close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարգսյան-Պուտին «լռության սիմֆոնիան»

Թեմա

11 Մարտի 2016, 15:41
 Սարգսյան-Պուտին «լռության սիմֆոնիան»

Մարտի 10-ի երեկոյան Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ամենանկատելի առանձնահատկությունը երկկողմ «քչախոսությունն» էր։ Հանդիպումը չամփոփվեց նախագահների ասուլիսով, կողմերը հայտարարություններով հանդես չեկան։ Իսկ հանդիպման հրապարակային մասում ո'չ Վլադիմիր Պուտինը և ո'չ էլ Սերժ Սարգսյանն իրենց հիմնական ակնկալիքներին, երկու երկրների քաղաքական, տնտեսական հարաբերություններին առնչվող որևէ լուրջ, ակտուալ խնդրի չանդրադարձան՝ բավարարվելով փոխադարձ հերթապահ խոսքերով: Ասելիքի նման «ժլատությունը», որպես կանոն, դրսևորվում է այն դեպքերում, երբ տետատետ խոսակցությունն առնչվում է կոնկրետ խնդիրների, և կողմերն ունեն պայմանավորվածություններ ձեռք բերելու խնդիր։

Նախքան Սերժ Սարգսյանի մեկնելը, նախագահների հանդիպման անցկացման մասին հայտնելիս, պաշտոնական Մոսկվան, որպես օրակարգի ամենակարևոր հարց,  ընդգծում էր Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու խնդիրը։ Սակայն նախագահները, որքան էլ տարօրինակ է, դրան ընդհանրապես չանդրադարձան։ Սերժ Սարգսյանը միայն ակնարկեց, որ Հայաստանին մտահոգում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու հարակից տարածքներում տիրող իրավիճակը: Թե կոնկրետ  ի՞նչ համատեքստում է քննարկվել ԼՂ հիմնահարցի թեման, որքանո՞վ են դրանք առնչվում վերջին շրջանում ընթացող Մոսկվա-Բաքու ակտիվ բանակցություններին, թերևս, հասկանալի կդառնա միայն այս հանդիպմանը հաջորդելիք` Երևանի, Մոսկվայի կամ գուցե նույնիսկ Բաքվի որոշակի գործողությունների, որոշումների, քայլերի համադրման, վերլուծության արդյունքում։ Ի դեպ, գուցե զուտ պատահականություն է, սակայն իսկապես խորհրդանշական է, որ հենց Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում ձեռնարկեց 1994թ. հրադադարի հաստատումից հետո ամենամասշտաբային ռազմական ագրեսիան՝ հաուբիցների ներգրավմամբ և խոցման ավելի հեռահար տարածք թիրախավորելով։  

Ինչևէ, քաղաքական օրակարգի առումով` Մոսկվայում, թերևս, չեն շրջանցվել ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունները և դրանում Հայաստանի դերակատարությունը, այլ նաև Արևմուտքի հետ Հայաստանի զարգացող հարաբերությունների կապակցությամբ` Կրեմլի անհանգստությունները։

Սերժ Սարգսյանը պատահական չընդգծեց, որ Հայաստանը միանշանակ պաշտպանում է Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, ինչն իրականում ոչ միայն Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի վարած ներկայիս քաղաքականությանը, այլև այդ քաղաքականության մի մասն իր վրա վերցնելու պատրաստակամության անուղղակի ցուցադրում էր։ Կարևոր էր, որ Սարգսյանն այդ ակնարկն արեց սիրիական ճգնաժամի համատեքստում՝ խուսափելով ուղղակիորեն Հայաստանին ռուս-թուրքական առճակատման առաջին գիծ քաշելու վտանգից և գուցե նաև կանխելով դրան ուղղված` ռուսական կողմի հնարավոր դրդումները։ Այլևս պարզ է, որ այդ առճակատման խորացման դեպքում Հայաստանը հանդես չի գալու առաջին համարի ներքո, բայց նաև կողքից հետևողի կարգավիճակ չի որդեգրելու։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես առաջ Պուտինն ընդունել էր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին, ով հանդիպումից հետո հաստատել է, որ բանակցությունների հիմնական առարկան եղել է Սերբիայի և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության պլան-համաձայնագրի ստորագրումը։ Հիշեցնենք, որ Սերբիան 2013-ից ՀԱՊԿ-ում ունի դիտորդ երկրի կարգավիճակ։ Ակնհայտ է, որ եթե Սարգսյանից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առնչությունները Պուտինը քննարկել է Նիկոլիչի հետ, ապա հատկապես մարտի 9-ին «Հայաստան+28» ձևաչափով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի անցկացումից և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪Մոգերինի՝ Հայաստան կատարած այցից հետո Պուտինը պետք է որ հարցեր ունենար` ուղղելու ՀԱՊԿ-ի իսկական անդամ Հայաստանի նախագահին։ Հարցն այն է՝ ՌԴ նախագահը միայն կասկածները փարատելո՞ւ խնդիր ունի, թե՞ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու` Երևանի ձգտումները կրկին սանձելու։

Կարելի է, իհարկե, փորձել կռահել, թե էլ ինչի համար էր Պուտինին անհրաժեշտ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սակայն առավել էական է, թե ի՞նչ օրակարգ է ՀՀ նախագահն ինքը տարել Մոսկվա, մանավանդ, որ այդ օրակարգը ոչ թե մեկ-երկու, այլ ուղղակի խնդիրների կծիկ է ներառում։

Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելու օրը ՀՀ կառավարությունը երկար ձգձգումներից հետո, ի վերջո, հաստատեց ԵՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը հանելու օրինագիծը, խնդիր, որը դարձել էր ԵՏՄ-Հայաստան փոխադարձ կշտամբանքների առիթ։ Նույն օրը գործադիրը նաև ընդունեց գազի սակագինը 2016թ․ համար նույնը թողնելու որոշումը, ինչով հաստատեց սակագնի իջեցման շուրջ ռուսական կողմի հետ բանակցային այս փուլն ավարտված համարելու իրողությունը։ Վերոնշյալ երկու դրվագներով էլ հայկական կողմը «տաշեց» Սարգսյան-Պուտին հանդիպման սուր անկյունները, որոնք ավելի շատ բխում էին Երևանի շահերից։

Մեր շահերից էր բխում նաև թե' Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հնարավորությունների խնդրի շուրջ Մոսկվայի ըմբռնումը ձեռք բերելու և թե' Իրան-ԵՏՄ առևտրատնտեսական հաստատվող հարաբերություններում կապող օղակի դեր ստանձնելու հրամայականը։ Դրանցից ավելի ակտուալ հարց հայ-ռուսական տնտեսա-քաղաքական օրակարգում, գոնե` Հայաստանի համար, այսօր գոյություն չունի, մանավանդ` եթե նկատի առնենք երկու ուղղություններով էլ Հայաստանին մեկուսացնելու` Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանի գերակտիվ նախաձեռնությունները։ Մինչդեռ Մոսկվայում կայացած երեկվա հանդիպումը կամ գոնե դրա հրապարակային մասը չտվեց այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ են դրանք դարձել հիմնավոր քննարկման առարկա և ինչի է հասել այդ ուղղությամբ Հայաստանը։    

Գևորգ Դարբինյան

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica