close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես պահանջել՝ փաղաքշելով Ալիևին. ռուսական դիլեմա

Թեմա

3 Մարտի 2016, 19:06
 Ինչպես պահանջել՝ փաղաքշելով Ալիևին. ռուսական դիլեմա

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ում այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը վերապահել է երկրի ռազմաարդյունաբերության համակարգի վերակենդանացման խնդիրը, այսօր մեկնել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի նպատակը պաշտոնապես Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկումն է։ Սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, չի հստակեցվում։

Ռուսական «Կոմերսանտ» թերթն այսօր գրել է, որ Ռոգոզինը Բաքու է մեկնել՝  լուծելու մատակարարված զինտեխնիկայի դիմաց  Ադրբեջանի կուտակած պարտքի վերադարձման հարցը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Ադրբեջանը, նավթի գների անկման պատճառով չի կարողանում վճարել դեռևս 2011թ․ երկու երկրների միջև կնքված մոտ 4 մլրդ դոլարի հասնող գործարքով նախատեսված ժամանակակից հարձակողական զինտեխնիկայի՝ կատարված պատվերի դիմաց։

Փորձը ցույց  է տալիս, որ «անանուն» աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա  «Կոմերսանտ»-ի այսպիսի հրապարակումները ոչ միայն պատահական չեն լինում, այլև չափազանց մոտ են լինում իրականությանը։ Դրանք սովորաբար կամ հանրային տրամադրություններ շոշափելու կամ «տեղեկատվական բադիկ» նետելու կամ երրորդ կողմին ինչ-որ բան հասկացնելու նպատակ են հետապնդում։ Տվյալ դեպքում միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը ֆինանսական դժվարությունների պատճառով իսկապես չի կարողանում կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ Սակայն այն հանգամանքը, որ Բաքու է մեկնել անձամբ Դմիտի Ռոգոզինը, թույլ է տալիս ենթադրելու, որ խնդիրը միայն պարտքի վերադարձը չէ։

Օրեր առաջ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակեց աշխարհում 2011-2015թթ. սովորական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման միտումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները։ Ըստ դրա՝ չնայած Ռուսաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում  զենքի և զինտեխնիկայի արտահանման շուկայում՝ ապահովելով համաշխարհային պահանջարկի 25%-ը, և չնայած 5 տարվա կտրվածքով Ռուաստանից,ը այս ոլորտում արտահանման ծավալներն աճել են 28 տոկոսով, սակայն վերջին երկու տարվա ընթացքում այդ երկրից զինտեխնիկայի մատակարարումների ծավալներն սկսել են նվազել։ Նույն հետազոտության տվյալներով ռուսական ռազմական արտադրանքի հիմնական սպառող երկրների շարքում է Ադրբեջանը։ Վերջինիս բաժին է ընկնում ընդհանուր արտահանման մոտ 6 տոկոսը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված չի կարող լինել նման շուկայի կորստի հարցում՝ առավելևս, երբ այդ կորուստը կոմպենսացնելու ռեսուրսներ Մոսկվան առանձնապես չունի։ Եվ ըստ ամենայնի՝ Ռոգոզինի՝ Բաքու մեկնելու հիմնական նպատակը ոչ թե ադրբեջանական կողմին պարտադրելն է` վերադարձնել կուտակված պարտքը, այլ հետագա համագործակցության, գուցե նաև նոր գործարքների հեռանկարները կամ տարբերակները քննարկելը։ Հատկանշական է, որ չնայած 2016թ․ բյուջեի կրճատմանը գնալուն, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հնարավորինս ձեռնպահ մնալ պաշտպանության ոլորտի ու հատկապես սպառազինման համար նախատեսված ծախսերին դիպչելուց։ Թերևս հենց այս հանգամանքն է, որ Ռոգոզինին Ալիևի հետ լեզու գտնելու հույսեր է ներշնչում։

Մոսկվան չի կարող կոշտ պայմաններ առաջադրել Բաքվին նաև այն պատճառով, որ դառնալով թե Ադրբեջանի և թե Հայաստանի սպառազինման հիմնական մատակարարը և երկուսին էլ կախման մեջ գցելով դրանից՝  իր այդ կարգավիճակն օգտագործում է թե երկու կողմերի և թե ԼՂ հիմնահարցի «կիսապատերազմական» ներկայիս ստատուս-քվոյի վրա ազդեցությունը պահպանելու համար։ «Խրտնեցնել» Ադրբեջանին՝ նշանակում է կորցնել նրա վրա ուենցած շատ կարևոր լծակներից մեկը։ Որ սա չափազանց կարևոր է Մոսկվայի համար, օրերս հաստատեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Անդրադառնալով Հայաստանին 200մլն դոլարի սահմաններում ռազմական տեխնիկա և զինամթերք հատկացնելու վարկային գործարքի կապակցությամբ Մոսկվային Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հղված բողոքի նոտային` Զախարովան նշել էր․ «…Ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ռազմամթերքի յուրաքանչյուր մատակարարում մեր կողմից իրականացվում է` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»:

Իսկ քանի դեռ Ռոգոզինը փորձում է Ալիևի հետ պայմանավորվել պարտքի և հետագա համագործակցությունը շարունակելու շուրջ, նույն օրը տեղեկատվություն է հրապարակվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խմբի մեջ ընգրկելու համար Երևանի հետ բանակցություններ սկսելու կառավարության առաջարկը: Թե ինչ է դա տալու Հայաստանին, կամ որքանով է այն համարժեք ռուս-ադրբեջանական բազմամիլիարդանոց ռազմական գործարքներին, ինչպես է Երևանը կարողանալու դրանով վերականգնել դեպի Ադրբեջանը թեքված ռազմական բալանսը տարածաշրջանում, հասկանալի չէ։ Բայց էականը Մոսկվայի համար, թերևս, դա չէ, այլ նման տեղեկատվությամբ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության պատճառով հայաստանյան հասարակության մոտ առաջացած բնական անհանգստությունը ջրելը՝ «Ռուսաստանը, միևնույն է, ձեզ հետ է, հայե’ր» տրամաբանությամբ։

Գևորգ Դարբինյան  

 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica