close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական դեմարշ` ԱՄՆ-ին․ Մոսկվան ակտիվանում է

Թեմա

21 Մարտի 2016, 20:55
 Ադրբեջանական դեմարշ` ԱՄՆ-ին․ Մոսկվան ակտիվանում է

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով անանուն դիվանագիտական աղբյուրների, նշում են, որ ապրիլի սկզբին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու՝ իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ քննարկելու ԼՂ հիմնահարցը և «Հյուսիս-հարավ» նախագիծը։ Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա Լավրովի այցը կարող է կայանալ Վաշինգտոնում անցկացվելիք միջուկային անվտանգության գագաթաժողովից հետո, որին մասնակցելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և որի շրջանակում կարող է կազմակերպվել նրանց՝ այս տարվա ընթացքում առաջին հանդիպումը։

Ուշագրավ է, որ Լավրովի մեկնումը Բաքու տեղի է ունենում մարտի 10-ին Կրեմլում կայացած` Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ֆոնին։ Հանդիպում, որն անցավ կիսագաղտնի ռեժիմով, իսկ բանակցությունների միակ օրակարգային հարցը, որի հետ կապված կողմերը որևէ ակնարկ չարեցին, ԼՂ հարցն էր։ Դա այն դեպքում, երբ նախագահ Սարգսյանի ժամանումը Մոսկվա ռուսական կողմն ակտիվորեն մատուցում էր հենց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով պայմանավորված անհանգստություններով, որը պետք է լիներ Պուտին-Սարգսյան բանակցությունների ամենաառանցքային թեման։ Չի բացառվում, որ Լավրովի այցը բխում է Կրեմլում կայացած այդ հանդիպման տրամաբանությունից։ Ամեն դեպքում փաստը, որ ՌԴ-ի ակտիվացումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Վաշինգտոն կատարելիք այցի շրջանում, վկայում է վաշինգտոնյան հնարավոր հանդիպումից Մոսկվայի ունեցած անհանգստության և ամերիկյան նախաձեռնությունները չեզոքացնելու տրամադրվածության մասին:

Երեք օր առաջ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերահաստատել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնությունների աճի կանխարգելման մեխանիզմների տեղակայման` ամերիկյան առաջարկները մերժելու` Բաքվի դիրքորոշումը։ Մամեդյարովի հիմնական պատճառաբանությունն այն է, որ այդ մեխանիզմներն ուղղված են ստատուս քվոն պահպանելուն և «ադրբեջանական տարածքների օկուպացիան» շարունակելուն։ Ավելին` Մամեդյարովը նշել է, թե հակամարտության կարգավորման իրավական հիմքերը սահմանվել են ՄԱԿ-ի ԱԽ հայտնի 4 բանաձևերով, որոնց համաձայն, ըստ ադրբեջանական կողմի, հայկական ուժերը պետք է ամբողջովին դուրս բերվեն «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից»:

Մի քանի օր առաջ Նովրուզ Բայրամի տոների կապակցությամբ ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է երեսպաշտության, երկակի ստանդարտների կիրառման և Հայաստանին պաշտպանության տակ առնելու մեջ։ Դրան զուգահեռ, որքան մոտենում է ԱՄՆ մեկնելու օրը, այնքան Ադրբեջանն ավելի է սրում իրադրությունը ԼՂ-ի հետ սահմանագոտում։ Ընդ որում՝ տարօրինակ օրինաչափությամբ Բաքուն գրեթե հրաժարվել է Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններից, որը ոչ միայն ՀԱՊԿ-ի սահման է, այլև, Հայաստանի անվտանգության երաշխավորման առումով, գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում։ Այսինքն` մի կողմից Բաքուն ուղղակի հակադրվում է ԱՄՆ-ի նախաձեռնությանը, հրաժարվում մադրիդյան գործընթացից և դրա արդյունքում մշակված կարգավորման հիմնարար սկզբունքներից, մյուս կողմից` ձեռնպահ մնալով Հայաստանի սահմանները թիրախավորելուց՝ փաստորեն, փորձում է խնդիրներ չստեղծել Ռուսաստանի համար։

Տարօրինակ է, որ պաշտոնական Բաքուն թե' շփման գծում բռնությունների հետաքննման մեխանիզմների ներդրման` ամերիկյան առաջարկների և թե' ՄԽ եռանախագահության ձևաչափի դեմ հերթական քարոզչական-դիվանագիտական արշավը սկսում է Ալիևի` Վաշինգտոն մեկնելու նախօրեին։ Սա կարող է նշանակել, որ Բաքուն ի սկզբանե փորձում է Վաշինգտոնին հասկանալի դարձնել, որ պատրաստ չէ այդ գագաթաժողովի շրջանակում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, կամ` անգամ հանդիպելուն համաձայնելու դեպքում դրանից լուրջ սպասելիքներ պետք չէ ունենալ, և որ առհասարակ մերժում է ամերիկյան միջնորդությունը խաղաղության վերականգնման հարցում։ Բաքուն հասկացնում է նաև, որ չի պատրաստվում ընկրկել Վաշինգտոնի հնարավոր ճնշումների առջև։ Պատահական չէ, որ հենց Վաշինգտոն մեկնելուց առաջ Ալիևը հրահանգեց ազատ արձակել մի քանի տասնյակ քաղբանտարկյալների։ Դրանով նա Վաշինգտոնին զրկեց իր նկատմամբ ճնշման հիմնական լծակներից մեկից։

Նման դեմարշային քայլերը հնարավոր չէ պատկերացնել առանց լուրջ քաղաքական օժանդակության, որը կարող է Բաքվին ցուցաբերել Ռուսաստանը։ Վերջինիս համար Բաքվի այս կոշտ մերժողականությունը հիանալի գործիք է՝ չեզոքացնելու համար հաստատված ստատուս քվոն հավերժացնելուն, բայց որ շատ ավելի էական է՝ գերտերությունների միջև կռվախնձորի վերածված՝ ԼՂ շփման գոտում միջազգային խաղաղապահներ տեղակայելուն փոխարինող մեխանիզմների ներդրման նախաձեռնությունները։ Այդ խնդիրը դիվանագիտորեն լուծելու լավագույն միջոցը կարգավորման այլընտրանքային պրոցես ձեռնարկելն է կամ դրա իմիտացիա ստեղծելը, որի համատեքստում էլ, թերևս, Լավրովը մեկնում է Բաքու։

Եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը շեշտադրումը կատարում են հրադադարի ռեժիմի պարտադիր պահպանման վրա՝ իբրև հիմնահարցի կարգավորման առանցքային նախապայման, ապա Մոսկվան նախընտրում է կողմերի միջև սպառազինության մրցավազքի վերահսկողությունը, որը, սակայն, կատարելապես իմաստազրկվում է հրադադարի ռեժիմին վերադառնալու և ստատուս քվոն փաստացի հավերժացնելուն ուղղված մեխանիզմների ներդրման դեպքում։ Մարտի 3-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցը վերահաստատեց Ադրբեջանի սպառազինման հարցում համագործակցությունը շարունակելու` Մոսկվայի հակվածությունը։ Իսկ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանից ստացել է որակապես նոր սպառազինություն, այլև, որ շատ ավելի էական է, ստացել է հետագա մատակարարումների երաշխիք։ Ահա այսպես է Մոսկվան նպաստում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։

Գևորգ Աղաբաբյան  

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica