Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը եւ Ռոբերտ Բրադկեն (Բեռնար Ֆասիեն ԼՂՀ չի ժամանել) այսօր Ստեփանակերտում հանդիպել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արցախի նախագահի հետ հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ:
Հանդիպումներից հետո համանախագահները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում արծարծված հարցերը, ինչպես նաեւ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած միջադեպը:
«Մենք հաստատել ենք մեր մտահոգությունն այդ միջադեպի կապակցությամբ: Խախտվել է 1994 թվականին ձեռք բերված` հրադադարի մասին համաձայնագիրը, եւ նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է վերացնել նման միջադեպերը,- ասել է Ի. Պոպովը:
Ռուսաստանցի համանախագահը նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...