին: Թեև ԱՄՆ-ը հրապարակավ դա որակեց անհիմն, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանի հետ ԱՄՆ-նը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստորային  է փոխանցել Սիրիան դաշնային պետության վերածելու առաջարկ: Անձամբ Միստորան հայտարարել էր, թե այդ հարցը կարող է դառնալ Ժնևյան բանակցությունների թեմա։

Թուրքիայի համար իրավիճակն իսկապես ծանր է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուց հետո Անկարան փաստացի կորցրել է նաև իր հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ-ի վստահությունը։ Թե' Մոսկվան և թե' Վաշինգտոնը բացահայտ պաշտպանում են քրդերին, երկուսն էլ փաստացի կողմ են Իրաքում, Սիրիայում, թերևս, նաև Թուրքիայի հարավարևելյան շրջանների հաշվին մեծ Քուրդիստանի կամ քրդական պետական միավորման ստեղծմանը։ Էրդողանն իր երկիրը տանում է միջազգային մեկուսացման՝ վերածելով սև խոռոչի և ուժային բոլոր կենտրոնների համար անձամբ վերածվելով persona non grata-ի:

Մի կողմից` Թուրքիայի այս մեկուսացումը ամրապնդում է Հայաստանի թիկունքը՝ ԼՂ հարցում սահմանափակելով Անկարայի ազդեցությունը, սակայն, մյուս կողմից, այս գործընթացները Հայաստանին կարող են կանգնեցնել լուրջագույն հիմնահարցերի առջև։ Նախ՝ իրատեսական կարող է դառնալ անմիջապես Հայաստանի հարևանությամբ ապակայունացման, գուցե նաև պատերազմական գործողությունների ծավալման հեռանկարը, ինչը, անվտանգության ապահովման տեսանկյունից, խիստ ռիսկային է։ Երկրորդ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է բախվել առայժմ զուտ հավանականության մակարդակում գտնվող` Թուրքիայի մասնատման, պատմական Հայաստանի տարածքի մի մասի վրա քրդական պետական կազմավորման հնարավոր առաջացման վերաբերյալ դիքորոշում ձևակերպելու և քրդական գործոնի ազդեցությամբ հայկական պահանջատիրության հարցում բոլորովին նոր ռազմավարություն մշակելու անխուսափելության առջև։ Ներկա պահին, սակայն, չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվում ամերիկյան քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, և ինչի է տանելու այս ամենը։

Գևորգ Դարբինյան

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica