close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն. նախագահի ուշագրավ «երթուղին»

Թեմա

18 Մարտի 2016, 17:35
 Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն. նախագահի ուշագրավ «երթուղին»

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է եվրոպական` իր գրեթե մեկշաբաթյա ուղևորությունից, որի շրջանակներում եղավ Հունաստանում, Կիպրոսում և Բելգիայում։ Բրյուսելում նա մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին։

Հատկանշական է, որ իր եվրոպական «տուրնեն» Սարգսյանը ձեռնարկեց Մոսկվա կատարած այցելությունից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Այս ամսվա վերջին նա կմեկնի նաև Վաշինգտոն՝ մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին։ Այս այցելությունների ենթատեքստային ուղերձն այն է, որ Հայաստանը շարունակելու է իր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և արեւմուտքի միջև, և որ Ռուսաստանի գործոնը չի խանգարում Երևանին` կատարել իր ստանձնած այլ պարտավորությունները, այդ թվում` նաև ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում։ Թեև ԵԺԿ-ի գագաթաժողովը կուսակցական ձևաչափ է, սակայն կարևոր հարթակ է ԵՄ-ի հետ հաղորդակցության և անհրաժեշտ ուղերձները արևմտյան լսարանին հասցնելու համար։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերում եվրոպական այդ կուսակցության գագաթաժողովներին մասնակցության հարցում։

Երևանը վերջին շրջանում նկատելիորեն ինտենսիվացրել է արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, որին նոր թափ հաղորդեց երկու շաբաթ առաջ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան։ Երևանում Մոգերինին ակնարկել էր, որ այդ վերաթարմացված հարաբերությունների կենսունակության համար չափազանց կարևոր է Հայաստանի ինքնուրույնությունը։ Եվ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նախաձեռնելով հատկապես Բրյուսել այցելություն` փորձ է արվում փարատել եվրոպացիների մտավախությունները, անուղղակի ապացուցել, որ Հայաստանը կարող է բավարար չափով անկախ քաղաքականություն վարել և պատրաստ է գնալ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը։ Հարցը, սակայն, այն է՝ ե՞րբ և ի՞նչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ, եթե անգամ անտեսենք ինչ-որ փուլում Ռուսաստանի կոպիտ միջամտության վտանգը։

Խնդիրն այն է, որ թեև հռչակագրային մակարդակով կողմերը խնդիր չունեն, իսկ համաձայնագրի բովանդակության, բարեփոխումների ուղղությունների որոշման առումով բանակցություններն աշխատանքային մակարդակում բնականոն ընթացքի մեջ են, սակայն իրականում Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են անորոշ վիճակում։ Դա պայմանավորված է երկու հիմնական գործոնով։

Առաջինը ԵՄ-ին համակած անորոշությունն է` հենց իր ապագայի հուսալիության, ամբողջականության պահպանման և, որ ամենաէականն է, ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության ու Արևելյան գործընկերության ծրագրի փաստացի ճգնաժամային վիճակում գտնվելու իմաստով։ Մեծ Բրիտանիան այս ամռանը ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացնի, և մեծ է հավանականությունը, որ բրիտանացիները հավանություն տան այդ գաղափարին։ Դա կարող է դառնալ ԵՄ-ի փլուզման սկիզբը։ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո, ինչպես նաև սիրիացի ու իրաքցի փաստականների` դեպի ԵՄ անկառավարելի հոսքի առաջացրած քաոսի և համահասարակական սթրեսի պատճառով ԵՄ երկրների հասարակությունները փորձում են հասկանալ՝ որքանո՞վ է ունակ ԵՄ համակարգն ապահովել իրենց անվտանգությունը, ԵՄ-ն, ի վերջո, Եվրոպայի անվտանգությա՞ն, թե՞ անվտանգությանը սպառնալիքի աղբյուր է, որովհետև, առանց չափազանցության, Եվրոպան կանգնել է քաղաքակրթական, արժեքային և ժողովրդագրական դիմագծի աղետալի աղճատման վտանգի առջև։ Դժվար է պատկերացնել, որ այս պայմաններում, երբ անգամ ինքն իր ներքին խնդիրները կարգավորել չի կարողանում, Բրյուսելը ունակ է մտածել իր հետագա ընդլայնման մասին։ Բրյուսելն անգամ պատրաստ չէ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերն ստորագրած Ուկրաինային ու Վրաստանին տալու այն, ինչ խոստանում էր Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկին։ Կիևի, Թբիլիսիի հիասթափություններն այս իմաստով ուղղակի աչքի առաջ են, և հնարավոր չէ դրանք անտեսել։

Երկրորդ գործոնը կապված է 2017թ․ Հայաստանում կայանալիք խորհրդարանական  ընտրությունների հետ։ ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Երևանում հայտարարեց, որ պետք է ուշադրություն դարձվի ընտրական համակարգի բարեփոխումներին: «Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է համաձայնություն գան այս հարցում: ԵՄ-ն սատարում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում տեղ գտած առաջարկներին»,- ասաց նա՝ հասկանալի դարձնելով, որ հենց Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում քաղաքական կոնսենսուսի հասնելու կարողությունը և կայանալիք ընտրությունների որակն ու լեգիտիմությունն են հաշվի առնվելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հարցում։

ԵԺԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե, ԵՄ-ի հետ  հարաբերությունների դինամիկ զարգացման առումով, կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Պետք է ենթադրել, որ նկատի է առնվում Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Բայց սա Բրյուսելում ընկալում են ոչ միայն որպես վերաթարմացվող ԵՄ-Հայաստան համաձայնագրային համագործակցության բաղադրիչ, այլև՝ նախապայման։ Եվրոպական կառույցները` ի դեմս ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Ընտրական օրենսգրքի ընդունման ներկայիս գործընթացում, խորհրդատվական առումով, ներգրավված են անմիջականորեն։ Նրանք փաստացի դառնում են Ընտրական օրենսգրքի և նոր ընտրական համակարգի համահեղինակ, ինչը ԵՄ-ին ինչ-որ իմաստով համապատասխանատու է դարձնում օրենսգրքի որակի համար։ Այլ խնդիր է բուն ընտրությունների անցկացումը, որը բացառապես ՀՀ իշխանությունների պատասխանատվության դաշտում է։ ԵՄ-ն իշխանություններից որակյալ ընտրություններ անցկացնելու կոնկրետ երաշխիքներ է սպասում և դրա բավարարման մակարդակից է կախված լինելու՝ կմնա՞ն ԵՄ-Հայաստան հարաբերությունները միայն ձևականության կամ հռչակագրային դաշտում, թե՞ ձեռք կբերեն իսկապես նոր բովանդակություն և կհանգեցնեն երկրում արմատական, համակարգային բարեփոխումների։

Գևորգ Դարբինյան            

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica