close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կերակրեք ագռավներին

Հարթակ

14 Մարտի 2016, 17:40
 Կերակրեք ագռավներին

Գարնան սկզբին այգիներում կախված ճոճանակները սովորաբար ժանգոտված են լինում: Բացի ագռավներից, ոչ ոք չի ճոճվում դրանց վրա: Պապս ասում էր` երբ ագռավը կռռում է, պետք չէ ասել «չոռ», այլ` «ջան», որ կռռոցը կռռոց չբերի:

-Պապի', ա'յ պապի, բայց ինչո՞ւ են «չոռ» ասում, էդ էլ իր երգն է, էլի:

-Ե՞րգ… Կմեծանաս,  ուրիշ երգեր կլսես, ագռավի ձայնն էլ երգ չի թվա:

Մի քիչ մեծացել եմ, բայց ագռավի ձայնն այդպես էլ երգ մնաց ինձ համար` ղա՜ռ, ղա՜ռ, ղա՜ռ...

***

Կողքիս ճոճանակին ագռավ է կանգնած ու ճոճանակի ամեն ճռճռոցի հետ հաճույքով կռռում է սևուկ Ղառ-ղառս:

8-9 տարեկան էի, վրաս դուրս էր տվել, բժիշկը խիստ դիետա էր նշանակել: Բացի խաշած բրնձից, ոչինչ չէի ուտում, ու ոչ էլ դրսում` արևի տակ խաղալ էր կարելի: Պապս ասում էր, որ փոքր բաներից է ձևավորվում կյանքում ամենակարևորը` կամքի ուժը: Այդ ժամանակ իբր սիրահարված էի ու պապիս հետ կռվում էի` կարևորը սերն է, ոչ թե կամքի ուժը: Պապս լուռ ժպտում էր:

-Լսի'ր, Ղառ-ղա'ռ, մի քիչ մեծացել եմ ու նոր միայն հասկացել` կարևորը կամքի ուժն է, ու հիմա վախենում եմ, վախենում եմ սերը երկրորդ տեղում տեսնել:

Շուրջս արդեն ագռավների նվագախումբ է հավաքվում: Ղառ-ղառս էլ լսելու էթիկա չունի` ուշք ու միտքն իր երգն է ու դրանով ինձ վրա տպավորություն թողնելը: Եթե այգում երկար մնամ, մտքերս են ճոճելու ինձ, այն էլ` ագռավների ներկայությամբ, բայց քանի դեռ չեմ հաշտվել մտքի հետ, որ կամքն է առաջին տեղում, ճոճվում եմ:

Պապս ասում էր, որ եթե երկար ճոճվեմ, կսովորեմ ու էլ գլխապտույտ չեմ ունենա ճոճքից. նրա խաթր փորձում էի, բայց վերջում ավելի վատ էի ինձ զգում:

-Կմեծանամ` կսովորեմ,- մտածում էի:

Մի քիչ մեծացել եմ, բայց հիմա ճոճանակ հազարից մեկ եմ նստում, նստելիս էլ պապիս հետ եմ մտքերով լինում ու հետո չեմ հիշում' գլխապտույտ ունենո՞ւմ եմ, թե՞ չէ:

***

-Լսի'ր, Ղառ-ղա'ռ, ձեզ մոտ ինչպե՞ս է, դո՞ւք էլ եք շատ ձևերի հետևից ընկնում ու մոռանում ապրել:

Ճոճանակի ճռռո՞ցը, թե՞ ագռավի երգն է ավելի շատ դուր գալիս, չեմ զգում, բայց տեսնես` ինչո՞ւ ճոճանակի ճռռոցին չեն ասում «չոռ»:

***

Պապս խնձորը չորս մասի էր բաժանում, երեքը հերթով տալիս ինձ, մեկն իրեն պահում, մտածում էի` մեծանամ, պապիս այնքան խնձոր եմ առնելու, որ կծելով ուտենք:

-Պապի', բայց քեզ` քիչ, ինձ շատ ես տալիս, այսպես չեմ ուզում:

-Իսկ դու մի' հաշվիր. երբ ինչ-որ մեկին սիրում են, տվածի շատն ու քիչը չեն հաշվում, տվողն էլ այդ մասին չի մտածում:

Խնձորը չորս մասի եմ բաժանում` մեկն ինձ, երեքն ագռավին. ագռավը միայն մեկը կերավ:

-Լսի'ր, Ղառ-ղա'ռ, թռչելիս մարդկանց նկատո՞ւմ ես, թե՞ թռիչքդ ես վայելում:

***

Ճոճանակ դնելիս պետք է ագռավների համար փայտ կախեն. ամեն մեկս մեր տեղում կճոճվեինք, բայց Ղառ-ղառի համար միևնույն է` իրեն տեղ հատկացրե՞լ են ճոճվելու համար, թե՞ ոչ, ինքը թռչել գիտի:

Պապս չէր ասում` թռչելու համար թևեր պետք չեն, ասում էր` ինչքան թևերդ համաչափ շարժես, այնքան ավելի հանգիստ կթռչես:

Արյունոտված ծնկներով ու լացելով վազում էի պապիս մոտ:

-Բան չկա, թոռնի'կս, բոլորն էլ ընկնում են:

-Պապի', Անուշիկն էր մեղավոր… Ծունկս շատ է ցավում:

-Ծնկիդ ցավը կանցնի: Կարևորը` այ, այստեղ չի ցավում,- ասում էր պապս ու կրծքավանդակս ցույց տալիս:

-Է, պապի', ինչ ես ասում, այդ ինչպե՞ս պիտի ընկնես, որ կրծավանդակդ ցավեցնես:

-Պարտադիր չի ընկնես,- ասում էր պապս:

***

Ճոճանակին նստած եմ, բայց էլ չեմ ճոճվում, մտածում եմ` տեսնես եթե մեռած ձևանամ, Ղառ-ղառը կգա, աչքերս կհանի՞…

Ամռան շոգ օր էր: Պապիս սիրտը թուլացել էր, ջուր էր ուզում: Ջրի բաժակը ձեռքիս` վազում էի պարտեզ, բայց դռան մոտ մի մեծ ագռավ էր կանգնած: Աչքերս փակ էի ագռավի կողքով անցնում` լսել էի` մարդու աչք է հանում:

-Պապի', աչքերս տեղո՞ւմ են, չէ՞:

-Ագռավը միայն սոված ժամանակ է մարդու աչք հանում, այն էլ` մահացած մարդու, բայց տես` ինչ կերած-խմած ագռավ է սա…

Ամեն առավոտ բոլորից թաքուն տանիքին հաց էի նետում` թող ագռավները կուշտ լինեն…

***

Դանդաղ ճոճվում եմ: Ճոճոնակն էլ չի ճռճռում` երկաթները տաքացել են` սովորել շարժմանս ռիթմին: Ղառ-ղառն ավելի է ոգևորվել, ձայնը գլուխը գցած` երգում է ու երգում: Թմբիրի մեջ եմ, թվում է` մի քիչ էլ ճոճվեմ` կանէանամ, բայց ճիշտը գնալն է, ճիշտ ժամանակին գնալը:

Պապս չէր ասում` պիտի գնաս այնտեղ, ուր քեզ սպասում են, փոխարենն ասում էր, որ կարևորը շարժն է:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica