close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+17°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ դուք քաղբանտարկյալ չե՞ք

Թեմա

29 Փետրվարի 2016, 14:36
 Իսկ դուք քաղբանտարկյալ չե՞ք

Այդ ի՞նչ լավ բան կա քաղբանտարկյալի մեջ, որ բոլորն ուզում են, որ իրենք եւ հենց իրենք համարվեն քաղբանտարկյալ: Գուցե մեր բանտերում խցակիցները չե՞ն ծեծում կամ գուցե դրսում ավելի շատ եւ ուժե՞ղ են ծեծում, կամ գուցե քաղբանտարկյալները զանազան տեղերից թոշա՞կ են ստանում՝ ամերիկյան քեշ դոլարով… Չգիտեմ` ինչ կա, բայց գիտեմ, որ մի բան կա, գիտեմ, որ այսօր մեզանից շատերն են ուզում, որ իրենց կոչեն քաղբանտարկյալ: Եվ կարծես թե հենց մեզ նման հասարակարգ ունեցողների համար Եվրոպայի խորհուրդը սահմանել է հստակ որոշիչներ, դրանք թվով հինգ են, այսինքն` եթե որեւէ մեկը համապատասխանում է այդ որոշիչներին, ապա քաղբանտարկյալ է, եթե չի համապատասխանում, ապա քաղբանտարկյալ չէ, անգամ` եթե ինքն իրեն քաղբանտարկյալ է համարում:

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անցյալ ուրբաթ` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հենց սա է ասել, այսինքն` մարդն ասել է, որ քաղբանտարկյալներին որոշում է Եվրոպայի խորհրդի սահմանումը: Եթե, ըստ այդ սահմանման, մարդը քաղբանտարկյալ է, եթե Եվրոպայի խորհուրդն իր ամենամյա համապատասխան զեկույցներում նշում է, որ այս կամ այն երկրում կան այսքան կամ այնքան քաղբանտարկյալներ, ուրեմն կան, եթե չի համապատասխանում եւ չեն նշում, ուրեմն չկան:

Հայաստանի պարագայում չի նշում, Ադրբեջանի պարագայում նշում է: Այսինքն` եթե մարդը, մարդու շրջապատը, մարդուն պաշտպանող հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, թե տվյալ մարդը քաղբանտրկյալ է, դա դեռ ոչինչ չի նշանակում: Օրինակ` նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը 2010-ին հայտարարում էր, որ ինքը քաղբանտարկյալ է, ավելին` ըստ Արզումանյանի՝ կարեւոր չէ, քեզ ճանաչում են որպես քաղբանտարկյալ, թե՝ ոչ, կարեւորն այն է, որ դու ինքդ քեզ քաղբանտարկյալ ես համարում, ուրեմն քաղբանտարկյալ ես: Իսկ եթե մարդն իրեն, օրինակ, առյուծ է համարում կամ մրջյուն, ուրեմն առյուծ է կամ մրջյո՞ւն: Ես, օրինակ, մարդ գիտեմ, որին գրեթե ամեն օր հանդիպում եմ երեւանյան փողոցներում, նա իրեն Վան Դամ է անվանում, հենց էդպես էլ ասում է՝ ես Վան Դամն եմ, ուրեմն ի՞նչ, նա Վան Դա՞մն է:

Հասկանալի է, որ քաղբանտարկյալի եւ սովորական բանտարկյալի սահմանագիծը խիստ նուրբ է եւ շատ դեպքերում անտեսանելի, անտեսանելի ոչ թե` որովհետեւ չի երեւում, այլ, քանի որ ոմանք համառորեն չեն ուզում տեսնել /դա էլ, իհարկե, իր պատճառներն ունի/: Բայց, եղբա'յր, Հայաստանում ոչ մեկին չեն ձերբակալում հրապարակում, ինչպես հիմա է մոդա ասել՝ սեփական կարծիքը բարձրաձայնելու համար, եթե անգամ, ըստ այդ կարծիքի, «սրանց բոլորին պետք է վառել, հետո նորից վառել, որ հաստատ վառվեն», եթե անգամ այդ «սրանքը» այսօրվա իշխանություններն են: Եթե ձերբակալեին, ապա մենք կունենայինք քաղբանտարկյալներ, եթե Հայաստանում կուսակցություններ փակեին, ինչպես արել են, օրինակ, Դաշնակցության պարագայում, եւ դրանց անդամներին բանտերում պահեին, ապա մենք կունենայինք քաղբանտարկյալներ, բայց եթե մեկն ասում է` եկեք սրանց գլուխը ջարդենք /ինչն արդեն իսկ Սահմանադրությամբ արգելվում է, ի դեպ/, եւ եթե պայթուցիկ շշեր է նետում ոստիկանության վրա կամ հրում է ոստիկաներին եւ ոչ միայն ոստիկաններին, եւ ոչ միայն հրում է, ապա, կներեք, այդ մարդը խուլիգանություն է անում, եւ նրա ձերբակալությունը խուլիգանի ձերբակալություն է, ոչ թե քաղբանտարկյալի ծնունդ:

Հասկանալի է, անշուշտ, որ մարդիկ, ովքեր խուլիգանություն են անում, ըստ էության, պայքարում են, իրենց կարծիքն են արտահայտում, իրենց բողոքը, բայց փաստն այն է, որ նրանց ձերբակալում են ոչ թե պայքարելու համար, ոչ թե իրենց բողոքը, առավել եւս` կարծիքը հայտնելու համար, այլ խուլիգանության: Մեղադրական հոդվածն էլ, որպես կանոն, լինում է «Խուլիգանություն» կամ «Հասարակական կարգի խախտում»: Ի՞նչ է, չե՞ն խախտում, եւ ի՞նչ է, հասարակական կարգը խախտողներին պատիժ չի՞ հասնում` անկախ նրանից` դաշնակցական են, ՀԱԿԿ-ական են, հանրապետական են, ժառանգական են, թե` Եհովայի վկա:

Ուրեմն ի՞նչ քաղբանտարկյալ, կամ ո՞վ է քաղբանտարկյալը, Վարդգես Գասպարի՞ն: Շատ լավ, իսկ ի՞նչ է ենթադրում դատարանի/թեկուզ ամենավատ, ամենածախված, ամենակաշառված/ որոշմանը, կարգին չհնազանդվելը, այսինքն` ի վերջո, Գասպարիին հո չեն ձերբակալել փողոցում պառկելու համար, ինչը նա կարող է անել, մանավանդ, որ արդեն գարուն է եւ տաք, այլ ձերբակալել էին դատարանի կարգը չընդունելու համար, ինչը, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է բոլորի համար: Ուրեմն ո՞րն է խնդիրը, տղե'րք, երբ ասում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Եղել են, բայց հիմա չկան: Ընդ որում` այս ասողները միայն դաշնակցականները չեն, այսպես ասում է նաեւ Եվրոպայի խորհուրդը, իսկ դա այնպիսի կառույց է, որը որոշում է, թե մարդը որ պարագայում է համարվում քաղբանտարկյալ, որ պարագայում չի համարվում: Ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստանում անազատության մեջ միմիայն եւ բացառապես իրենց քաղաքական «փիս» հայացքների համար, ոչ թե կոնկրետ հանցավոր արարքի: Այդ արարքները նրանք չե՞ն արել, այլ սարքե՞լ են, որ ձերբակալեն: Բայց, եղբա'յր, Շանթ Հարությունյանը, օրինակ նետե՞լ է պայթուցիկ շշեր ոստիկանների ուղղությամբ, դրանով իսկ խախտե՞լ է պետության օրենքը, այո', նետել է եւ, այո', խախտել է: Վարդգես Գասպարին խախտե՞լ է դատական նիստի կարգը եւ դրանով իսկ խախտե՞լ է պետության օրենքը, այո', խախտել է: Ե'վ Շանթին, ե'ւ Գասպարիին հենց այս խախտումների համար են ձերբակալել, ինչը նշանակում է, որ նրանք քաղբանտարկյալներ չեն: Եվ եթե նրանք էլ չեն, ապա ո՞վ է այդ մարդը Հայաստանում, որ քաղբանտարկյալ է… Չէ, իրոք, գուցե կա, գուցե Եվրոպայի խորհուրդը, որն ասում եք` չի սիրում Հայաստանը, չի՞ տեսնում, մե՞նք ենք տեսնում: Իսկ գուցե՝ մենք` բոլորս, քաղբանտարկյալ ենք, ուղղակի մեզ չեք ուզում ասել, որ մեր տրամադրությունը չընկնի՞…

Հովիկ Աֆյան

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica