close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2017
-8°
-2°Ցերեկ
-10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2017
USD1486.33
GBP1605.53
EUR1521.78
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ամեն օր՝ նշանառության տակ ...

Անտեսված ձայներ

29 Հունվարի 2016, 19:42
 Ամեն օր՝ նշանառության տակ ...

Բերքաբերցի Կարինե Ալիխանյանը կարող էր առողջարանային կյանքով ապրել, եթե կրակոցները չլինեին:  Նրա երկհարկանի տունը հենց Ջողազի ջրամբարի ափին է: Տեսարանը շքեղ է, բայց շրջապատված հայերի ու ադրբեջանցիների խրամատներով:  Ընտանիքի վերջին կորուստը կովն էր. « Ես ջհանդամը, բա էն կովին էլ գետնով տվին, նիհարեց-հատավ»:  Փամփուշտն աղիներում գտան՝ բնականաբար սատկելուց հետո:

Տիկին Կարինեն ամենալայն հնարավորություններն ունի իր ավերված պատշգամբից հետևելու՝ ինչ է կատարվում Ջողազի հակառակ ափին, ֆիքսում է նույնիսկ ավտոմեքենաների մակնիշները, որով ադրբեջանցի զինվորականները մոտենում-կրակում են: Կան նաև խաղաղ նպատակներով մոտեցողներ. ձայն են տալիս, անուններով կանչում հայ ծանոթներին: Միայն  թե պատասխանող չի լինում:

Բերքաբերի նախկին հեռախոսավարուհին  33 տարի է՝ լճափի այդ տանն է ապրում: Երկու որդիներն էլ Ռուսաստանում են, նրանց հետևել չի պատրաստվում. «Իմ տունն, իմ ապրուստը ստեղ ա, ուր՞ գնամ »,- ասում է տիկին Կարինեն ու էլի կորցրած կովին հիշում:

«Տունն էլ, այգին էլ՝  հակառակորդի թիրախում են ՝ ավտոմատի պատրոնն  էնա ստեղ ա»,-ասում է… Նախորդ տարի գնդակոծությունից վնասված տանիքի համար փոխհատուցում ստացան, հետո էլ հնով-նորով վերականգնված տանիքը քամին տարավ … Մի խոսքով՝ տանիքի վերականգնումը  Բերքաբերում  անդադար գործընթաց  է: 

Գյուղում ապրող  140 ընտանիքներից շուրջ 120-ը փոխհատուցման գումարներ են ստացել՝ կրակոցներից վնասված տների, մեքենաների, նույնիսկ գերեզմանաքարերի համար:  Բողոքներ լինում են, գյուղապետն էլ դա բնական է համարում. բոլորն էլ ուզում են առավելագույնն ստանալ:  Արթուր Մադաթյանը գյուղի դժվարությունները համարում է ժամանակավոր: Հպարտ է իր համագյուղացիներով, ամենադիմացկուններն այստեղ են, տեղում. «Գյուլլես, գյուղից դուրս չեն գա»:       

Գյուղը ճանապարհ, ջուր, գազ չունի: Բերքաբերցիները փորձում են ըմբռնումով մոտենալ. «Աշխարհը խառնվել է», հիմա թեժ կետերը ամենուր շատացել են, ահաբեկչության վտանգն էլ կա ու կա. «Մենք հլը լավ ենք»,- Մադաթյանն իրեն հույս է տալիս:

Հույս կա, միայն թե հայտարարված հրադադարի տասնամյակները ամենևին էլ չեն մոտեցրել հայ-ադրբեջանական սահմանի խաղաղության ցանկություն : Ընդհակառակը, պատնեշները խորանում են. նախորդ տարի Բերքաբերի միջնակարգ դպրոցի երկայնքով վաթսուն մետրանոց պատ կառուցվեց. դպրոցը ադրբեջանական խրամատներից ուղիղ գծով 800  մետրի վրա է: Գյուղը նաև երկու նոր ապաստարան ունի, տարբեր հատվածներում. «Որոշ չափով ապահովություն կա, եթե իհարկե փոքր զինատեսակներից կրակեն»,- ասում է  գյուղապետը:  Բերքաբերցիները շատ են ուզում, որ այդ ապաստարանները ծառայեն միայն ուրախ առիթների:  Տարածքը բազմամարդ հարսանիք–կնունք-ծնունդի համար էլ  հարմար է:

Իսկ բերքաբերցի Գարուշ Քոչարյանի ու նրա Շարմաղ տիկնոջ համար տարվա ամենամեծ արարողությունը օղի թորելն է … Ռուսաստանում հինգ երեխա ունեն,  Բերքաբերի անուշ մրգերի թունդ հետևանքն այնտեղ էլ կհասնի:   Գարուշ Քոչարյանը գյուղի ամենաթունդ ընդդիմադիրն է, շատ բանից է դժգոհ, հիմա էլ բարկացել է  սահմանը անզգուշորեն հատած կոթեցի Լուսիկ տատիկի վրա՝ թե ինչու է մոլորվել. « Թե շշկլվել ա, դե թող քարովն ընգներ էլի»: Բերքաբերից նման մի դեպք տարիներ առաջ է եղել: Կովերի ետևից գնացած գյուղացին մոլորվել ու սահմանի այն կողմում էր հայտնվել, ադրբեջանցի հին բարեկամն էր օգնության հասել ու Բերքաբերի մոլորյալն անվնաս տուն էր վերադարձել:

Քոչարյանների տունն էլ, մնացած բերքաբերցիների տների պես՝ գնդակոծությունից ավերված,  կիսաքանդ վիճակում է: Տան նույնիսկ հիմքերն են խարխլվել. «Տունը տեղահան ա եղել»,- ասում է տիկին Շարմաղը: Ռուսաստան գնալ-չգնալու մասին շատ են վիճում: Կինն ուզում է, որ ամուսինը խոստովանի՝ այնտեղ ապրել չեն կարող, սովոր չեն, իրենցը  չէ:  Ըմբոստ Քոչարյանը չի նահանջում ՝ կգնար, բայց ճնշումը  կբարձրանա…

 

 Femen-ը լուծարվել է
23 Հունվարի 2017, 16:37 Femen-ը լուծարվել է

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica