close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմության ներքին փչացման մեխանիկան

Թեմա

17 Մարտի 2016, 16:59
 Ընդդիմության ներքին փչացման մեխանիկան

Նիկոլ Փաշինյանի կուսակցության առաջին փորձությունը

ՀԱԿ խմբակցությունը հրապարակավ հրաժարվեց բավարարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստացի ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը` Հրազդան քաղաքն ընդգրկող 25-րդ ընտրատարածքի թվով 28 ընտրական տեղամասերում ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող՝ ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված, ՔՊԿ-ն ներկայացնող Սասուն Միքայելյանի վստահելի անձանց։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մերժումը հիմնավորել է նրանով, որ միջնորդությունը չի ներկայացվել դրա համար նախատեսված ընթացակարգով, և որ հատկապես Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի ներկայացուցիչները վստահելի և սկզբունքային են, նրանց փոխարինելու կարիք չկա։  

ՀԱԿ-Փաշինյան այս փոքրիկ մենամարտը մի քանի հետաքրքրական ծալքեր ունի, որոնց քաղաքական նշանակությունն ու էֆեկտն ավելի մեծ են, քան թվում է առաջին հայացքից։ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի մասնակցությունը զուտ անձնական հավակնությունների խնդիր չէ։ Այս ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին լուրջ փորձությունն են` ստեղծվելուց ի վեր, որի արդյունքները պատասխանելու են այն հարցին, թե ինչի՞ կարող է հավակնել նորաստեղծ կուսակցությունը։ Չնայած շեշտադրումը հիմնականում արվելու է Հրազդանում Միքայելյանի հեղինակության և ազդեցության վրա, սակայն ՔՊԿ-ի համար սա փորձություն է 2017թ․ խորհդարանական ընտրություններին նախապատրաստության առումով։ Պատահական չէ, որ Փաշինյանն անձամբ է ստանձնել Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարման պատասխանատվությունը։ Եթե նրանց հաջողվի հաղթանակի հասնել, դա կստիպի թե' պոտենցիալ մրցակիցներին և թե' հանրությանը ՔՊԿ-ին ու նրա հավակնություններին շատ ավելի լուրջ վերաբերվել։ Այս իմաստով Հրազդանում Միքայելյանի հաղթանակի ապահովումը սկզբունքային նշանակություն ունի Փաշինյանի համար։ Իսկ այս խնդրի լուծման ամենակարևոր երաշխիքը ընտրատեղամասային հանձնաժողովների գերվստահելի անդամներ ունենալն է և նրանց ու վստահված անձանց միջոցով Միքայելյանի ստանալիք քվեները պաշտպանելը։ Այս ընտրությունները կարևոր փորձադաշտ են ՔՊԿ-ի համար նաև ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ հանրային վերահսկողության` իրենց առաջարկած մեխանիզմների արդյունավետությունն ստուգելու առումով։

 

ՀԱԿ-ին «փչացնելու» փորձ

Այս ամենը, իհարկե, հասկանալի է։ Անհասկանալի է այն, թե ինչո՞ւ են Փաշինյանը և Զուրաբյանը նախընտրել ընտրություններում ՀԱԿ-ի ռեսուրսների կամ լծակների օգտագործման հարցը հրապարակային ձևով, նամակագրության ձևաչափով քննարկելու ոճը։ Բանն այն է, որ ինքնին ՀԱԿ-ին նման եղանակով առաջարկ ներկայացնելը առաջին հերթին զուտ մարդկայնորեն վիրավորական է։ Որովհետև ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին վստահելի մարդկանցով փոխարինելու մասին անգամ հպանցիկ ակնարկը նշանակում է, որ Փաշինյանը և Միքայելյանը ոչ միայն չեն վստահում ՀԱԿ-ին և հանձնաժողովներում նրանց ունեցած ռեսուրսի ազնվությանը, այլև դա դարձնում են հանրության «բերանի ծամոնը»։ Եթե Զուրաբյանը համաձայներ դրան, ապա, կամա, թե ակամա, խոստովանելու էր, որ ոչ միայն իրենք ևս չեն վստահում ընտրատեղամասային հանձնաժողովների իրենց անդամներին, այլև դրանով իսկ հաստատում են անգամ տեղական նշանակության ընտրությունները վերահսկելու` իրենց անընդունակությունը։ Եվ այս իմաստով Փաշինյանի հրապարակային դիմումն այլ բան չէր, քան ՀԱԿ-ին «փչացնելու» փորձ։ Դժվար է պատկերացնել, որ հարցը բարձրացնելիս Փաշինյանն ու Միքայելյանը չեն հասկացել այս ենթատեքստերը և չեն ենթադրել, թե ինչպիսին է լինելու ՀԱԿ-ի արձագանքը։ Իսկ եթե պատկերացրել են, ապա պետք է ենթադրել, որ նաև հենց դա էլ սպասել են՝ ՀԱԿ-ին իշխանություններին ծառայելու մեջ մեղադրելու համար։

Սասուն Միքայելյանի հաղթանակը՝ լակմուսի թուղթ

Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը կարող էր ինքն այս խնդիրը տեղափոխել կուլիսային հարթություն, եթե առաջնորդողը լիներ ոչ թե Փաշինյանի և Միքայելյանի նկատմամբ անձնավորված կանխակալ վերաբերմունքը, միջանձնային հակակրանքը, այլ քաղաքական ողջախոհությունը և սառը պրագմատիզմը։ Ի վերջո, Միքայելյանի հաղթանակը, անկախ նրա քաղաքական հայացքներից, նրա հետ ներքին հակասություններից, խռովածությունից, լինելու է ողջ ընդդիմության լոկալ հաղթանակը, որը գուցե նաև սովորեցներ` ինչպես կարելի է կոնսոլիդացվել և համագործակցել ընտրությունների վերահսկողության ապահովման հարցում, ինչպես կարելի է լոկալ հաղթանակների մեխանիզմը դարձնել իշխանության նկատմամբ առավելության հասնելու, հաղթանակ տանելու մարտավարություն։ Եվ հենց այս հանգամանքը ՀԱԿ-ՔՊԿ դիմակայությունը դուրս է բերում զուտ ներխմբակային գզվռտոցների մակարդակից, և լակմուսի թղթի նման բացահայտում, թե ինչ ռեսուրսով կամ ավելի ճիշտ ռեսուրսի բացակայությամբ է ընդդիմությունը պատրաստվում մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Ընդդիմությունն ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումների համատեքստում անդադար թմբկահարում է իշխանության նկատմամբ անվստահության մասին՝ մոռանալով իր ներսում առկա և հանրության առջև ջանասիրաբար դրսևորվող վստահության դեֆիցիտի ու մանրախնդրության մասին։ Եթե անգամ մեկ քաղաքի կտրվածքով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա ի՞նչ սպասել համապետական նշանակության ընտրություններում նրանց պահվածքից։ Սա է, փաստորեն, ընդդիմության առաջարկած այլընտրանքը։

Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica