close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+6°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր համահայկական մեկնարկ` ԱՄՆ-ից

Թեմա

30 Մարտի 2016, 19:17
 Նոր համահայկական մեկնարկ` ԱՄՆ-ից

Մարտի 28-ից նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չնայած այցի հիմնական պատճառը ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ Վաշինգտոնում մարտի 31-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելն է, սակայն դա կազմում է այցի օրակարգի միան մի փոքր մասը։

Ըստ նախագահական նստավայրից տարածված հաղորդագրությունների՝ նախագահն այցելել է Մասաչուսեթս նահանգի հայաշատ Ուոթերթաուն քաղաք, հյուրընկալվել Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, այցելել  Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական երկու կուսակցությունների գործունեությանը: Ինչպես հայտնի է, Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է, որտեղ տեղակայված են ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները, ՀՅԴ՝ 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող փաստաթղթերի արխիվը: Սերժ Սարգսյանը եղել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում, Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցում մասնակցել նաև հայ հոգևորականների մասնակցությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Նա հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի հայկական կառույցների, համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Հայոց ցեղասպանության և դրան հետևած այլ Ցեղասպանությունների զոհերի հիշատակին կառուցված  «Հայկական ժառանգության պուրակ», ապա եղել է նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ զբաղվող «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերությունում, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և այդ հաստատության մեդիա լաբորատորիայում, որտեղ ներկա է գտնվել ամերիակահայ գիտնականների և «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների մասնակցությամբ ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Աշխատանքային այցի առաջին երեք օրերի այս հագեցած գրաֆիկը վկայում է, որ իրականում նախագահի այցն ուներ ընդգծված հայկական օրակարգ և ուղղված էր ամերիկահայության և հայկական կազմակերպությունների հետ ակտիվ շփումներին։ Առաջին հայացքից սա կարող է զուտ արարողակարգային մանրուք թվալ։ Սակայն իրականում այն ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտյան ու հատկապես ամերիկյան վեկտորի, Սփյուռքի հետ հարաբերությունների շրջանակներում Երևանի ընտրած նոր մարտավարության մասին, որտեղ առանցքային դերակատարում է վերապահվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և սփյուռքահայության ներուժի առավել նպատակային օգտագործմանը։

Նախ՝ պատահական չէր, որ հենց Սերժ Սարգսյանի ամերիկյան այցի ընթացքում ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև ընդունեց՝ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու մասին՝ դառնալով հայկական երկրորդ պետությունը ճանաչող ամերիկյան թվով յոթերորդ նահանգը՝ Մասաչուսեթսից, Լուիզիանայից, Ռոդ Այլենդից, Մեյնից, Կալիֆոռնիայից և Ջորջիայից հետո։ Ընդ որում, սա մարտ ամսվա ընթացքում նահանգային մակարդակով ԼՂՀ-ի անկախության ճանաչման արդեն երկրորդ դեպքն է (ինչպես հայտնի է, Ջորջիայի նահանգի Nերկայացուցիչների պալատը ընդամենը մարտի 4-ին էր նմանատիպ որոշում ընդունել)։ Սա վկայում է, որ նահանգային մակարդակով ԼՂՀ-ի ճանաչման գործընթացը հետևողականորեն իրականացվող քաղաքականության «պրոդուկտ» է, որի մեթոդաբանությունը, ըստ էության, վերցված է Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունների նախաձեռնություններից և ուղղված է դրա միջոցով ՄԽ համանախագահող երեք երկրներից մեկի՝ ԱՄՆ կենտրոնական իշխանությունների քաղաքականության վրա ներսից հզոր ճնշում գործադրելուն։ Նախորդ տարի սեպտեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության լուրջ աճի  հերթական շրջափուլում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարեց, որ համանախագահների Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնալու, քան «իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր»՝ ապահովելու Հայաստանի և ԼՂՀ-ի  անվտանգությունն ու խաղաղ զարգացումը։  Թերևս կարելի է ասել, որ խոսելով իրավական անհրաժեշտ քայլերի մասին՝ նախագահը նկատի ուներ նաև ԼՂՀ-ի անկախության միջազգայնորեն ճանաչման գործընթացի  ակտիվացումը, որը միջազգային հանրությանը ներկայացվում է իբրև բանակցային գործընթացից Ադրբեջանի հրաժարվելու հնարավոր հետևանք կամ  այլընտրանք։ ԱՄՆ-ում նման գործընթացի հաջողության գրավականը, սակայն, ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ հայկական կառույցների ինտենսիվ աշխատանքն է՝ որպես Հայաստան-ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններ սինխրոն, ներդաշնակ և համաձայնեցված գործունեության արգասիք։

Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է նաև նախորդ տարի հունվարին ընդունված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի  կենսագործման տեսանկյունից։ Ինչպես հայտնի է, հռչակագրով խնդիր է դրվում համազգային միասնականություն դրսևորել Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման և այդ նպատակով «իրավական պահանջների թղթածրար» մշակելու հարցում։ Նաև այս իմաստով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու վերարժևորումը դառնում է հրատապ խնդիր։

Փետրվարի 12-ի ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման խնդիրն ընդգծել էր նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից․ «Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում…»,-ասաց նախագահը:

Ահա այս ամենի լույսի ներքո ոչ միայն հասկանալի է դառնում, թե ինչով է պայմանավորված նրա ամերիկյան 4-օրյա այցի երեք քառորդը Մասաչուսեթսում անցկացնելու հանգամանքը, այլև բացահայտվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի ստեղծման, այսպես ասած թաքնված արտաքին երեսը, արտաքին դրդապատճառները։ Ըստ էության՝ իշխանությունը ՀՅԴ-ին ընկալում է որպես Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ ձևավորելու և Սփյուռքի ներուժն առավել օպտիմալ կերպով Հայաստանի շահերին ծառայեցնելու ամենահարմար գործընկեր, խողովակ՝ թերևս նկատի ունենալով նրա ահռելի ռեսուրսները, ազդեցությունը, համակարգման և կազմակերպչական կարողություններն ու փորձառությունը։ Այս իմաստով Սերժ Սարգսյանի կողմից Բոստոնում «Հայրենիք» կենտրոն այցելությունն ուներ խորհրդանշական իմաստ։

Գևորգ Դարբինյան 

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica