close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նոր Հայաստան»-ի դավադրության ճանապարհային քարտեզը

Թեմա

24 Մարտի 2016, 18:38
 «Նոր Հայաստան»-ի դավադրության ճանապարհային քարտեզը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երեկ հրապարակել է Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ՝ ակնկալելով դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության համախմբումը։ Այդ «քարտեզով» գծվել է իբր արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունններով գործող «վարչախմբի» սահուն հեռացման սցենարը։ Հիմնական դերակատարը ժողովուրդն է, որը քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով՝ վարչական շենքերի շրջափակում, փողոցների փակում և այլն, «կաթվածահար է անելու քրեական ռեժիմի կառավարման համակարգը», ինչին չդիմանալով, իշխանությունը նշանակելու է «ժողովրդի վստահության» կառավարություն։ Վերջինս էլ կազմակերպելու է արտահերթ ընտրությունները՝ ի սկզբանե Սահմանադրական դատարանում սկսելով ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։

Նախ նշենք, որ այս քարտեզով «Նոր Հայաստանն» իրեն դուրս է դնում 2017թ․ կայանալիք ընտրությունների և ներկայումս ընթացող` Ընտրական օրենսգրքի մշակման հանրային քննարկումների կոնտեքստից։ Սա նշանակում է, որ, անկախ քաղաքական ուժերի հետագա կոնֆիգուրացիաներից, «Նոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին չպետք է մասնակցի, քանի որ, փաստորեն, ի սկզբանե այն օրինական չի համարում։

Այս մարտավարությունը նոր չէ․ «Նոր Հայաստանը» մոտավորապես նման տակտիկայով էր առաջնորդվում սահմանադրական հանրաքվեի ժամանակ՝ փորձելով այդ գործընթացը դարձնել հասարակական-քաղաքական կոնսոլիդացման և իշխանափոխության հարթակ։ Անգամ ամբողջական հաղթանակի վերջնաժամկետներ էին սահմանվել՝ դեկտեմբերի 1-ից 6-ը։ Թե ինչի՞ հանգեցրեց այդ մարտավարությունը, երևում է այն, մեղմ ասած, անմխիթար վիճակից, որում «Նոր Հայաստանը» հայտնվել է. որքան համառորեն է կառչած մնում ռադիկալիզմից, այնքան արագ է ընկնում մարգինալացման ճահճուտը։ Որևէ կասկած չկա, որ այս անգամ ևս պատմությունը կրկնվում է, և «Նոր Հայաստանը» ոչ թե իշխանափոխության խնդիրն է կարողանալու ավարտին հասցնել, այլև բացառապես սեփական գերեզմանը փորելու։

Բայց դա «Նոր Հայաստան»-ի ինքնուրույն ընտրությունն է, որն ամենակարևորը չէ։ Կարևորն այն նպատակներն  են, որոնք բացահայտ կամ թաքուն արտահայտված են իշխանափոխության ճանապարհային քարտեզում, որն իրականում պրոցեսների մակերեսային նկարագրություն է, որն ուղնուծուծով կառուցված է շաբլոնային, իրենց դարն ապրած տակտիկական լուծումների և մտասևեռումների վրա, որոնցից հասարակությունն ու քաղաքական ուժերը վաղուց արդեն հասցրել են հիասթափվել։ Այս փաստաթղթում ուղղակի ցուցադրվում է այդ միավորման ստեղծագործական, կրեատիվ մտքի սնանկությունը, իրավիճակներն ադեկվատ գնահատելու անկարողությունը։

«Քարտեզն» անգամ հպանցիկ ուսումնասիրելուց տպավորություն է ստեղծվում, թե այն գրել ու հրապարակել են ոչ թե քաղաքական գործիչներ, որոնք քաղաքական որոշակի փորձառություն ունեն և գոնե այդ փորձի հիման վրա պետք է որ քաղաքական հասունություն ձեռք բերած լինեին, այլ պետական կառավարման նրբություններից ու սահմանադրական կարգից բացարձակապես անտեղյակ դպրոցահասակ երեխաները։ Անհեթեթություններն այդ «քարտեզում» այնքան շատ են, որ գործնականում կարելի է տեսնել յուրաքանչյուր մտքի մեջ։ Օրինակ՝ «Նոր Հայաստանը» հերթական անգամ առաջ է քաշում հանրային վստահության կառավարություն ձևավորելու շաբլոնային գաղափարը։ Մի պահ պատկերացնենք, որ հանրային-քաղաքական կոնսոլիդացիան արդյունք է տվել, խուճապի մատնված «ռեժիմն» էլ համաձայնել է իշխանությունը հանձնել «հանրային վստահության» կառավարությանը։ Ովքե՞ր են լինելու այդ վստահելի նախարարացուները, ինչպե՞ս են նրանց ընտրելու, ներկայացնելու նշանակման։ «Նոր Հայաստանը» հանրաքվեի՞ է դնելու նոր կառավարության կազմը՝ հասարակության մեծամասնության հավանությունն ստանալու համար, թե՞ ինքն է հասարակության անունից որոշելու՝ ովքեր են այդ վստահելիները։

Մյուս կողմից` հարց է առաջանում՝ ի՞նչ իրավական հիմքի վրա է «փրկության ճակատն» անցկացնելու արտահերթ նախագահական ընտրություններ։ Ուժի մեջ մտած նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլևս նախագահական ընտրություններ չպետք է անցկացվեն։ Եթե դրանով այս մտքի ճարտարապետները փորձում են հասկացնել, որ հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը լեգիտիմ և ընդունված չեն համարում, ապա, կամա, թե ակամա, հայտնվում են օրենքից, Սահմանադրությունից դուրս վիճակում։ Փաստորեն, «Նոր Հայաստանը» որոշել է օրինականության վերականգնման իր երազանքն իրականացնել օրենքից դուրս գործունեությամբ։

Ավելին` ըստ էության՝ «Նոր Հայաստանը» որոշել է Հայաստանում դիկտատուրա հաստատել։ Եվ խնդիրը միայն սահմանադրական սեփական կարգեր հաստատելու մարազմատիկ մոտեցումները չեն։ Սահմանադրական դատարանի միջոցով ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ նախատեսելով՝ «Նոր Հայաստանը», փաստորեն, հասկանալի է դարձնում, որ ինքնուրույն է որոշելու՝ որ կուսակցությունների գործունեությունն է արգելվում, որոնցը՝ ոչ։ Ուշադրություն դարձրեք՝ նրանք ոչ թե դնում են ՀՀԿ-ի պատասխանատվության չափի, մեղավորության աստիճանի որոշման, ընդհանուր առմամբ՝ արդարադատության իրականացման խնդիր, այլ ի սկզբանե կայացնում են ՀՀԿ-ի դատավճիռը։ Մարդիկ, փաստորեն, որոշել են ուզուրպացնել ոչ միայն քաղաքական համակարգը՝ որոշելով` ով այնտեղ գործելու իրավունք ունի, ով՝ ոչ, այլև դատական համակարգը՝ թելադրելով Սահմանադրական դատարանին, թե հատկապես ինչպիսի որոշում պետք է կայացնի։

Ի դեպ, այստեղ ևս ուղղակիորեն առնչվում ենք հերթական անհեթեթության հետ։ Որովհետև ստացվում է, որ «քարտեզագիրների» համար իշխանությունը, կառավարությունը ոչ լեգիտիմ են և պարտադիր հեռացման ենթակա, բայց այ Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմ է։ Հակառակ դեպքում` նրան ՀՀԿ-ն փակելու հանձնարարական տալուց առաջ նախ երևի ճանապարհային քարտեզում ՍԴ-ի կազմի փոփոխությունը ևս կնախատեսվեր։ Այստեղ, իհարկե, չենք ծավալվում այն հերթական անհեթեթության մասին, թե ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ի փակման «հանդիսավոր արարողությունը» կատարի հենց ՍԴ-ն։ Սա երևի կբացատրեն միայն «Նոր Հայաստան»-ի մտքի գիգանտները, ովքեր հասարակությանը ձեռքի հետ առաջարկում են իշխանափոխության համար պարալիզացնել պետական համակարգը, այսինքն` պետական իշխանության ինստիտուտների բնականոն գործունեությունը՝ շրջափակման ենթարկելով պետական վարչական մարմինները։ Կարելի է ասել` սրանից դավադրության հոտ է փչում՝ անկախ նրանից՝ «Նոր Հայաստանում» զգո՞ւմ են այդ հոտը, թե՞ ոչ։ Փորձելով քողարկել այս իրողությունը՝ «քարտեզում» դրա հեղինակները նշել են «քրեական ռեժիմի կառավարման համակարգը պարալիզացնելու» մասին։ Բայց նրանք մոռացել են հստակեցնել, թե կոնկրետ ո՞րն է քրեական ռեժիմի կառավարման համակարգը, իսկ որը՝ պետությանը։ Պարզ է՝ էլի իրենք կորոշեն…

Գևորգ Դարբինյան 

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica