close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սխալների ուղղում. ինչու կրկին առանձնացվեցին ՊԵԿ-ն ու ֆիննախը

Թեմա

2 Մարտի 2016, 15:17
 Սխալների ուղղում. ինչու կրկին առանձնացվեցին ՊԵԿ-ն ու ֆիննախը

Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական եկամուտների հավաքագրման համակարգը դուրս բերվեց ֆինանսների նախարարության ենթակայությունից։ Ստեղծվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

Փաստորեն, ֆինանսների կառավարման ոլորտում վերադարձ է կատարվում նախկին՝ մինչև 2014թ․ մայիսը գործած համակարգին, երբ ֆինանսական միջոցների, եկամուտների հավաքագրումն ամբողջությամբ տարանջատված էր դրանց ծախսման և վերաբաշխման համակարգից։ Թեև այս փոփոխությունը կատարելու պատճառները պաշտոնապես չեն ներկայացվում, սակայն կարելի է հստակ արձանագրել մի քանի իրողություն։

Նախ՝ սա կառավարության կառուցվածքի վերանայման գործընթացի շարունակությունն է, որը փաստացի սկսվեց` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու մասի բաժանելով։ Ի դեպ, ինչպես պետեկամուտների համակարգը ֆինանսների նախարարությանը միացնելը, այնպես էլ ՏԿՆ-ի և  ԱԻՆ-ի միավորումը տեղի էր ունեցել միաժամանակ։ Չնայած երկու նախարարությունների կիսումը կառավարությունը բացատրել էր ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հրամայականի իրողությամբ, ակնհայտ է, որ այս կառուցվածքային փոփոխությունների հիմքում ավելի շատ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ընդհանուր ցանկությունն է։ Բանն այն է, որ պետեկամուտների կոմիտեի առանձնացումը որևէ կապ չուներ այդ համաձայնությունից բխող` պորտֆելների վերաբաժանման պայմանավորվածությունների հետ։ Սա նշանակում է, որ թեև հրապարակայնորեն խոստովանություն չի արվում, սակայն իրականում տեղի է ունենում կառավարման համակարգում 2014թ․ կատարված սխալի սրբագրում. ի վերջո, իշխանությունը համոզվեց, որ պետական մարմինների նմանատիպ միացումներն ու բաժանումները չեն օպտիմալացնում համակարգը և չեն բարձրացնում դրա արդյունավետությունը։

Խնդիրն այն է, որ ժամանակակից էֆեկտիվ կառավարումը պահանջում է հստակ տարանջատել ոլորտային քաղաքականության մշակման և դրա գործնական կիրառման գործառույթները, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ֆինանսների կառավարմանը կամ բացարձակապես տարբեր ոլորտների համակարգմանը։ Փորձը ցույց է տալիս, որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն առաջանում են այնտեղ, որտեղ տեղի է ունենում գործառույթների և իրավասությունների գերկենտրոնացում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային եկամուտների հավաքագրման ու ծախսերի համակարգմանը։ Այս սկզբունքն էր խախտվել էր 2014թ․ մայիսին կատարված կառուցվածքային փոփոխություններով, և այդ սխալն է, որ, փաստորեն, հիմա փորձ է արվում սրբագրել։

Թեև պարզ է, որ կառավարման համակարգը չի կարող քարացած և անփոփոխելի լինել, չարձագանքել պետության առջև ծառացող մարտահրավերներին, խնդիրներին, հանրային նորացվող պահանջմունքներին, սակայն ակնհայտ է, որ նման հաճախակի կառուցվածքային փոփոխությունները ցնցումների են ենթարկում կառավարման համակարգը և ժամանակ առ ժամանակ միավորվող ու բաժանվող գերատեսչությունների աշխատակազմերը։ Տվյալ դեպքում ելման դիրքերին վերադառնալն արդարացվում է միայն նրանով, որ կատարվում է սխալի ուղղում։ Այստեղ ամենաէականն այն է, որ դրանից դասեր քաղվեն՝ հետագայում նման անհաշվենկատ միացումների և բաժանումների պրակտիկայից հրաժարվելու համար։

Երկրորդ՝ կարելի է ենթադրել, որ այս սրբագրումը տեղի է ունենում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության շրջանակներում և համաձայնեցված է երկու ուժերի միջև։ Նրանց ստորագրած քաղաքական համագործակցության համաձայնագրի 1.1.7. կետով, որպես նպատակադրում, սահմանվում է․ «Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը»: Որևէ կասկած չկա, որ հարկային և մաքսային ծառայությունները ֆինանսների նախարարության ենթակայությունից հանելը ոչ միայն կոնկրետացնելու, այլև հասցեականացնելու է պատասխանատվությունը թե' եկամուտների հավաքագրման և թե' բաշխման ու ծախսերի կառավարման ոլորտներում։

Երրորդ՝ կատարված փոփոխությունները կարծես ուղղված են գործադիրում ստեղծված, այսպես կոչված, ուժային կենտրոնների վերացմանը, որոնց դերում հանդես էին գալիս թե' ՏԿԱԻՆ-ը և թե' ֆինանսների նախարարությունը։ Հատկապես վերջինը 2014-ի միավորման արդյունքում ձեռք էր բերել գրեթե «կառավարության մեջ կառավարություն» կարգավիճակ։ Նման երևույթները նվազեցնում են ընդհանուր կառավարելիությունը, ինչ-որ առումով ուժային այդ կենտրոնների և վարչապետի միջև վերացարկում, լղոզում պատասխանատվությունը։ Այս իմաստով կատարված կառուցվածքային փոփոխությունները բխում են վարչապետի շահերից և ամրապնդում նրա դիրքերը գործադիրում։ Նախկին կառուցվածքը թույլ էր տալիս եզրակացնել, որ այդ ուժային, ինչ-որ իմաստով կենտրոնախույս առանցքների ձևավորման նպատակը վարչապետին կաշկանդումների ենթարկելն է, նրան վերահսկելը։ Հիմա կարծես նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնում է, որ եթե արդյունավետ աշխատելու առումով իրեն խանգարողն այդ հնարավոր կաշկանդումներն էին, ապա դրանք այլևս չկան: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս իմաստով արդեն գործ ունի թե' կառուցվածքային և թե' բովանդակային առումով նոր կամ նորացված կառավարության հետ, որտեղ որոշումների կայացման բոլորովին նոր սխեմաներ են գործելու՝ արդեն հիմնված ոչ թե ներքին պայմանավորվածությունների, այլ արդեն ՀՅԴ-ի հետ հրապարակային քաղաքական կոնսենսուսի վրա։

Գևորգ Դարբինյան    

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica