close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենաերջանիկ երեխաների ոչ երջանիկ ծնողները

Թեմա

23 Մարտի 2016, 15:49
 Ամենաերջանիկ երեխաների ոչ երջանիկ ծնողները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ «Դպրոցական տարիքի երեխաների վարքը առողջության տեսանկյունից-2016» թեմայով: Ուսումնասիրվել են աշխարհի 42 երկրի 11-15 տարեկան 220 հազար երեխաների տվյալներ: Պարզվել է, որ Հայաստանումև էլի մի քանի երկրներում ապրող երեխաներն ամենաառողջն են եւ ամենաերջանիկը:

Անշուշտ, այս նորությունն անչափ դուր կգա «վաղը լավ է լինելու» բացականչողներին, որոնց հույսը երեխաներն են` միայն, բացառապես: Բայց այստեղ մի խնդիր կա, բանն այն է, որ ՄԱԿ-ի պատվերով հենց այս տարի անցկացված համաշխարհային ուսումնասիրությունների արդյունքում աշխարհի 157 երկրների շարքում Հայաստանը 121-րդ տեղում է՝ երջանկության առումով: Հարկ է նշել, որ այս վերջին ուսումնասիրությանը մասնակցել են երկրների չափահաս բնակիչները:

«Մեծերի» ուսումնասիրության հեղինակները նշում են, որ մարդիկ իրենց երջանիկ կամ ոչ երջանիկ են համարում` հիմնականում հաշվի առնելով իրենց երկրներում սոցիալական հավասարության մակարդակը կամ սոցիալական, տնտեսական, բնապահպանական գործոնների բարենպաստությունը: Գուցե եւ այդպես է, թերեւս այդպես է, բայց կոնկրետ Հայաստանի պարագայում, մանավան`դ զուգադրելով այս՝ «մեծերի» եւ «փոքրերի» երջանկության չափման գրաֆիկները, նկատվում է մի հոգեբանական գործոն եւս: Բանն այն է, որ մեր երեխաները երջանիկ են, քանի որ հոգսեր չունեն, ավելի ճիշտ՝ ունեն, բայց ծնողներն այդ հոգսերը լուծում են` ամենափոքրից սկսած, ամենամեծով ավարտված: Օրինակ` եթե մեր երեխային երջանկության համար ոչ թե ապուր է պետք, այլ տապակած կարտոֆիլ, հարց չկա՝ ահա քեզ տապակած կարտոֆիլը: Եթե երջանիկ լինելու համար ոչ թե անցյալ տարվա վերարկուն է պետք, այլ նորը եւ կարմիրը, ապա` ահա քեզ կարմիր նոր վերարկու: Եթե վերջին մոդելի բջջային հեռախոս է պետք, խնդրեմ, այն քոնն է: Արդյունքում` մենք կտրում ենք մեզանից, ավելի ճիշտ՝ նվազեցնում ենք մեր անձնական երջանկությունը, փոխարենը մեր երեխաներին ամենաերջանիկն ենք դարձնում: Անշուշտ, յուրաքանչյուր ծնող կնշի, որ իր երջանկությունը իր երեխային երջանիկ տեսնելն է, բայց, երբ նրան ինչ-որ միջազգային կազմակերպությունից մեկը մոտենա եւ հարցնի, թե` երջանի՞կ եք  ձեզ համարում, նա կպատասխանի՝ ոչ, իսկ այդպես կպատասխանի անգամ այն պարագայում, երբ իր երեխայի համար հենց նոր խանութից կարմիր վերարկու է գնել` պարտքով, մի քանի ամիս հետո գումարը հետ վերադարձնելու պայմանով. բա երեխեն ուզեց, հո չէի՞ մերժելու, բա էլ ինչի՞ համար ենք ապրում…

Ու հենց այստեղ էլ այս պատմության ամենամեծ խնդիրն է առաջանում. մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ամեն ինչ նրանց տալու ենք, ոչ թե իրենք ամեն ինչ ունենալու են, քանի որ վաստակելու են, որովհետեւ ինչ-որ բան ունենալու համար պետք է վաստակել, այլ մենք ամեն ինչ նրանց տալու ենք: Եվ երբ նրանք մեծանում են, եւ երբ մենք այլեւս ո'չ ֆիզիկապես, ո'չ էլ, առավել եւս, նյութապես նրանց ոչ մի բան էլ չենք կարողանում տալ, իսկ նրանք, քանի որ մեծացել են, մեծացրել են նաեւ իրենց պահանջները, ձեւավորվում է ոչ երջանիկ հասարակություն` աշխարհում թվով 121-րդը: Բայց նաեւ` պարադոքսալ հասարակություն, քանի որ մեր երեխաներն էլ իրենց երեխաներին ոչինչ չեն մերժելու, եւ մենք դեռ երկար ենք մնալու ոչ երջանիկ մեծեր՝ ամենաերջանիկ երեխաներով:

Հովիկ Աֆյան 

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica