close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա այդ դեպքը չէ

Հարթակ

23 Փետրվարի 2016, 20:57
 Սա այդ դեպքը չէ

Քաղաքացիական բողոքի երկու տեսակ կա: Առաջինը` երբ գնում ես, ենթադրենք, կոմունալներդ մուծելու եւ տեսնում ես` փոստը փակ է, ու հենց փոստի դիմաց սկսում ես բողոքի ակցիադ՝ առանց կարեւորելու, որ այդ օրը աշխատանքային օր չէ, կամ ժամը ընդմիջման է, կամ փոստի գլխավոր դուռը փոխվել է, եւ հիմա կարելի է ներս մտնել շենքի հետեւի մասից եւ այլն: Այս ամենը կարեւոր չէ, քանի որ տրամադրությունը բողոքելու է, կյանքը բողոքելու է, երկիրն էլ երկիր չէ:

Երկրորդ տարբերակն այն է, որ երբ գնում ես փոստ՝ կոմունալներդ մուծելու, եւ, տեսնելով, որ դուռը փակ է, սկսում ես մտածել, թե ինչո՞ւ է այդպես, գուցե այսօր աշխատանքային օր չէ՞, կամ ընդմիջման ժա՞մ է, կամ գուցե փոստի դռան տե՞ղն են փոխել… Եթե այս բոլորից ոչ մեկը չէ, այլ փոստն ուղղակի փակ է, ապա նոր սկսում ես հենց փոստի դիմաց բողոքի ակցիա անել՝ պահանջելով անհապաղ բացել այն:

Մեր իրականության մեջ քաղաքացիական բողոքի այս երկու դրսեւորումներն էլ կան, առաջինն, իհարկե, ավելի շատ, քանի որ տրամադրությունը բողոքելու է, կյանքը բողոքելու է, երկիրն էլ երկիր չէ: Բայց խնդիրն այն է, որ բողոքի այս դրսեւորումները կարճատեւ կյանք ունեն, քանի որ ժամանակ անց պարզվում է, որ բողոք կա, բայց բողոքելու հիմք չկա:

Օրինակ` վերջերս հասարակական աղմուկ բարձրացավ, որ Ամիրյան 2 հասցեում գտնվող հիներեւանյան շենքը քանդում են, այսինքն` նաեւ այդ շենքն են քանդում: Իրականում Ամիրյան 2-ում շենք էլ չէ, այլ երկհարկանի շինության պահպանված ճակատային հատվածը, որն, ի դեպ, պատմամշակութային հուշարձան է, ինչը նշանակում է, որ այն քանդելու իրավունք որեւէ մեկը չունի: Չունի, բայց քանդում են: Համենայն դեպս, քանդելու դեմ բողոքի ակցիա սկսվեց, աղմուկ բարձրացավ: Պարզվեց, սակայն, որ ոչ ոք չի պատրաստվում քանդել 19-րդ դարի այդ հուշարձանը: Տեղում շինարարություն անող կազմակերպությունը բացատրեց, որ իրականում ապամոնտաժում են, բայց ոչ թե հուշարձանի, այլ միայն խորհրդային տարիներին՝ 1976-ին հուշարձանին կից կառուցված կցակառույցը, որն էլ կօգնի, որ հուշարձանն ավելի երեւացող լինի: Ընդ որում` կառուցապատողի նախագծից եւս երեւում է, որ ոչ ոք հուշարձանը քանդել չէր պատրաստվում, միայն` կցակառույցը, այն էլ՝ հուշարձանն ավելի ի ցույց դնելու նպատակով: Այնպես որ` սա այն դեպքը չէ, երբ երկիրը երկիր չէ:

Կառուցապատողը գուցե ավելի լավ կաներ, որ նախօրոք այս պարզաբանումները ներկայացներ, չնայած կառուցապատողի մեղքը չէ, որ մենք այնպիսին ենք դարձել, որ բողոքում ենք` առանց ճշտելու, թե ինչո՞ւ, գուցե դրա կարիքը չկա՞, գուցե այս պարագայում չե՞ն քանդում: Փաստորեն, այս պարագայում չեն քանդում, իսկ գուցե այլ նման դեպքեր է՞լ կան, ընդ որում` այնպիսի դեպքեր, երբ մենք բողոքում ենք ոչ թե շենքեր քանդելու դեմ, այլ երկիր քանդելու դեմ: Գուցե չե՞ն քանդում: Չենք ասում՝ չեն քանդում, հարցնում ենք…

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica