close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորաձեւ ցուցարարները

Թեմա

9 Մարտի 2016, 13:36
 Նորաձեւ ցուցարարները

Կարելի՞ է, արդյոք, Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց ցույց անել: Իմ կարծիքով՝ կարելի է: Նախ` Հայաստանն այնպիսի երկիրն է, որտեղ որեւէ տեղում ցույց անելու համար միայն ցույց անելու ցանկություն է պետք, մեկ էլ` իհարկե, քաղաքապետարանին իրազեկ պահել, բայց երբեմն ինքնաբուխ ցուցարարներ էլ են հայտնվում, եւ քաղաքապետարանին իրազեկ պահելը անկարեւոր է դառնում ցույցի անցկացման համար: Բացի սրանից` կոնկրետ ՌԴ-ից մենք բողոքելու այնքան շատ բան ունենք, որ կարելի է Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց ոչ թե ցույց անել, այլ ցույցերի շարք` առանց վախենալու, որ սեպ ենք խրում հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերությունների մեջ:

Այս համատեքստում, իհարկե, ոչ մի արտառոց, առավել եւս` անթույլատրելի բան չկա, որ մարտի 8-ին մի խումբ մարդիկ ցույց էին անում Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց՝  Մոսկվայից պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Նա, հիշեցնենք, մեղադրվում է Լուգանսկի շրջանը, այդ թվում` խաղաղ բնակչությանը գնդակոծելու մեջ, ինչի հետեւանքով սպանվել են նաև այդ վայրում աշխատող երկու ռուսաստանցի լրագրողներ: Սավչենկոն իր դեմ ուղղված մեղադրանքը չի ընդունում, քանի որ ինքն իրեն անմեղ է համարում, եւ այս հարցում Սավչենկոյի հետ համակարծիք են մի շարք միջազգային կառույց-կազմակերպություններ, արեւմտյան պետություններ եւ… մի խումբ հայաստանցիներ:

Բայց կոնկրետ երեւանյան ցույցում ուշագրավ մի բան կա, դա ամենեւին էլ այն չէ, որ մենք ու ռուսներն այնքան շատ խնդիրներ ունենք, որոնց առիթով արժե բողոքել, բայց չենք բողոքում, փոխարենը խառնվում ենք ռուս-ուկրաինական խնդիրներին, անգամ այն չէ, որ երեւանյան բողոքի ակցիային ավելի քիչ մարդ է մասնակցել, քան մարդիկ են լինում Սավչենկոյի դատավարության ժամանակ, այլ այն, թե ի՞նչ է ասել ցույցի կազմակերպիչներից եւ ներկաներից մեկը` կոնկրետ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Մարդը հայտարարել է. «Այս միջոցառմամբ մենք փորձում ենք համալրել այն երկրների շարքը, որտեղ ՌԴ դեսպանատների դիմաց այս հարցով ցույց է կազմակերպվել»: Հասկանալի է, չէ՞, այսինքն` բուն խնդիրը ոչ թե Սավչենկոյի դեմ «ապօրինի դատավարությանը» վերջ տալն է, այլ այդ երկրների շարքը համալրելը, ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ դեսպանատների դիմաց ցույց անելն այսօր նորաձեւ է, մենք էլ նորաձեւություն սիրող ժողովուրդ ենք, թեև այդ բնագավառից ամենաշատը սիրում ենք Ջորջո Արմանիին, այն էլ այն պատճառով, որ հայ է՝ մեր կարծիքով, այսինքն՝ «տենց ա, որ կա»: Իոաննիսյանի հայտարարության համատեքստում արդեն մի տեսակ երկրորդական են «Ազատություն Սավչենկոյին» վանկարկումներն ու պաստառները, որովհետեւ, փաստորեն, կարեւորը դա չէ, կարեւորը երկրների շարքը համալրելն է: Թքած, որ Ուկրաինան, որի քաղաքացին եւ զինվորն է Սավչենկոն, երբեք ՌԴ դեսպանատան առջեւ ցույց չի անի՝ ի պաշտպանություն որեւէ հայի, ենթադրենք` Հրաչյա Հարությունյանի, որին խալաթով տարան ռուսական դատարան: Թքած, որ Ուկրաինան միջազգային կազմակերպություններում քվեարկելիս ոչնչով չի տարբերվում Ադրբեջանից: Կարեւորը միջազգային առաջադեմ մարդկության մաս լինելն է, առաջավոր, ժողովրդավարական երկրների շարքում հայտնվելը՝ մի քանի հոգով, մի քանի տասնյակ հոգով, մի քանի միլիոնից՝ մի քանի տասնյակ հոգով:

Տարօրինակ է, որ ցուցարարները ՌԴ դեսպանատուն՝ բողոքի ակցիայի չեն գնացել «սառը» կապույտ եւ «տաք» վարդագույն հագուստներով, բանն այն է, որ հենց այս երանգներն են 2016-ին շարունակում համարվել խիստ նորաձեւ:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica