close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+19°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ է բացահայտում ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը

Թեմա

24 Փետրվարի 2016, 22:00
          Ինչ է բացահայտում ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը

Ի վերջո ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվեց ստորագրման արարողությունից գրեթե անմիջապես հետո։ Թե ինչպիսի արդյունքներ կտա նոր մեկնարկած այս համագործակցությունը, պարզ կլինի ավելի ուշ։ Սակայն համաձայնագրի տեքստի, դրա հիմնական ուղղությունների նախնական, ընդհանրական դիտարկումը արդեն հիմա թույլ է տալիս կատարելու մի քանի էական նկատառում։

  1. Չնայած պորտֆելների վերաբաշխման հարցի շուրջ ավելի վաղ կայացված համաձայնություններին, այս փաստթուղթը ստորագրվեց նկատելի ուշացումով։ Դա ցույց է տալիս, որ կողմերի համար առավել էականը, հետևաբար նաև ավելի դժվարահասը, եղել է համագործակցության սկզբունքների, պայմանների, համատեղ որոշումների կայացման մեխանիզմների, ինչպես նաև օրակարգի շուրջ  կոնսենսուսի ձևավորումը։ Սրանք գործոններ են, որոնք այդ համաձայնագրի կենսագործման և երկու ուժերի համագործակցության արդյունավետության առումով ուղղակի կենսական նշանակություն ունեն և հույս են ներշնչում, որ հռչակված նպատակները թղթի վրա չեն մնա։
  2. Համաձայնագիրը ներառում է հասարակական-քաղաքական օրակարգի հիմնական բոլոր խնդիրները, Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերները՝ սկսված տնտեսության մոնոպոլիզացվածությունից, պետական միջոցների կառավարման անարդյունավետությունից ու կոռուպցիայից մինչև  ժողովրդագրական իրավիճակի աղետալի դրությունը, հայրենադարձության կազմակերպման հրատապությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորումը և այլն։ Չնայած համաձայնագրում նշվում է, որ կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում կառավարության ծրագրերի կատարման համար, սակայն ակնհայտ է, որ հենց այս համաձայնագրով նշված առաջնահերթություններն են առնվազն առաջիկա տարվա ընթացքում լինելու հիմնական անելիքները։ Այլ կերպ ասած՝ համաձայնագիրն իրենից ներկայացնում է գործողությունների ծրագիր։
  3. Կողմերը հավասար պատասխանատվություն են ստանձնում, թե արդարացի ու ժողովրդավարական ընտրություններ ապահովող ընտրական օրենսգրքի ընդունման և թե 2017թ․ կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատշաճ կազմակերպման համար։ Այս հանգամանքը խիստ պարտավորեցնող է և կողմերին ստիպելու է առաջնորդվել նոր օրենսգրքի շուրջ որքան հնարավոր է` լայն քաղաքական կոնսենսուս ապահովելու սկզբունքով։
  4. Ի տարբերություն նախկին կոալիցիաների ձևավորման պայմանների, համագործակցության այս համաձայնագրում հիմնական շեշտը դրված է քաղաքական որոշումների կայացման գործընթացում կողմերի մասնակցության, դերակատարության ձևաչափի վրա։ Հստակ նախանշվում են տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու, հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերը միայն միասնական դիրքորոշում ձևավորելու արդյունքում հաստատելու սկզբունքը։ Դրա պրակտիկ իրականացման համար ընտրվել է ոչ ավելի-ոչ պակաս «համագործակցության խորհրդի» ձևաչափը, որն իր գործունեությունն իրականացնելու է որոշակի պարբերականությամբ անցկացվող նիստերի միջոցով։ Նման ինստիտուցիոնալ մոտեցում հայաստանյան քաղաքական պատմության ընթացքում դրսևորվում է առաջին անգամ, և հստակ ընդգծում մի կողմից  որոշումների կայացման հարցում ոչ երկրորդային դերակատարում ունենալու առումով ՀՅԴ-ի հետևողականությունը, մյուս կողմից՝ այս հարցում իր բացառիկ քաղաքական իրավունքից ինքնակամ մասամբ հրաժարվելու իշխանական ուժի հակվածությունը։ Եթե ավելի պարզ՝ ստեղծվում է մի ձևաչափ, որը բացառում է  որոշումներն այլևս միայն «Մելիք-Ադամյան փողոցում» կայացնելը։ Սա քաղաքական որոշումների կայացման հարցում մենաշնորհի վերացման միջանկյալ լուծում է։ Նման լուծումն առաջին հերթին անհրաժեշտ է ՀՅԴ-ին՝ չհայտնվելու համար մի կարգավիճակում, երբ կիսելով պատասխանատվությունը կայացվող որոշումների համար և դառնալով այդ որոշումների կատարման մասնակիցը` չի ունենում դրա վրա ազդեցության որևէ լծակ։ Այսպիսին էր 2008թ․ ստեղծված քաղաքական կոալիցիայում ՀՀԿ-ից բացի մյուս բոլոր ուժերի կարգավիճակը։
  5. Չնայած թե ՀՀԿ-ն և թե ՀՅԴ-ն հայտարարում են այն մասին, որ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարով է ծավալվում, սակայն այդ մասին համաձայնագրում որևէ ակնարկ չկա։ Պատճառը թերևս, այն է, որ հնարավոր չէ գրավոր համաձայնություն ամրագրել  երկարաժամկետ համագործակցության մասին, քանի դեռ պարզ չէ՝ ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ստանալո՞ւ են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն խորհրդարանում այնպիսի ներկայացվածություն, որ նրանց հնարավորություն կտա մեծամասնություն ձևավորել և մտածել երկարաժամկետ գործակցության մասին։ Այս իրողությունը ենթատեքստում պարունակում է երկու հստակ ուղերձ։ Առաջին՝ որ ընտրությունները չեն կարող կանխորոշված լինել, ինչի մասին իր ելույթում հայտարարել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրորդ՝ որ չնայած քաղաքական հայտարարություններին, այս համագործակցությունն առավելապես կարճաժամկետ, ավելի կոնկրետ մեկամյա հեռանկարով է սկսվել՝ հիմքում ունենալով հատկապես նոր ընդունված Սահմանադրությունից բխող գործընթացներն ապահովելու, ինչպես համաձայնագրում է ձևակերպվում՝ «հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները»։

Ինչևէ, համաձայնագիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական նշանակություն ունի։ Հասարակությունը, ի դեմս այս փաստաթղթի, ձեռք է բերում սկսված քաղաքական համագործակցության արդյունավետությունը չափելու, գնահատելու կոնկրետ գործիք և չափորոշիչ։ Համաձայնագրում հատկապես երկու ուժերի միջև «խաղի կանոնների հաստատման» և համագործակցության խորհրդի ձևավորման վերաբերյալ դրույթների ամրագրումը փաստացի հայաստանյան քաղաքական համակարգ է ներմուծում նոր մշակույթ։ Սակայն առավել քան պարզ է, որ էականը ոչ թե ընդհանուր նպատակների, խաղի կանոնների ամրագրում է նմանատիպ քաղաքական փաստաթղթերում, որոնց օրինակները հասարակությունը տեսել է բազմիցս, այլ դրանց պրակտիկ գործադրումը և դրանց արդյունավետությունը։ Հիմա եկել է հենց դրա ժամանակը։

Գևորգ Դարբինյան         

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica