close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կլինեն համագործակցության նոր առաջարկություններ. Վահրամ Բաղդասարյանը բացում է փակագծերը

Հարցազրույց

2 Մարտի 2016, 16:04
 Կլինեն համագործակցության նոր առաջարկություններ. Վահրամ Բաղդասարյանը բացում է փակագծերը

Yerkir.am-ը ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Պարո'ն Բաղդասարյան, ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ իրականություն է: Արձագանքները որոշ դեպքերում շարունակում են բացասական մնալ: Որո՞նք պետք է լինեն այդ համագործակցության առաջին քայլերը, որպեսզի բացասական արձագանքները վերանան, մանավանդ, որ որոշ քաղաքական ուժեր շտապում են հայտարարել, թե` այ, տեսե'ք, մեկ շաբաթ է անցել, բայց ոչինչ չեն արել:

- Արձագանքներն ու քննադատությունները պետք է շարունակական լինեն, և ոչ ոք հույսը չի կապում, որ վաղը կամ մյուս օրը քննադատությունները կպակասեն: Մեր համագործակցությունը երկարատև ժամանակաշրջանի համագործակցություն է: Եթե նկատում եք, թե' կադրային քաղաքականության, թե' կառավարության կառուցվածքային քաղաքականության մեջ մենք, դանդաղ շտապելով, քայլեր ենք կատարում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանից առաջինը  նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի, որից հետո տնտեսական և այլ ոլորտներում աստիճանական փոփոխությունները կլինեն: Համոզված եմ՝  մեկ-երկու տարի հետո այդ արդյունքներն արդեն կերևան:

-Այնուհանդերձ, ինչո՞ւ քաղաքական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն որոշեց կիսել իշխանությունը մեկ այլ ուժի հետ:

- Սահմանադրական փոփոխություններից հետո մենք լրիվ նոր քաղաքական վիճակում ենք գտնվում: Անել սահմանադրական բարեփոխումներ և գնալ մենիշխանության, դա նշանակում է չանել սահմանադրական բարեփոխումներ: Մենք գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, քաղաքական դաշտի կայացման ճանապարհով, բայց հետո ասում՝ չէ, մենք պետք է լինենք մենիշխանությո՞ւն, բա էլ ո՞ւր մնաց քաղաքական դաշտի կայացման հարցը: Սահմանադրական բարեփոխումներն ինքնըստինքյան նշանակում են համագործակցություն: Եվ  մենք ասում ենք, որ դաշտը բացում ենք բոլոր քաղաքական ուժերի համար, սակայն համագործակցությունը ծնվում է երկար քննարկումների արդյունքում: Քաղաքական դաշտում համագործակցության համար անհրաժեշտ է գաղափարական մոտեցումների, ծրագրային մոտեցումների համապատասխանեցում: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք ցանկանում համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, այլ ասում ենք, որ մենք շարունակում ենք համագործակցել այլ կուսակցությունների հետ, դրա համար կան այլ ձևաչափեր:

Այսօր` երկար բանակցություններից հետո, որը ծնվել է դեռ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ, կարողացանք սոցիալիստների ու պահպանողականների գաղափարական ու ծրագրային մոտեցումները համապատասխանեցնել,` գտնելով, որ մենք կարող ենք այս սահմանադրական փոփոխությունների պարագայում իրար հետ ճանապարհ գնալ: Մենք չենք բացառում, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնց հետ այլ ձևաչափերով կարող ենք համագործակցել, չէ՞ որ համագործակցություն` չի նշանակում միմիայն պորտֆելների բաժանում: Ամենակարևոր համագործակցությունը ես համարում եմ ընդդիմության հետ համագործակցությունը: Եթե որևէ օրենքի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճում են, քննարկում ու մեկ հայտարարի գալիս, դա է կառուցողական գործընթացը: Մինչդեռ` կգտնվեն ուժեր, որ կարող են ասել, որ եթե իշխանությունների  հետ քննարկում ու բանավիճում ես, ուրեմն նրանց արբանյակն ես: Նման քաղաքական ուժերի համոզմամբ՝ ընդդիմություն լինել` նշանակում է միմիայն հայհոյել, կատեգորիկ դեմ գնալ այն ամենին, ինչ ներկայացվում է իշխանության կողմից: Ես նման ընդդիմություն չեմ պատկերացնում, և դրա համար էլ չի ստացվում մեր ընդդիմադիր դաշտի կայացումը: Իսկ կառուցողական ընդդիմությունը, որը, դրականը նկատելով, ստիպում է իշխանությանը բացասականի հետ հաշվի նստել, այ, դա համագործակցության ձևաչափ է: Մեր ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում նկատել դրականը և, բացասականը տեսնելով, ստիպել իշխանությանը հաշվի նստել իրենց հետ, հակառակը` նրանք ուզում են ամեն ինչ մրոտել, կեղտոտել, ինչքան շուտ երկիրը կործանի այս իշխանությունը, ինչքան շատ ավերածություններ ու ներքաղաքական կռիվներ լինեն, այնքան շատ հնարավորություն կունենան գալու իշխանության:

- ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ունի որոշում՝ չեն համագործակցելու քաղաքական մեծամասնության հետ, մինչդեռ` ԲՀԿ ներսում կան շատ պատգամավորներ, ովքեր կողմ են այդ համագործակցությանը, ոմանք հրապարակային արտահայտվում են, ոմանք էլ կուլիսներում են խոստովանում: Ի՞նչ ունի առաջարկելու նրանց ՀՀԿ-ն, ի՞նչ կարող է առաջարկել ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ-ում կան դեմ եւ կողմ մարդիկ:

- Ես չեմ ուզում ԲՀԿ ներկուսակցական ինտրիգների մեջ խորանալ: Եթե նման բաներ կան, ես չէի ուզենա, որ որևէ քաղաքական ուժի ներսում պառակտումներ լինեն, բայց Հանրապետականն արդեն ասել է՝ համբերեք, մի' շտապեք: Երբ համագործակցության փուլ է սկսվել, կարծում եմ` պետք չէ նման կատեգորիկ հայտարարություններ անել, որովհետև կարող է իրենք իրենց դիրքորոշումների մեջ հետագայում փոփոխություններ մտցնեն: Օրինակ՝ մեկ ամիս առաջ նրանց մոտ, կարծես, այդպիսին չէր տրամադրվածությունը: Քաղաքական ուժերի դիրքորոշումները չպետք է շատ արագ փոփոխվեն, և եթե նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, պետք չէ կտրուկ ու կատեգորիկ հայտարարություններ անել: Քաղաքականության մեջ միշտ պետք է պահել «եթե»-ների տեղը` նայած, թե ոնց կընթանան քաղաքական զարգացումները:

- Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը ամբիոնից հնչեցրեց մտահոգություն, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց անտեսեցին, ու ՀՅԴ-ին առաջարկվեց քաղաքական համագործակցությունը: Պատգամավորի այդ հարցին տրվե՞լ է սպառիչ պատասխան:

- Հենց դա էլ նշանակում է, որ նրանք ոչ թե կտրականապես դեմ են այդ համագործակցությանը, այլ ափսոսանք են հայտնում, որ իրենց չի առաջարկվել այդ համագործակցությունը: Մշտապես պետք չէ հայտարարել, թե՝ մենք մեծությամբ երկրորդ ուժն ենք և այլն: Հաջորդ ընտրություններին դրա գնահատականը կտա ժողովուրդը. 2017-ին, բնականաբար, նոր քաղաքական վերադասավորումներ կլինեն: Եվ եթե ժխտողական դիրք են բռնել միայն նրա համար, որ ինչո՞ւ իրենց չի առաջարկվել համագործակցությունը, դա, կարծում եմ, քաղաքական չէ ու նրանց համար հեռանկարային չէ:

- ՀԱԿ-ը մերժեց նաև այս քաղաքական համագործակցությունը: Ընդ որում` խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ոչ միայն ՀԱԿ-ում՝ սեփական կուսակցությունում, չկա միասնականություն, այլ նաև ընդդիմադիր դաշտում չկան կոնսոլիդացիաներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի պահվածք:

- ՀԱԿ-ը ժխտում է ոչ միայն իշխանության քայլերը, այլև ՀԱԿ-ում ժխտում են իրենք իրենց: Եթե առաջ հետևություններ էի անում, հիմա արդեն փիլիսոփայորեն եմ մոտենում: Մենք ցանկանում ենք, որ նրանք կայանան, կարողանան իրենց ներսի խնդիրները լուծել, որովհետև անցյալ ունեցող քաղաքական ուժ են: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ քաղաքական անցյալ են ունեցել: Չէի ցանկանա, որ նրանք այն ճակատագիրն ունենան, որը հիմա ունեն՝ քայքայում, պառակտում, չկամություն, դաժանություն ու վրեժխնդրություն: Այդ ուժի մեջ արդեն քաղաքական էլեմենտ չեմ տեսնում, որ կարողանամ վերլուծության ենթարկել, թե ինչո՞ւ  հաջողություն չեն ցանկանում այս քաղաքական համագործակցությանը: Նրանք էլ ժամանակին իշխանություն էին, բայց վարկաբեկվեցին, հիմա ցանկանում են ժողովրդին ազնիվ կերպարով երևալ: Անունը փոխելով` բովանդակությունը չես փոխի: Նույն պառակտումն էլ կա «Ժառանգություն» խմբակցությունում: Այն այլևս չկա, կա մեկ անձ, մեկ հոգանոց խմբակցություն, ես չեմ պատկերացնում... Երևի թե այդ պատճառով է, որ քաղաքական դաշտում նոր կուսակցությունների ձևավորման պահանջ է առաջանում, որովհետև մարդիկ տեսնում են, որ այդ քաղաքական ուժերը ոչ միայն չեն կայանում, այլ գնալով թուլանում են:

- Ի դեպ, խոսեցիք անվանափոխության մասին, առաջիկայում ԱԺ-ում անվանափոխված խմբակցություն է լինելու՝ «Հայկական վերածնունդ» անունով:

- Բնականաբար, բոլորս գիտենք, որ ակունքներում ՕԵԿ-ն է: Հնարավոր է` մյուս հասարակական-քաղաքական միավորները դեմ են եղել ՕԵԿ-ին միանալուն, դրա համար կատարվեց անվանափոխություն: Տարբեր պատճառներ կարող են լինել, կարող է իսկապես խուսափում են այդ անունից, գուցե չեն խուսափում, բայց ցանկանում են նոր անունով մտնել քաղաքական դաշտ, նրանց ներքին խնդիրն է:

- Պարո'ն Բաղդասարյան, ինչո՞ւ որոշվեց հրաժեշտ տալ երկարամյա պաշտոնյային՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:

- Բայց դուք հաշվի առեք տարիքային գործոնը: Ոչ ոք չի կարող առարկել, որ Երվանդ Զախարյանը լավ մենեջեր է, լավ կառավարիչ, նա բոլոր ոլորտներում, ուր աշխատել է, պահանջված է եղել: Բայց, վերջ ի վերջո, ժամանակն առաջ է գնում, և սերնդափոխության պահանջ է առաջանում: Եվ հետո` ո՞վ է ասել, որ Երվանդ Զախարյանին էլ չենք տեսնելու որևէ կառույցում, մենք պետք է օգտագործենք նրա պոտենցիալը: Պետք է անցնել սերնդափոխության:

- Բայց չէ՞ որ 70 տարեկան Երվանդ Զախարյանին փոխարինում է 60 տարեկան Լևոն Յոլյանը, այստեղ ի՞նչ սերնդափոխության մասին է խոսքը:

 - Համենայն դեպս, տարիքային առանձնահատկություն կա, և ի՞նչ է, մենք պետք է միանգամից հանե՞նք բոլոր կադրերին ու սկսենք երիտասարդացնե՞լ: Բոլոր սերունդներն էլ պետք է լինեն, և աստիճանաբար ու ներդաշնակ պետք է լինեն այդ փոփոխությունները: Ինչ վերաբերում է Լևոն Յոլյանին, նա բավականին կազմակերպված կառավարիչ է: Համոզված եմ, որ նա ի վիճակի է կոլեկտիվ ղեկավարել: Ինձ թվում է` մենք պետք է մի փոքր համբերենք, հետո անդրադառնանք Յոլյանի գործունեությանը: Համենայն դեպս, այս կադրային փոփոխությունները բավականին առողջ են:

- Երեկ ֆինանսների նախարարությունը կրկին կիսվեց, առանձնացավ ՊԵԿ-ը: Ինչո՞ւ այդպես որոշվեց:

- Ընդհանուր առմամբ, եթե նայենք քաղաքական համաձայնագրի կետերը, սահմանադրական բարեփոխումները և նախագահի ելույթի դրույթները, ապա կտեսնենք, որ հիմնական շեշտը դրվում է տնտեսության զարգացման, հարկային քաղաքականության վրա: Կարծում եմ` լավ աշխատանքի դեպքում մենք պետք է տարբերակենք ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը: Իմ համոզմամբ՝ ֆինանսների նախարարությունը հիմնականում պետք է ֆինանսական բաշխման գործառույթներով զբաղվի:  Բյուջեի կառուցումն ու տնտեսական քաղաքականությունն էլ պետք է դրված լինեն էկոնոմիկայի նախարարության վրա: Իսկ հարկային ու մաքսային քաղաքականության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք՝ վերափոխելու, բարեփոխելու: Մենք պետք է հասնենք այն աստիճանին, որ հարկային չինովնիկը համարյա շփում չունենա տնտեսվարողի հետ, ամեն ինչ պետք է լինի էլեկտրոնային տարբերակով, և տեսուչների թիվը պետք է կրճատվի: Իմ անձնական կարծիքով՝ այս տարանջատումը ճիշտ էր:

 

Հարցազրույցը՝ Մելանյա Մելքումյանի 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica