41 մեծամասնական. ընտրատարածք 6. Հարություն Փամբուկյան
19:40 - 26.01.2012Ընտրատարածքն ընդգրկում է Երեւանի Աջափնյակ համայնքը: Պատգամավոր է 1999 թվականից, երեք անգամն էլ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով: 2007 թվականից ՀՀԿ խմբակցության անդամ է: Հարություն Փամբուկյանը խորհրդարանից ամենաշատը բացակայող պատգմավորն է, ավելի ճիշտ` մշտապես բացակայող:
2010թ. Աշնանային նստաշրջանից ի վեր ԱԺ է եկել ընդամենը 1 անգամ: Այդ «տոնական» օրը քվեարկել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության օրինագծին ու գնացել: Մինչ օրս չկա: Արտասահմանում է: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը արդարացրել է բացակայող պատգամավորներին` ասելով, թե. «Յուրաքանչյուր անձ, առավել եւս` յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե ինչ հաճախականությամբ եւ ինչպես է մասնակցում ԱԺ նիստերին»: Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը: Փառք ու պատիվ բժշկի թուղթ հնարողին, թե չէ` Փամբուկյանը 2008 թվականից պատգամավոր չէր «աշխատի»: Ասում են` նեղացել է, նախագահական ու քաղաքապետի ընտրություններում մեծ գումար է ներդրել` նախարար դառնալու հույսով ու` «քցվել»: Ի դեպ, 2008-ի ընտրությունների ժամանակ, ըստ հրապարակումների, ատրճանակի խզակոթով հարվածել է «Ոգու փորձություն» կազմակերպության Աջափնյակի տարածքային կառույցի ներկայացուցչի գլխին։
«Մեր օրենսդրական դաշտը գնալով ավելի բարենպաստ է դառնում բիզնես ոլորտի կայացման համար: Անցումային տնտեսություն ունեցող երկրներում, բնականաբար, բավարար չէ համապատասխան օրենսդրական դաշտի գոյությունը, անհրաժեշտ է նաեւ ապահովել այդ օրենքները շրջանցելու անհնարինությունը»,- մի առիթով ասել է պատգամավորը: Փամբուկյանի մշակած նման մի օրինագիծ գտնելու փափագով ԱԺ կողմից ընդունված օրենքների 150 էջանոց փաստաթղթում իր անունը գտնելու մեր ճիգերն անցան ապարդյուն:
Ընդհանրապես օրինագիծ չի ներկայացրել: Դատելով այն բանից, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է, հասկանալի է տարին 12 ամիս դրսերում գտնվելը: Հավանաբար, որոշել է խոսքից գործի անցնել եւ գնացել է այդ հարաբերությունները զարգացնելու` իհարկե, սեփական բիզնեսի առաջխաղացման տեսանկյունից: Պատգամավորը, ըստ տեղեկությունների, մշտական բնակության է տեղափոխվել Գերմանիա եւ Մոսկվա` «ամենուր, բացի Հայաստանից» կարգախոսով: Ի դեպ, Հայաստանի Եվրոպական շարժման կողմից 2008թ. արժանացել է տարվա Լավագույն եվրոպացի մրցանակին:
Երկրում ունեցած բիզնեսը, ըստ տեղեկությունների, վաճառել է: Չնայած օրերս լուրեր տարածվեցին, որ պատգամավորը գնել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկին պատկանող Jose ռեստորանային համալիրը` 12 միլիոն դոլարով:
Հայաստան է այցելում հազվադեպ եւ անգամ այդ ժամանակ չի հաճախում ԱԺ: Ինչպես ասում են` գործերը խեղդում են, հո միջից չի՞ ճղվելու հանուն այդ 300 հազար դրամի: Չնայած` դա էլ «կտրին»: ԱԺ նախագահ եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանը քվորում չապահովելուց զայրանալով` «Ֆեյսբուքի» իր էջում 2011թ. ապրիլի 28-ին գրել էր, թե անհարգելի բացակայած պատգամավորի աշխատավարձերից յուրաքանչյուր օր պահումներ են լինելու: Այսպես որ գնա, Փամբուկյանը «մինուսով» դուրս կգա: Այն, որ աշխատավարձ չի ստանում, դա դեռ մեզ` 6-րդ ընտրատարածքի բնակիչներիս, չի սփոփում, որովհետեւ կարող էր նրա փոխարեն լինել մեկը, որ համ կաշխատեր, համ` գումար կստանար:
2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ մեկը կայքով պատգամավորին հարցրել է, թե ինչ կարծիք ունի այդ փոփոխությունների մասին: Մինչ օրս պատասխան չի ստացել: Դե, եթե մարդը Հայաստան է գալիս որպես տուրիստ, նրա ինչի՞ն է պետք` Սահմանադրությունը կբարեփոխվի, թե չէ:
Այժմ ներկայացնենք թիվ 6 ընտրատարածքի մի քանի բնակչի կարծիքը իրենց պատգամավորի մասին:
Սոնա Ղուկասյան - Կյանքում երեսը չեմ տեսել, գիտեմ, որ թենիսի ֆեդերացիայի նախագահն է, բայց էդ ոլորտում էլ հաջողություն չունի երկիրը:
Մարիետա Սողոմոնյան – Ես համբալ ծնվել եմ, համբալ էլ կմեռնեմ, ով էլ լինի իմ պատգամավորը: Կյանքում մի պաշտոնյայի երես չենք տեսնում, որ հարցնենք` էս ի՜նչ օյին եք մեր գլխին խաղում, ուր մնաց` պատգամավորի:
Ռոմիկ Պապիկյան – Պատգամավորների խելքն ու միտքը իրենց բիզնեսներն են, եթե որեւէ փոփոխություն են անում, ուրեմն հաստատ` հօգուտ իրենց: Ես դաժե ուրախ եմ, որ նա ԱԺ չի գնում, մի մարդավնաս օրենք պակաս կընդունեն:
Մարզպետ Հարությունյան - Էդ ո՞նց ա լինում, որ մեր խորհրդարանը հիվանդ պատգամավոր է լցված, մեկը բժշկի թուղ ունի, մեկը գժի թուղթ ունի, մեկը... Լավ, էս երկրում մի առողջ մարդ չկա՞, ասեք` իրեն ընտրենք:
Ի դեպ, 30 հարցվածից 18-ը չգիտեր, թե ով է իր պատգամավորը:
Լուրեր տարածվեցին, որ Հարություն Փամբուկյանը որոշել է չվերադառնալ Հայաստան: Ասում են` նա չի մասնակցի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Թեեւ, ինչ իմանաս. կարող է մասնակցել, հաղթել ու գործի չգալ: Համենայն դեպս, այդպես է վարվում մինչ այսօր:
Վերադառնալ
19:12 - 22/02/2012 Ընտրատարածքն ընդգրկում է Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներն ու 10 գյուղ:Անկախություն` առանց սուր ճոճելու
18:31 - 22/02/2012 Շոտլանդիայի օրինակը "բարի նախանձ" է շարժում միայն:Պայքարը կընթանա երկու իշխանական կուսակցությունների միջեւ
17:12 - 22/02/2012 Ըստ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի` այս ընտրություններում բանաձեւը կլինի հետեւյալը` 2+1+3:"Աբիժնիկները" գնացել են, մնացել են հարմարվողները
16:10 - 22/02/2012 Մեզ մոտ պահպանողական ընտրախավ է ձեւավորվել, որը վախենում է ցանկացած փոփոխությունից:Օսկանյանը ԲՀԿ-ին չի խանգարի
16:05 - 22/02/2012 Սակայն Օսկանյանի անունը Քոչարյանի հետ կապելու հանգամանքը ԲՀԿ-ին մեծ դիվիդենդներ չի բերի:










