close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ներխուժում»` Ռուսաստանից․ Արթուր Բաղդասարյանի ռուսական բենեֆիսը

Թեմա

29 Մարտի 2016, 18:01
 «Ներխուժում»` Ռուսաստանից․ Արթուր Բաղդասարյանի ռուսական բենեֆիսը

Անցած կիրակի Մոսկվայում տեղի է ունեցել ՕԵԿ-ի հիմքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման  (ՀՎ) ռուսաստանյան «մասնաճյուղի»՝ «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնությունը, ինչպես և պետք էր սպասել, պատկանում է ՀՎ ղեկավար Արթուր Բաղդասարյանին։ Կազմակերպության հիմնադիր համագումարին, ի թիվս հայ և ռուս հասարակական-քաղաքական, մշակութային մի քանի գործիչների, ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև Ռուսաստանի Պետդումայի, իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության և ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող համառուսաստանյան «Ժողովրդական ճակատ» շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը։ Վերջին հանգամանքը առանձնակի «շուք» է հաղորդում միջոցառմանը՝ վկայելով Բաղդասարյանի նախաձեռությանը Մոսկվայի անթաքույց աջակցության մասին։

Ռուսաստանում ՀՎ-ի «մասնաճյուղի» ստեղծման նախաձեռությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Առաջինը անձամբ Բաղդասարյանի և նրա ղեկավարած շարժման նկատմամբ ՌԴ իշխանությունների վստահության ձեռք բերումն է, որին ՀՎ առաջնորդը ցանկանում է հասնել, մի կողմից, Ռուսաստանին ամբողջական նվիրվածություն դրսևորելու, մյուս կողմից՝ հայաստանյան քաղաքական արենայում Մոսկվայի շահերի հիմնական սպասարկողը դառնալու միջոցով։ Բաղդասարյանի խնդիրը Կրեմլի համար հայաստանյան ներկայիս իշխանությունների միակ ընդունելի այլընտրանքը դառնալն է և, ռուսական հովանավորչությունն օգտագործելով, ոչ միայն խորհրդարան մտնելը, այլև հնարավորության դեպքում առնվազն երկրորդ ուժի կարգավիճակը ձեռք բերելը։ Խաղադրույքն արվում է նրա վրա, որ իշխանությունը չի համարձակվի խոչընդոտել  ռուսական պատրոնաժի ներքո հանդես եկող ուժի հաղթական մուտքին Ազգային ժողով։ Հիմնադիր համագումարին Ժելեզնյակի մասնակցությունը, ինչպես նաև վերջին շրջանում Բաղդասարյանի անձի և նրա նախաձեռնությունների նկատմամբ Կրեմլի քարոզչամիջոցների դրսևորած հետաքրքրությունը թույլ են տալիս ասել, որ եթե Բաղդասարյանը նույնիսկ չի հասցրել ամբողջությամբ լուծել այդ խնդիրը, ապա առնվազն այդ ճանապարհին է։

Երկրորդ նպատակը ռուսահայության ռեսուսրների «հավաքագրումն» է ՀՎ-ի շուրջը։ Խնդիր է դրված օգտագործել ռուսահայության ունեցած ուժեղ ազդեցությունը՝ ռուսական տրանսֆերտներից կախված հայաստանյան հասարակության միջին և միջինից ցածր կենսամակարդակ ունեցող շրջանակներին, էլեկտորատին գրավելու համար։ Այսինքն` այն, ինչ Բաղդասարյանը, չնայած գործադրվող բոլոր ջանքերին, չի կարողանում լուծել հայաստանյան ընտրողի հետ ուղղակի շփումների միջոցով, փորձելու է լուծել միջնորդավորված՝ ռուսահայերի միջոցով։

Թվում է, թե Ռուսաստանում նման կառույցի ստեղծումն ուղղակի հարվածում է այդ երկրի հայկականության անունից հանդես գալու իրավունքը սեփականացրած` Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի շահերին։ Չի բացառվում, սակայն, որ սա Աբրահամյան-Բաղդասարյան համատեղ նախաձեռնություն է, հակառակ դեպքում` դժվար թե նորահայտ շարժմանը հաջողվեր ՌԴ-ում այսքան արագ երկու տասնյակի չափ տարածքային կառույցներ ստեղծել։  Ըստ ամենայնի՝ Բաղդասարյանն Աբրահամյանի միջոցով փորձում է փայաբաժին ստանալ ռուսահայության ահռելի ռեսուրսից, իսկ Աբրահամյանը Բաղդասարյանի միջոցով փորձում է իրագործել ինչ-որ եղանակով հայաստանյան քաղաքական դաշտ մուտք գործելու վաղեմի երազանքը։ Դրան նպաստում են, մի կողմից, նրանց երկուսի միջև առկա ընկերական քավորսանիկական հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ նախկինում ունեցած  համագործակցության փորձը։ Չմոռանանք, որ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը, նախորդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր հենց ՕԵԿ-ի ցուցակով։

Ինչևէ, զուտ մարդկայնորեն կարելի է հասկանալ Ռուսաստանի հայության շրջանում ինքնահաստատվելու և ռուսական «վերմակի» տակ մտնելու` Արթուր Բաղդասարյանի ձգտումը։ Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո Բաղդասարյանը զրկվեց նախագահ դառնալու հույսերից։ Իսկ երբ Սերժ Սարգսյանը 2014թ․ մարտին վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, Արթուր Բաղդասարյանը կորցրեց նաև վարչապետ դառնալու և դրա հիման վրա Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» կարգավիճակը ձեռք բերելու շանսերը, ինչից խռոված էլ զրոյական հեղինակությամբ դուրս եկավ իշխանական կոալիցիայից։ Հեղինակությունը վերականգնելուն անգամ չօգնեց ՕԵԿ-ը տրանսֆորմացիայի ենթարկելն ու, քաղաքական դաշտի «փոշեկուլի» դեր ստանձնելով, գերկուսակցության վերածվելու հնարքը։ Եվ նման պայմաններում կատարյալ մարգինալացման վտանգի առջև կանգնած Բաղդասարյանին այլ բան չէր մնում, քան արտաքին ուժային կենտրոններից մեկի հովանավորությունը ստանալը։ Եվ ահա նա կանգ է առել Ռուսաստանի վրա՝ երդվյալ եվրոպամետից կտրուկ անցում կատարելով երդվյալ ռուսամետության։ Այդ անցման համար Բաղդասարյանն ուղղակի օգտագործեց դեռևս ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ռուսական իշխանական ազդեցիկ շրջանակների հետ ստեղծած կապերը, պաշտոնավարման տարիներին նրանց մոտ ձևավորած վստահության կապիտալը։ Ժամանակին, ինչպես հայտնի է, նա այդ կապիտալը փորձում էր ծառայեցնել Հայաստանում ՀԱՊԿ-ի ակադեմիայի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։

Բայց որքան էլ հասկանալի են ստեղծված իրավիճակն ու հանգամանքները սեփական ամբիցիաներին ծառայեցնելու` Բաղդասարյանի ձգտումները, այս կտրուկ շրջադարձը ցույց է տալիս, որ նա երբեք ազգային, պետական գործիչ չի դառնա։ Որովհետև այն մեթոդը, որը նա ընտրել է իր քաղաքական ամբիցիաներին հագուրդ տալու համար, ավելին չէ, քան սեփական երկրում որևէ այլ պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի «սատրապը» դառնալը և սեփական երկրի քաղաքական միջավայրի վրա ռուսական` առանց այն էլ զգալի ներկայացվածությունն ու ազդեցությունը մեծացնելը։ Այս իմաստով Բաղդասարյանի ընտրած ճանապարհը ոչնչով չի տարբերվում այն ուղուց, որով նրա ընտանիքի քավոր Արա Աբրահամյանն էր փորձում ներխուժել հայաստանյան քաղաքական դաշտ և որով արդարացնում էր իր այդ մղումները։ Հարցն այն է՝ արդյո՞ք Բաղդասարյանը նաև քաղաքական ճակատագրի առումով կկրկնի Արա Աբրահամյանի անփառունակ փորձը…

Գևորգ Դարբինյան                                  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica