close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ն դեռ կցնցվի

Թեմա

25 Մարտի 2016, 21:10
 ԲՀԿ-ն դեռ կցնցվի

ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանն այսօր հերքել է տեղեկությունները, թե փակվել են կուսակցության երկու՝ Բաղրամյանի և Նոյեմբերյանի տարածքային կառույցները։ Ըստ նրա՝  Նոյեմբերյանի տարածքային կառույցը ոչ թե փակվել է, այլ ձևավորվել է կառույցի խորհրդի նոր կազմ, իսկ Բաղրամյանի կառույցը շարունակում է գործել նախկինի պես։

Որքան էլ, սակայն, խոսնակը հերքի ԲՀԿ-ում տեղի ունեցող խմորումները, ակնհայտ է, որ հենց այնպես կառույցների խորհրդի կազմեր չեն փոխվում։ Իսկ ընդամենը մեկ օր առաջ Բաղրամյանի տարածքային կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանը ոչ միայն հաստատել էր կառույցի փակման փաստը, այլև, որպես դրա հիմնական պատճառ, նշել էր ԲՀԿ-ում սկսված պառակտումներից, տարաձայնություններից հիասթափվածությունը։ Փաստացի կառույցը չի փակվել միայն ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի միջամտության արդյունքում։

Չնայած ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից կուսակցության ամբողջական կառավարումն իր ձեռքը վերցնելու քայլերին՝ կրքերը ԲՀԿ-ում չեն հանդարտվում։ Գործող նախագահի դեմ բացահայտ «պատերազմ» է սկսել ԲՀԿ-ից հեռացված նախկին սոցապ նախարար Գևորգ Պողոսյանը, թաքնված՝ պատգամավոր, ԲՀԿ-ում զգալի հեղինակություն ունեցող Աբրահամ Մանուկյանը։

Նախկինում թե' մասսայականությամբ և թե' ԱԺ-ում ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը համարվող ԲՀԿ-ում այս իրավիճակը զուտ լիդերության համար մղվող ներքին պարզունակ պայքարի դրսևորում չէ։ Դրա հիմնական պատճառները մի կողմից ԲՀԿ-ի ունիկալ բնույթն է, մյուս կողմից՝ քաղաքական ներկայիս նախընտրական իրադրության առանձնահատկությունը։

ԲՀԿ-ն կառուցված էր մեկ անձի՝ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի գործոնի, ֆինանսական ռեսուրսի առանցքի շուրջը։ Այդ առանցքը հիմա չկա, և ԲՀԿ-ում չեն համակերպվում Նաիրա Զոհրաբյանով նրա փոխարինման իրողությանը։ Սակայն այս հանգամանքը կարող էր էական չլինել, եթե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումը լրիվ անորոշության չմատներ ԲՀԿ-ին՝ քաղաքական դաշտում և հետագա քաղաքական վերադասավորումներում սեփական դիրքը, դերակատարման ուղեծիրը որոշելու հարցում։ ԲՀԿ-ում չեն կարողանում հասկանալ, թե ներկա պահին ի՞նչ խնդիր են լուծում իրենք քաղաքական դաշտում, և ինչպիսի՞ն է լինելու կուսակցության ռազմավարությունը` հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նաիրա Զոհրաբյանը չկարողացավ և չէր էլ կարող համոզել իր կուսակիցներին, որ կառուցողական ընդդիմության կարգավիճակը, իշխանության հետ համագործակցության չգնալը ամենանպաստավոր ստարտային վիճակն է ԲՀԿ-ի համար։ Դրանով Զոհրաբյանը դեմ գնաց այն սպասումներին, որոնք ունեին և դեռևս շարունակում են ունենալ ԲՀԿ-ում մնացած և նրա հիմնական ռեսուրսը հանդիսացող գործարար շրջանակները։ Նրանք անգամ ԲՀԿ ծառուկյանական «մենիշխանության» շրջանում չէին ընդունում կուսակցության քաղաքական հատվածի թելադրանքով իրականացվող արմատականացման կուրսը, ուր մնաց՝ համակերպվեն հիմա։ Պարզապես այն ժամանակ հրապարակավ անհամաձայնություն արտահայտելու համարձակությունը մեծ չէր, և հույս կար, որ Ծառուկյանի հաղթելու դեպքում իրենք կհայտնվեն «ձիու վրա»։ Պատահական չէ, որ Ծառուկյանի հեռանալուց և ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու հայտարարությունից անմիջապես հետո ԲՀԿ-ն բացառապես իշխանական ծիրի մեջ տեսնող գործարարների մի մասը պարզապես նախընտրեց հեռանալ։ Այն ժամանակ Զոհրաբյանի հիմնական գործառույթը ԲՀԿ-ի վերջնական փլուզումը և քաղաքական արենայից հեռանալը թույլ չտալն էր, ինչը, սակայն, մեկ տարի հետո կորցրել է իր գործնական նշանակությունը։

Թվում է, թե դա պետք է հանգեցներ ԲՀԿ-ից աղետալի նոր արտահոսքի։ Սակայն նման գործընթաց տեղի չի ունենում։ Պատճառը, թերևս, այն է, որ ԲՀԿ-ական գործարար շրջանակները հասկանում են, որ իրենց հնարավոր պահանջարկն առանձնապես մեծ չէ նաև իշխանության համար։ Որովհետև ԱԺ-ում պատգամավորական տեղերի զգալի նվազեցման և հատկապես համամասնական ընտրակարգին անցնելուց հետո իշխանությունն առանց այն էլ լուրջ խնդիր է ունենալու իր ակտիվի համար խորհրդարանում տեղեր ապահովելու, բոլորի` պատգամավոր դառնալու «ախորժակը» բավարարելու հարցում։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ից դուրս գալը նրանց համար կարող է հավասար լինել քաղաքական պրոցեսներից ինքնըստինքյան դուրս մնալուն։

Մինչդեռ ԲՀԿ-ն, քաղաքական բավականաչափ կշիռ ձեռք բերելու պարագայում, կարող է նրանց համար դեպի խորհրդարան ցատկահարթակի դեր կատարել։ Իսկ հիմնադրումից, այսինքն` 2006թ․ հետո մինչև Ծառոկյանի հեռացումը ԲՀԿ-ն կարողացել է չափազանց լուրջ կառուցվածքային, կազմակերպչական բազա ձևավորել ողջ հանրապետության տարածքում, ինչը չափազանց կարևոր և անփոխարինելի ռեսուրս է ընտրություններին նախապատրաստվող ցանկացած քաղաքական ուժի համար։

Նման իրողությունների պարագայում խնդիրը դառնում է ԲՀԿ-ն փլուզելու փոխարեն այդ ցատկին խանգարող ներքին խոչընդոտները չեզոքացնելը կամ հարթելը։ Իսկ Զոհրաբյանը, կուսակցությունը դեպի ընդդիմություն տանող իր քաղաքականությամբ, հենց այդ խոչընդոտն է: Եվ հիմա նրան կա'մ «գահընկեց անելու», կա'մ էլ մեծամասնության մոտեցմանը հարմարվել ստիպելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել։ Ահա, թե ինչու է Զոհրաբյանը ԲՀԿ-ում հայտնվել «սպիտակ ագռավ»-ի կարգավիճակում՝ ապավինելով ոչ գործարար հատվածը ներկայացնող ընդամենը մի փոքրիկ օղակի աջակցությանը:

Նաիրա Զոհրաբյանի հիմնական խնդիրն այն է, որ ոչ թե կուսակցություն կամ թիմ է ղեկավարում, այլ անհատներից կազմված ակումբ։ ԲՀԿ-ում այս պահին թիմ, որն ունի ընդհանուր նպատակներ, ընդհանուր գաղափարաբանություն, որը կարող է գործել միևնույն տրամաբանությամբ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհատական, խմբակային շահը զոհաբերել կուսակցական, ընդհանուր շահին, գոյություն չունի։ Այն պահին, երբ այդ խմբի անդամներն առանձին-առանձին որոշեցին, որ ԲՀԿ-ն չի կարող իրենց համար ապահովել դեպի իշխանություն այդ ցատկահարթակի դերը, նրանք հեռանալու են` աչք չթարթելով։ Հիմա դա տեղի չի ունենում միայն այն պատճառով, որ ԲՀԿ-ում հույս ունեն, որ քաղաքական պրոցեսները կարող են զարգանալ մի այնպիսի ուղղությամբ, երբ իշխանությանն անհրաժեշտ կլինի ԲՀԿ-ի հետ համագործակցությունը։ Այս տեսակետից կիսաընդդիմության կերպարով հանդես գալը նույնիսկ կարող է «ինքնարժեքը» բարձրացնելու միջոց դառնալ։ Ահա, թե ինչու էին ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրի ստորագրման շրջանում ԲՀԿ-ում սրտնեղում, որ ՀՀԿ-ն համագործակցության է գնում ոչ թե իրենց՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժի հետ, այլ՝ ՀՅԴ-ի։ Այնպես որ` ԲՀԿ-ում իսկական մակընթացություններն ու տեղատվությունները դեռ առջևում են։ ԲՀԿ-ն դեռ կշարունակի ցնցվել։

Գևորգ Դարբինյան 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica