close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի Բաքու՝ ահաբեկչության զոհերի վրայով

Թեմա

14 Մարտի 2016, 15:20
 Դեպի Բաքու՝ ահաբեկչության զոհերի վրայով

Չնայած Անկարայում մարտի 13-ի երեկոյան կատարված ահաբեկչությանը, որին զոհ է գնացել 34 քաղաքացի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է չհետաձգել վաղը Ադրբեջան կատարելիք այցը։ Նա Ադրբեջան պետք է գնար դեռ փետրվարի 17-ին, սակայն դրա նախօրեին էլ Անկարայում իրականացված ահաբեկչության պատճառով, որը խլել էր երկու տասնյակից ավելի պրոֆեսիոնալ ռազմական օդաչուների կյանք, հետաձգեց այցը՝ Բաքու ուղարկելով արտգործնախարար Չավուշօղլուին։

Այս անգամ  նույն կերպ չվարվելով՝ էրդողանն ընդգծում է իր համար այցի առանցքային նշանակությունը, մյուս կողմից` հասկանալի դարձնում, որ, անկախ ահաբեկչության մոտիվներից, նման մեթոդները չեն կարող ազդել Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա և Անկարային օրակարգ թելադրել։

Փաստը, որ ահաբեկչությունները տեղի են ունենում հենց Ադրբեջան մեկնելու նախօրեին, թերևս, զուտ պատահական համընկնում է։ Իրավապահներն արդեն հայտարարել են, որ պայթյունն իրականացրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում ճանաչված Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) կին անդամներից մեկը։ Մեկ ամսվա ընթացքում Անկարայի կենտրոնում կատարված երկու խոշոր և արյունալի ահաբեկչությունների իրականացման նմանությունը (երկուսն էլ իրականացվել են ուղևորներ տեղափոխող ավտոբուսներին բախվող ավտոմեքենաների պայթեցմամբ) թույլ է տալիս ենթադրել, որ դրանց կազմակերպիչը նույն շրջանակն է, և որ սա ոչ թե զուտ առանձին ահաբեկչական ակտեր են, այլ նույն սցենարով իրականացվող ահաբեկչությունների պլանավորված շարք։ Անկարայի ոստիկանությունը հայտարարել է պայթուցիկներով բեռնված 20 ավտոմեքենա փնտրելու մասին,  և դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչությունների շարունակման իրական վտանգի մասին խոստովանություն։

Սակայն որո՞նք են այս ահաբեկչությունների պատճառները և ինչի՞ կարող են դրանք հանգեցնել։ Թուրքական ռազմաօդային ուժերն այսօր ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին։ Դրանով Անկարան հասկացնում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դնում է քրդերի վրա։ Չի բացառվում, որ նրանք նման եղանակով փորձում են վրեժ լուծել ահաբեկիչների դեմ պայքարի քողածածկույթի տակ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում թուրքական բանակի իրականացրած էթնիկ զտումների ու խաղաղ քուրդ բնակիչների ֆիզիկական ոչնչացման համար։ Բայց նման մեթոդներն ավելի են «կատաղեցնում» թուրքական իշխանություններին՝ սադրելով քրդական բնակչության հանդեպ ավելի անողոք գործողություններ։ Բացի դրանից՝ դրանք առիթ են ստեղծում Անկարայի համար` արդարացնել հաստատված հրադադարի պայմաններում Սիրիայի տարածքի հրետակոծումը, օդային հարվածներ հասցնելը։ Այդ ահաբեկչություններն առիթ են Թուրքիայի համար` խախտելու Սիրիայում հաստատված հրադադարը, և չի բացառվում, որ նաև պարարտ հող են նախապատրաստում Սիրիա ցամաքային ուժեր մտցնելու համար, ինչին Թուրքիան արդեն նախապատրաստվել է։ Ողջ հարցն այն է՝ ի՞նչ է ձեռնարկելու Թուրքիան հիմա, և ինչպե՞ս կարող է այս իրավիճակը հանգեցնել Սիրիայում հաստատված փխրուն կայունությունը խարխլելուն կամ փլուզելուն, հատկապես` Ժնևում կայանալիք սիրիական կարգավորման կոնֆերանսին ընդառաջ։

Մինչ այդ, սակայն, Անկարան կփորձի հստակություն մտցնել Սիրիայի հարցում Բաքվի կողմնորոշման մեջ, ինչը, թերևս, նախագահ Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցի հիմնական նպատակներից մեկն է։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության՝ Էրդողանի նպատակն է լինելու Բաքվում քննարկել տրանսանատոլական գազատարի (TANAP) շինարարությունն արագացնելու հարցը։ Սա Անկարայի համար, իհարկե, կարևոր թեմա է: Բայց քաղաքական ամենակարևոր հարցը միջազգային քաղաքականության մեջ և հատկապես` սիրիական հարցում Ադրբեջանի լիակատար աջակցությունը ստանալն է։ Հենց այդ պատճառով Բաքվում, թերևս, կցանկանային, որ Անկարայի հերթական պայթյունները Էրդողանին կրկին դրդեին հետաձգել այցը՝ նրա հետ այդ առումով սպասվող տհաճ խոսակցությունից խուսափելու, ժամանակ շահելու համար։

Էրդողանը ցանկանում է Ադրբեջանը, Ղարաբաղյան հիմնահարցի գործոնով պայմանավորված, դարձնել Ռուսաստանի դեմ իր երկրորդ ճակատի պլացդարմը։ Բացի դրանից` Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձում են Ադրբեջանին դարձնել ահաբեկչության դեմ մուսուլմանական երկրների չկայացող կոալիցիայի անդամ՝ առաջին հերթին ցույց տալու համար, որ սա հակաշիական դաշինք չէ։ Սակայն Բաքուն ոչ միայն ընդգծված կերպով դիմադրում է Անկարայի այդ ճնշմանը, այլև վերջին շրջանում թափանցիկ ակնարկներ անում, որ դա հակասում է Ադրբեջանի կենսական շահերին և սպառնալիք ստեղծում իր անվտանգության համար։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը չի դադարում հասկացնել, որ Ասադի հեռացումը, ինչի պահանջը հստակ ձևակերպում են Անկարան և Էր Ռիադը, Սիրիայի սուվերենության ոտնահարումը և հնարավոր մասնատումը հակասում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության ապահովման սկզբունքը բացարձականացնելու` Բաքվի սկզբունքային դիրքորոշմանը։ Պատճառը ոչ միայն ԼՂ չկարգավորված հիմնահարցն է, որի վերաբերյալ բանակցություններում Բաքուն իր դիվանագիտությունը հենց այդ սկզբունքների վրա է կառուցում, այլ նաև ներադրբեջանական կրոնական և էթնիկ անջատողական շրջանակների ակտիվացումը։

Ալիևը Թեհրանում հայտարարեց, որ լիովին պաշտպանում է Իրանի դիրքորոշումը Սիրիայի ճակատագրի հարցում։ Թեև պաշտոնական Անկարան որևէ կերպ չարձագանքեց դրան, սակայն ակնհայտ է, որ Ալիևի այդ հայտարարությունը մոտավորապես նման էր «եղբայրական» երկրին թիկունքից հասցված հարվածի։ Ադրբեջանը, անտեսելով ռուս-թուրքական առճակատումը,  տնտեսական և քաղաքական կապեր է զարգացնում Ռուսաստանի և Իրանի հետ՝ փորձելով օգտագործել պահը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև առևտրատնտեսական և կոմունիկացիոն կապող օղակ դառնալու, դրանով թե' Թեհրանի և թե' Մոսկվայի մոտ իր կշիռը բարձրացնելու համար։

Ահա այս ամենի ֆոնին Էրդողանը գնում է Բաքու՝ հասկանալու, թե ի՞նչ են նշանակում Ադրբեջանի այս նախաձեռնությունները, որքանո՞վ են դրանք դուրս եկել իր ուղեծրից, որքանո՞վ կարող է Ռուսաստանի հետ առճակատումը վերահսկողությունից դուրս գալու դեպքում հույս դնել Բաքվի վրա։ Եվ կարելի է Էրդողանին հասկանալ, թե ինչու, չնայած նրան, որ նախօրեին կատարված ահաբեկչության հետևանքով ավելի մեծ թվով զոհեր և վիրավորներ են եղել, այս անգամ նա չհետաձգեց իր այցը Բաքու։

Գևորգ Դարբինյան

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica